Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնությունը վերցրել է ձեռքը, Սերժ Սարգսյանը հետեւում է

Մեր աղբյուրներն ասում են, որ չնայած նախկին սառույցը հալվել է նախկին զինակիցների՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, սակայն նրանք գրեթե չեն հանդիպում։ Խոսում են՝ մեկ հանդիպման մասին, սակայն դա էլ կասկածանքով են ասում։ Իրականում՝ Քոչարյանի թիմն ակտիվացել է եւ քաղաքական ու լրատվական քաղաքականություն է մշակել, իսկ ՀՀԿ-ում բավականին պասիվ են, քանի որ Սերժ Սարգսյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել ակտիվանալու մասին։ Առհասարակ՝ երկու նախկին նախագահները գործում են իրենց բնույթին խիստ հավատարիմ․ Քոչարյանը վճռական ու անողոք, Սարգսյանը՝ սպասողական ու պասիվ։ Ու թեեւ ՀՀԿ-ն շատ ավելի մեծ թափով ակտիվանալու ռեսուրս ունի՝ հաշվի առնելով խորհրդարանում հսկայական ներկայացվածությունը, սակայն հոգեբանական խնդիրները դեռ չի հաղթահարել եւ միասնական տակտիկա էլ չունի։ Միայն անորոշ որոշում ունեն՝ կամաց «ոտքի կանգնել»՝ թույլ չտալ «որեւէ անօրինական քայլ երկրի, պետականության, պառլամենտի նկատմամբ»։ Ինչն առաջին հերթին նշանակում է կանխել սահմանադրական փոփոխությունները։ Ըստ ՀՀԿ-ական մեր աղբյուրի՝ եթե նման գործընթացներ սկսվեն, իրենք միակամ դեմ են քվեարկելու, կամ նիստի չեն գնալու, «եթե Նիկոլը որոշի ժողովրդին հերթական անգամ բերել-հասցնել պառլամենտի մատույցներ»։ Նրանք նեղ միջավայրում ասում են․ «Էս Նիկոլենց համար մայիսը չի, էն ժամանակ մենք իշխանության էինք, չէինք կարող երկրում անիշխանության, անարխիզմի ալիք թույլ տալ, հիմա այդպես չէ։ Հիմա իշխանության է Նիկոլը, թող ինքը մտածի այդ ամենի մասին, ու եթե ժողովուրդ է հանելու պերմանենտ՝ ժողովրդի մյուս մասի՝ «սեւերի» դեմ իր վերարտադրությունն ապահովելու համար, պիտի երկար մտածի՝ թե՛ ներքին աուդիտորիայի, թե՛ արտաքին աշխարհի կողմից տրվելիք գահատականների մասին»։

Մեկնաբանություն
X