Սովորենք վրացիներից

Ողջ աշխարհում զբոսաշրջությունը մեծ վերելք է ապրում՝ դառնալով լուրջ եկամտի եւ տնտեսական աճի աղբյուր։ Մեզանում էլ կա, անշուշտ, որոշակի աճ, բայց տասնապատիկ զիջում է այլ երկրներին, մասնավորապես՝ հարեւան Վրաստանին։ Տարեկան 7-8 միլիոն մարդ է մտնում Վրաստան՝ հանգստանալու, զբոսնելու, փող ծախսելու։ Թբիլիսին ուղղակի զբոսաշրջության համար «ծնված» քաղաք է, եւ մեր պաշտոնյաները պետք է շատ բան սովորեն մեր հարեւաններից։

Սակայն Երեւանը կարող է մրցել մեր հարեւան երկրի մայրաքաղաքի հետ, եւ զբոսաշրջիկների հոսքը կարող է մեզ չշրջանցել։ Դրա համար հարկավոր է հասկանալ, թե ինչն է տուրիստին տանում Թբիլիսի՝ չբերելով Երեւան։ Երբ անկողմնակալ հայացքով նայում ես, հասկանում ես, որ պատճառը ոչ այնքան պատմամշակութային կոթողներն են՝ դրանցից Հայաստանը հարուստ է, ոչ էլ մաքրությունն ու հյուրընկալությունը՝ հաստատ Երեւանը Թբիլիսիից ավելի մաքուր է, եւ հայ ազգն էլ վրացիներից հյուրասեր է։

Թբիլիսին իր հյուրերին կարողանում է զբաղեցնել եւ դա անում է շատ մատչելի ու կազմակերպված։ Ամենուրեք հյուրանոցներ ու հյուրատներ են՝ ցանկացած եկամտի ու ճաշակի տեր մարդկանց պահանջները բավարարող։ Քաղաքը ողողված է լույսերով եւ հատկապես երեկոյան շատ գեղեցիկ է՝ երեւանյան խավարի համեմատ։ Իսկ զբոսաշրջիկները երեկոյան ժամերին եւ ողջ գիշերը զվարճությունների մեծ ընտրություն ունեն՝ միայն Շարդեն թաղամասը բավական է, որ մարդը մեկ անգամ Թբիլիսի այցելելուց հետո ուզենա նորից ու նորից վերադառնալ։ Իսկ ի՞նչ ենք մենք առաջարկում մեր երկիր ժամանած հյուրերին՝ գրեթե ոչինչ։ Ժամը 12-ին համարյա բոլոր ռեստորան-սրճարանները փակվում են, պարելու-ուրախանալու տեղեր չկան։ Եվ շրջագայելու համար մի քանի պատմական վայրից բացի առաջարկելու ոչինչ չունենք։

Մեկնաբանություն
X