«Հրապարակ». Մեկ ամիս էլ չպաշտոնավարեց

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայի տնօրեն դարձած Գեւորգ Սիմոնյանը, որն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմներից է, մոտ մեկ ամիս պաշտոնավարելուց հետո կոնֆլիկտի մեջ է հայտնվել հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Արա Մինասյանին փոխարինած Արման Հովակիմյանի հետ։ Վերջինս նույնպես Արսեն Թորոսյանի «մարդն» է։ Պոլիկլինիկայի երիտասարդ տնօրենը հրաժարվել է կատարել Հովակիմյանի հրահանգները, փորձել է ինքնուրույն իրականացնել գնումների գործընթացը, կադրային քաղաքականությունը եւ առաջացած հակասությունների արդյունքում հեռացել է։

Մենք զանգահարեցինք պարոն Սիմոնյանին։ Երբ նա պարզեց, որ իր հետ զրուցողը լրագրող է, ասաց․ «Հավատացեք՝ չեմ ցրում, ավելին՝ հաճույք եմ ստանում Ձեզ հետ զրույցից, սակայն կես ժամից կխոսենք»։ Ուզում եք խորհրդակցե՞լ նախարար Թորոսյանի հետ։ «Ոչ, դիմացս մարդ կա, խոսում ենք»։ Կես ժամից զանգեց, հորդորեց․ հարցերը՝ միայն գրավոր։ Ապա օպերատիվ պատասխանեց գրավոր հարցերին․ «Ի պատասխան Ձեր գրավոր հարցման` տեղեկացնում եմ, որ աշխատավայրի փոփոխությունն անձնական որոշումս է, եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանի հետ չունեմ որեւէ տարակարծություն կամ կոնֆլիկտ: Ինչ վերաբերում է այն «տեղեկությանը», թե կնիքը վերցրել եմ հետս` այդպես չէ։ Տվյալ պոլիկլինիկայի ղեկավարն առհասարակ կնիք չունի։

Վերջին հարցի մասով` ասում են, որ ես Արսեն Թորոսյանի «մարդն» եմ։ Ասեմ, որ ինձ համարում եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիմակիցը, բայց ոչ նրա «մարդը»: Ավելին ասեմ՝ ես Գրետայի մարդն եմ»։ Իսկ հնարավո՞ր է, որ հենց փաստաթղթերը կնքելու շուրջ է եղել ԲԿ տնօրենի ԺՊ-ի հետ Ձեր անհամաձայնությունը։ «Ոչ, չկա նման բան»։

Մեկնաբանություն
X