Հայկ Մարությանը կընդունի մարտահրավերը

Արդեն մի քանի օր է, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քաղաքական բանավեճի մարտահրավեր է նետում Հայկ Մարությանին՝ ասելով, որ եթե տղամարդ է, ապա թող գա բանավեճի՝ առանց հզոր լիդեր Նիկոլ Փաշինյանի։

Երեկ «Հրապարակի» հարցին, թե ինչու Մարությանը չի ընդունում մարտահրավերը և ինչո՞վ է պայմանավորված Մարությանի կողմից առաջադրված այն պայմանը, որ պետք է մյուս 11 քաղաքական ուժերի ներկայացուցիրներն էլ մասնակցեն այդ բանավեճին, Հայկ Մարությանը պատասխանեց․

«Խնդիրը հավասարության մեջ է, մեր թիմը գտնում է, և ես էլ անձամբ գտնում եմ, որ մենք 12 թեկնածու ենք, և ես ունեմ 11 հավասար օպոնենտ։ Այո, ես պատրաստ եմ բանավիճելու, և մեծ հաճույքով կբանավիճեմ, բայց 11 օպոնենտի հետ, ես չեմ ուզում որևէ մեկին առանձնացնել, որևիցե մեկին նախապատվություն տալ, ես չեմ ուզում, որ լինի անարդար պայմաններ իմ այս 11 օպոնենտների մեջ։ Ես ուզում եմ, որ հարթակ լինի, որ բոլորս մեկ տաղավարում, հավասար պայմաններում, հավասար ժամանակահատվածում բանավիճենք»։

Մարությանի այս ցանկությունը ի կատար ածելու առաջարկով հանդես եկավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հեղինակ և վարող Դավիթ Սարգսյանը՝ մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրելով․

«Քանի որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը պնդում է, որ բանավեճի կգնա միայն մնացած 11 ուժերի քաղաքապետի թեկնածուների հետ միաժամանակ, իսկ բանավեճը կազմակերպող չկա, ե՛ս եմ առաջարկում ընդունել այդ բանավեճը «Երկրի հարցը»-ում և կազմակերպել այն ուղիղ եթերում: Բոլոր թեկնածուները հիմնավորում են բանավեճի գնալու կարևորությունը, ուրեմն հնարավորինս կարճ ժամկետում սպասում եմ մասնակից 11 ուժերի հաստատմանը, որ իրենց առաջին համարները կգան բանավեճի, և այդ դեպքում ինձ կմնա դիմել միայն Հայկ Մարությանին: Քարոզարշավին ընդամենը հինգ օր է մնացել, այնպես որ՝ արձագանքե՛ք»։

Արձագանքողներ էլ եղան․ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Ռեֆորմիստներ» կուսակցությունները, «Լույս» և «Երևանի հանրություն» դաշինքները պատրաստակամություն հայտնեցին մասնակցել բանավեճին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն էլ ասաց, որ շուտով բանավեճի մասով նորություն կլինի։

Այսօր արդեն Վահան Կոստանյանից տեղեկացանք, որ Մարությանը ընդունելու է բանավեճի առաջարկը, նա նաև տեղեկացրեց, որ այլ հեռուստաընկերություններից նույնպես եղել են բանավեճը կազմակերպելու առաջարկներ։

Կոստանյանին հարցրինք, թե հնարավո՞ր է, որ, օրինակ, որևէ կուսակցություն ինչ-ինչ պատճառներով չկարողանա կամ չցանկանա մասնակցել բանավեճին, և իրենք պայմանավորվածությունը չեղարկեն, Կոստանյանը նշեց, որ դեռ քննարկում են այդ հարցերը, և ներկայիս դրությամբ կարող է ասել, որ եթե բոլոր քաղաքական ուժերը ներկա լինեն, ապա Մարությանը կընդունի առաջարկը։

Մեկնաբանություն
X