Մեր տանը զենք եւ թմրանյութ են փնտրել, իսկ ես որեւէ գործում ներգրավված չեմ

Հատուկ քննչական ծառայության եւ Ազգային անվտանգության ծառայության պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական շրջանակներում տեղի է ունեցել խուզարկություն «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության գրասենյակում։ Նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանը եւ Հայկ Այվազյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ իրենք ժպիտով են վերաբերվում այդ խուզարկությանը, քանի որ այն չունի որեւէ աղերս իրականության հետ։

«Մեր գրասենյակից առգրավել են համակարգիչներ, հիշողության կրիչներ եւ հեռախոսներ, ներառյալ նաեւ սովորական հեռախոս, որի վրա չկա հիշողության կրիչ եւ որով հնարավոր չէ իրականացնել անգամ սովորական ձայնագրություն։ Խուզարկություն եղել է նաեւ Հայկ Այվազյանի տանը, փնտրել են թմրանյութեր եւ զենք։ Կարծում եմ, այս գործի շրջանակներում զենքը եւ թմրանյութը կապ չունեն»,- ասաց Հայկ Նահապետյանը։ Հայկ Այվազյանն էլ հավելեց, որ խուզարկությունը կատարվել է իր ծնողների տանը, որտեղ ինքը գրանցված է, սակայն չի բնակվում։ Իսկ խուզարկությունը իր ծնողների տանը եւ գրասենյակում տեղի է ունեցել միաժամանակ, ներկայացրել են դատարանի հիմնավորումը, համաձայն որի՝ փնտրել են զենք, թմրանյութեր եւ գաղտնալսող սարքեր։ «Տարօրինակ է, որ մեր տանը զենք եւ թմրանյութ են փնտրել, որովհետեւ ես ոչ մի գործում, նույնիսկ որպես վկա, ներգրավված չեմ եղել։ Պետք է փնտրեին այն, ինչ վերաբերում է քրեական գործի բուն էությանը»,- նշեց Հայկ Այվազյանը։ Հայկ Նահապետյանը նշեց, որ խուզարկությունից հետո կազմալուծվել են իրենց նախաձեռնության աշխատանքները, քանի որ հավաքել են համակարգիչները, համապատասխան սարքավորումները։ Հետո նա նշեց, որ իրենք մոտակա ամիսներին պատրաստվում են ԱԺ ներկայացնել «Անչափահասների շրջանում միասեռականների քարոզչությունն արգելող» օրենքի նախագիծ, երկրորդը վերաբերում է նոյեմբերին Հայաստանում կայանալիք ԼԳՏԲ-ի ֆորումին, որի ժամանակ իրենք քարոզչական դաշտում փորձելու են մարդկանց բացատրել այդ ֆորումի վտանգների մասին։ Նա հույս հայտնեց, որ համախոհներն իրենց տրամադրած տեխնիկայի միջոցով կշարունակեն նախաձեռնության աշխատանքները։

Հայկ Նահապետյանը նշեց, որ եթե իրեն եւ Հայկ Այվազյանին տրվի մեղադրյալի կարգավիճակ, ապա դա կապված է իրենց հասարակական գործունեության հետ։ Հայկ Այվազյանն էլ նշեց, որ խուզարկման հիմնավորման մեջ նշված էր ,որ իրենց գրասենյակում առկա են գաղտնալսող սարքեր, եւ իրենց գրասենյակը գործում է խիստ քողարկված կերպով։ Գրասենյակից տարել են նաեւ նախաձեռնության անդամների անձնական համակարգիչները, եւ որեւէ հիմնավոր պատասխան չեն տվել, թե ինչու են տարել նաեւ այդ համակարգիչները։ «Եթե կարծում են, թե մի երկու օր նստեցնելուց հետո մարդիկ կտան իրենց ձեռնտու ցուցմունքները, ապա մեր պարագայում սխալվել են, նույնիսկ եթե փորձեն մեզնից վերցված արխիվում փորձեն գտնել ինչ-որ հիմնավորումներ։ Այն որեւիցե ձեւով չի առնչվելու գործին, իմ անձնական արխիվում չկա որեւէ տեղեկատվություն։ Եթե փորձ արվի ինչ-որ բան սարքել, ապա դա չի ստացվի»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Հետո Հայկ Նահապետյանն անդրադարձավ ՍՈՐՈՍ-ի՝ Բաց հասարակության ինստիտուտի գործունեությանը, ասաց, որ նրանց վնասակար գործունեությանը վերաբերող մի շարք բացահայտումներ են արել։ Նա նշեց, որ նախկին եւ ներկա կառավարությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ֆինանսավորվում են այդ հիմնադրամից։ Հետո ասաց, որ ԵՄ-ն ՀՀ-ին է ուղարկել «ճանապարհային քարտեզ», թե ինչպես ՀՀ-ն բոլոր ոլորտներում պետք է համագործակցի ԵՄ-ի հետ։ Հայկ Նահապետյանին մտահոգում է, որ իրավական եւ այլ փաստաթղթերը մշակվում են ՍՈՐՈՍ-ի կողմից, փոխանցվում Հայաստանին։ ՀԿ-ներից մեկն էլ ղեկավարում է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ներկայացնում հայեցակարգեր մեր կառավարությանը։ Իսկ այս ամենից էլ ելնելով՝ Հայկ Նահապետյանը եկել է այն եզրակացության, որ ՀՀ-ի բազում ոլորտներ գտնվում են արտաքին կառավարման ենթակայության ներքո։

Մեկնաբանություն
X