Ստորագրահավաք մարզպետի «զեմլյակի» դեմ

Օգոստոսի 31-ին Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն: Հիշեցնենք, որ Թեւոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից, եւ աշխատած 32 տարիների ընթացքում նա հասցրել է աչքի ընկնել սկանդալային պատմություններով: Գյուղապետն իր անունով է կոչել գյուղի երաժշտական դպրոցն ու կենտրոնական փողոցներից մեկը։ Վերջերս էլ որոշել է գյուղի անունը փոխել՝ Նոր Գեղին դարձնել Նոր Քղի:

Սեպտեմբերի 5-ին Նոր Գեղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Պապյանը, ով, ըստ տեղացիների, մարզպետի համագյուղացին է: Նոր պաշտոնակատարի նշանակումից հետո գյուղում իրավիճակը լարվել է: Օրեր առաջ գյուղացիները փակել էին գյուղապետարանի շենքը եւ չէին թողնում աշխատակիցներին ժամանակավոր պաշտոնակատարին ներս մտնել: Նրանք պահանջում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի բացատրի, թե ինչու է ընտրությունների օրը հետաձգվել։ «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ներկայացնելիս բոլորի ներկայությամբ մարզպետը հայտարարեց, որ պետք է ամսի 21-ին լինի ընտրություն: Պահանջում ենք, որ մարզպետը բացատրի, թե ինչու մյուս համայնքներում ընտրությունները հոկտեմբերի 21-ին են, մեզ մոտ՝ փետրվարին: Թող մարդիկ թեկնածություն դնեն, ով կանցնի, թող անցի, ոչ թե վերեւից դնեն մեր գլխին, ասեն՝ էսա ձեր գյուղապետը: Նախկինի արատավոր երեւույթները շարունակվում են՝ քավոր, սանիկ, գյուղացի, բարեկամ․ մենք դա չենք ուզում: ՀՀԿ-ից դուրս եկանք՝ ընկանք ՀՀԿ-ի ջեբը: Չի բացառվում, որ մի օր էլ դպրոցի տնօրեն կազատեն, որ իրենց բարեկամին տեղավորեն: Հիմա գյուղում ստորագրահավաք ենք անում, որ մեր ուզած մարդը լինի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Աշոտ Գրիգորյանը, մինչեւ ընտրություն լինի»,- ասում էին գյուղացիները:

Գյուղացիների բողոքից հետո մարզպետը հանդիպել է նրանց եւ ասել, որ եթե գյուղացիների մեծամասնությունը ստորագրահավաք անի, ինքը կփոխի իր որոշումը, եւ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի այն մարդը, ում գյուղացիներն են ցանկանում:

Ֆրոնտիկ Թեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առողջական խնդիրների պատճառով է հրաժարականի դիմում գրել։ «Տարիքս է, առողջական խնդիրներ ունեմ, դրանից էլ հրաժարական տվեցի: Նոր Գեղիի ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետի համագյուղացին է, գյուղում է ապրում: Ես, ամեն բան հաշվի առնելով, հրաժարականի դիմումը շուտ գրեցի, որ ընտրությունները լինեին հոկտեմբերի 21-ին: Մտածեցի՝ 2 ամիս թող պաշտոնավարի, հետո արդար ընտրություններ լինեն: Իմ կարծիքով, հրաժարականիս դիմումն ուշ են ուղարկել, եւ ընտրությունների ժամկետը փոխվել է փետրվարին: Դրա համար էլ գյուղացիները բունտ են անում, չէին թողնում, որ ժամանակավոր պաշտոնակատարը գյուղապետարան մտնի: Այս պահին հանգիստ է գյուղում իրավիճակը, սկսել են ստորագրահավաք նոր ժամանակավոր պաշտոնակատարի դեմ»,-ասաց նախկին գյուղապետը:

Փորձեցինք զրուցել նաեւ Վարդան Պապյանի հետ, սակայն ժամանակավոր պաշտոնակատարը ժամանակ չուներ մեզ հետ խոսելու: Խնդրեցինք պատասխանել, թե ինչու համայնքում իրեն չեն ընդունել։ «Ո՞վ ասաց, որ չեն ընդունել: Ներեցեք, ես խորհրդակցության եմ»,- եղավ պատասխանը:

Նոր Գեղիի բնակիչ Աշոտ Գրիգորյանը, ում գյուղացիներն ուզում են որպես համայնքի ղեկավարի ԺՊ տեսնել, մեզ հետ զրույցում ասաց. «Այս պահին մեզ մոտ կան համայնքի բնակչության մեծամասնության ստորագրությունները: Մենք չենք ցանկանում, որ ինչ-որ քաղաքական ուժ փորձի որեւէ ներգրավվածություն ունենալ այս խնդրին: Սա համարում ենք մեր համայնքի խնդիրը: Մարզպետը եկել է, մեզ հետ խոսել է, մեզ տարբերակ է առաջարկել, մենք էդ տարբերակով փորձել ենք ստորագրություններ հավաքել: Դեռեւս չենք ներկայացրել մարզպետարան: Կներկայացնենք, պատասխանը կստանանք, ըստ դրա՝ արդեն հրապարակումներ կանենք»:

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեկնաբանություն
X