Խաչատուրովին հավասար տղա ա, բայց ուրախ եմ, որ Վաչագան Ղազարյանին հավասար չի․ պաշտպան

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Համբարձումյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իրենց համար որոշ չափով անսպասելի էր դատարանի նման որոշումը․ մեկ ամիս առաջ նույն դատավորը կալանքը երկու ամսով երկարացնելու որոշում էր կայացրել․ «Որոշ առումով անսպասելի էր, իհարկե։ Այն հիմնավորումները, որոնցով ազատ արձակվեց Դավիթ Համբարձումյանը, կիրառելի էր նաեւ կալանք ընտրելուց, կարող էր կալանք հանգիստ չընտրել, մերժել այդ կալանավորումը։ Եվ 2 ամսվա մեջ քննչական մարմինները որեւէ էական ապացույց չեն ներկայացրել Դավիթի դեմ։ Հաշվի առնելով դատավորի անձը՝ անսպասելի էր»։

Դավիթ Համբարձումյանը հենց նույն օրը 5 միլիոն դրամ գրավը վճարել է եւ այժմ էլ անցել է քաղաքապետի պարտականությունների կատարմանը։

Հարցին՝ մեղադրանքի հիմքում ի՞նչ ապացույցներ կան, պաշտպանը նշեց․ «Ներկայացնում էին մի քանի ցուցմունք, որոնք հետագայում առերեսման ժամանակ հերքվում էին, բավականին իրարամերժ են։ Ընդամենը շատ քիչ են, 2-3 հոգի են, իրար հակասող ցուցմունքներ են տալիս, իրականությանը չհամապատասխանող։ Տեսանյութեր կան, որոնք ամբողջը համացանցում են։ Այդ տեսանյութերից ոչ մեկում Դավիթ Համբարձումյանը չկա»։

Անդրադառնալով կիրառված գրավի չափին՝ մեր զրուցակիցը նշեց, որ իրենք չափ չէին միջնորդել, թողել էին դատարանի հայեցողությանը. «Դե Խաչատուրովին հավասար տղա ա փաստորեն, շատ ուրախ եմ, որ Վաչագան Ղազարյանին հավասար չի։ Կարեւորը, որ Դավիթը ազատության մեջ է հիմա, այդքան չենք անդրադառնում այդ հարցին էլի»։

Տիգրան Աթանեսյանը չկարողացավ նշել՝ մեղադրող կողմը կբողոքարկի՞ որոշումը, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ Մասիսի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն):

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X