Իսկ կարո՞ղ են ոստիկանապետին էլ նույն կերպ պառկեցնել ասֆալտին և զենքերը ստուգել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ Դավիթաշենում «Իմ քայլը» հանրահավաքի ժամանակ հարթակից երկու ժամ ժամանակ տվեց ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին՝ օլիգարխներին զինաթափել, նրանց թիկնապահներին «փռել ասֆալտին», և այդ ամենը գցել «յութուբ»։ Եվ հաջորդ օրը, ոչ երկու ժամ անց, ոստիկանությունը սկսեց դիմակավորված անձանցով «ռեյդեր» իրականացնել՝ որոշ դեպքերում մի քանի հայտնի անձանց թիկնապահների պառկեցնելով գետնին։ Օսիպյանն ասաց, որ իրենք այդ գործողությունները իրենք միշտ էլ իրականացրել են, անի որ օպերատիվ տեղեկութուններ են ստանում, որ այս կամ այն անձը իր մոտ զենք է պահում, և այդ գործողություններով ստուգում են՝ այդ զենքն օրինակա՞ն է, թե՞ ոչ։

Hraparak.am-ը հարցրեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ քանի՞ անգամ է վարչապետը իրեն հանրահավաքի ժամանակ հարթակից հրաման-հանձնարարականներ տվել, և արդյոք ընթացակարգը թո՞ւյլ է տալիս՝ զինվորականին նման կերպով հրահանգներ տալ։ «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»,-ասաց Օսիպյանը։

-Ինչո՞ւ։

-Ես իմ վերադասի գործողություններն իրավասու չեմ մեկնաբանել։

-Մենք կարո՞ղ ենք կասկածի տակ դնել՝ արդյոք դա օրինակա՞ն հրահանգ է, թե՞ ոչ։ Ուզում ենք հասկանալ՝ հնարավո՞ր է հարթակից ոստիկանապետին հրահանգել «պառկեցնել մարդկանց ասֆալտին», և արդյոք դա պատշա՞ճ ձև է մարդկանց հանձնարարականներ տալու։

-Ես վարչապետի հանձնարարականների մեջ անօրինական հանձնարարականներ մինչև առ այս պահը չեմ տեսել։

-Դուք կարո՞ղ եք առանց թիկնապահների ազատ զբոսնել մեր երկրում, ցանկացած ժամի։

-Իհարկե։ Ես էդպես էլ անում եմ շատ ժամանակ։

-Պարոն Օսիպյան, ամեն դեպքում դուք այս ամենի մեջ շոու չե՞ք տեսնում, թե՛ վարչապետի հանձնարարականի, թե՛ ոստիկանության գործողությունների մեջ, քանզի մամուլում այդ ամենը որակվում է որպես «ռեյդ-շոու»։

-Հարգելիներս, շոու անելու էնքան ձևեր կան, բայց ես իմ գործունեության ընթացքում երբևիցե նման շոուներով չեմ զբաղվել, առաջնորդվել եմ բացառապես օրենքով, իսկ էդ շոումեններին դուք՝ ինքներդ, երևի ավելի լավ գիտեք, և ամեն կերպ բոլորը փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ ոստիկանությունը չի աշխատում, էս ամիսների ընթացքում չգիտեմ ինչերով ա զբաղվում։ Ուրեմն, վստահեցնում եմ ձեզ, ոստիկանությունը երբևիցե չի աշխատել նման ձևով, ոնց որ հիմա է աշխատում։

-Եթե ոստիկանությունը տեղեկություն ստանա, որ Ձեզ մոտ էլ զենք կա, կարո՞ղ են Ձեզ էլ կանգնեցնել, ասֆալտին պառկեցնել Ձեզ, կներեք նման ձևակերպման համար, փորձեն ստուգել դրա օրինականությունը։

-Դուք Ձեզ հակասում եք, հարգելիս, այ Դուք եք շոու անում, ուզում եք Ձեր հարցով շուո սարքել։ Եվ խորհուրդ կտամ, հարգելի լրագրողներ, կան լրագրողներ, որոնք փորձում են ինչ-ինչ չգիտեմ ինչի հետ կապված, ինչը ինչից ելնելով, մի փոքր բանը մեծ դարձնել և հակառակը։

-Տրամաբանությունն եմ ուզում հասկանալ, պարոն ոստիկանապետ։

-Հարգելիս, ես ոստիկան եմ, յուրաքանչյուր ոստիկան իրավունք ունի զենք ունենալ, պա՞րզ է։

-Գուցե այլ զենք ունեք, որն օրինական չէ։

-Ես կարող ա անօրինական զենք էլ ունենամ, կարող ա մեկ ժամ առաջ ինձ որևիցե է մեկը զենք ա փոխանցել, և ես այդ զենքը տանում եմ համապատասխան․․․

-Հիմա դա կարո՞ղ են ստուգել։

-Չեք լսում, կարող է ինձ մոտ հենց հիմա զենք կա, եկեք չբացառենք։ Կարող ա որևէ մեկը ինձ զենք ա փոխանցել, որ պարոն ոստիկանապետ, նոր զենք եմ գտել, ես չգիտեմ՝ դա օրինակա՞ն է, թե՞ ոչ։ Բայց ես ոստիկան եմ, իրավունք ունեմ կրելու էդ զենքը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X