Երանի սխալվեինք

Երկակի ստանդարտներ, անհավասար մրցակցություն, օրենքի առաջ ոչ միանման պատասխանատվություն, հովանավորչություն, մարդկանց յուրայինների եւ օտարների բաժանել, ոչ թե ըստ աշխատանքի, այլ գործատուի կամայականությամբ վարձատրություն։ Այս ամենից եւ էլի շատ այլ բաղկացուցիչներից է կազմված արդարության գաղափարը։ Երբ այս շղթան 1-2 տեղ ճաք է տալիս, հանրային գիտակցության մեջ արմատանում է այն կարծիքը, որ երկրում անարդարություն է տիրում։ Երբ տասնյակ լրատվամիջոցներ տեղադրում են հայտնի գաղտնալսման ձայնագրությունը, իսկ Քննչական կոմիտեն ու ոստիկանությունն այցելում է նրանցից մեկին, որի անունը կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, ու 6-ժամյա խուզարկությունից հետո առգրավում համակարգիչները՝ խոչընդոտելով կայքի գործունեությանը, դժվար է միտում չտեսնելը։ Եզրակացությունն էլ գալիս է ինքնաբերաբար՝ կա՛մ վախեցնում են, կարեւոր չէ ում՝ Ռ․ Քոչարյանին, լրատվամիջոցներին, իշխանություններին քննադատող տարբեր անձանց, կա՛մ՝ հանրային էյֆորիան, ուստիեւ իրենց «հակակոռուպցիոն» ռեյտինգը բարձր պահելուն ուղղված քայլեր են անում։

Ի վերջո, ինչպես Հովիկ Աբրահամյանի Մխչյանում հայտնաբերված զենքերի փորձաքննության պարագայում է, ստիպված են լինելու հրապարակել խուզարկության, առհասարակ՝ քննության արդյունքները։ Եվ, ի վերջո, հանրությանը հայտնի է դառնալու, որ Yerevan․today կայքն ու խմբագրակազմը որեւէ առնչություն չունեն այդ գաղտնալսման եւ գաղտնալսողների հետ։ Իսկ սա այն դեպքերից է, որ շատ ավելի լավ կլիներ՝ ունենար։ Քանզի այդ պարագայում մենք բոլորս չէինք կորցնի վստահությունն իրավապահների նկատմամբ եւ կզրկվեինք կատարվող իրադարձություններին «քաղաքական հետապնդում» անվանելու հնարավորությունից ու հարգանքով կլցվեինք իշխանությունների հանդեպ։

Մեկնաբանություն
X