Իսրայելի պաշտպանության նախարարը տեսչակա՞ն այց է կատարել

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջան է այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանը: Նա հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Քննարկվել են ռազմական համագործակցության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Դա է, համենայն դեպս, պաշտոնական տեղեկատվությունը: Բայց աչքի է զարնում մի հանգամանք. հաջորդ օրն Իսրայելի պաշտպանության նախարարին հյուրընկալել են Ադրբեջանի պետական սահմանահապ ծառայությունում: Այդ առթիվ տարածված հաղորդագրության մեջ սաված է բառացիորեն հետեւյալը. «Պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Գուլիեւն իսրայելական պատվիրակությանն է ներկայացրել Ադրբեջանի պետական սահմաններում առկա օպերատիվ իրավիճակը»:

Սույն տեղեկատվությունը, կարծես, բացահայտում է Իսրայելի պաշտպանության նախարարի ադրբեջանական այցի բուն նպատակը: Հարկ է նկատի ունենալ, որ Ադրբեջանը սահման ունի Իրանի հետ, իսկ վերջինս Իսրայելի կողմից դիտարկվում է որպես թշնամի պետություն: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ Իսրայելի հատուկ ծառայություններն Ադրբեջանի տարածքն օգտագործում են Իրանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու համար: Կային ակնարկներ անգամ, որ Ադրբեջանը Իսրայելի հատուկ նշանակության զորքերին ենթակառուցվածքներ է տրամադրել եւ Իրանի դեմ պատերազմի դեպքում իսրայելական օդուժը կարող է օգտվել ադրբեջանական ռազմաօդանավակայաններից: Վերջին ժամանակներս Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է:

Այս համատեքստում տրամաբանական է թվում, որ Իսրայելի պաշտպանության նախարարին հետաքրքրել է Իրան-Ադրբեջան սահմանի օպերատիվ իրավիճակը, եւ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տնօրենն էլ զեկուցել է մանրամասնությունները: Ստացվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարը ոչ թե պաշտոնական, այլ տեսչական այց է կատարել Ադրբեջան, ինչը վկայում է, որ երկու երկրների հարաբերություններում իսրայելական կողմը հանդես է գալիս թելադրողի դերում: Իսկ թե ինչպես դրան կարձագանքի Իրանը, հավանաբար կհասկացվի այդ երկրի կողմից առաջիկայում ադրբեջանական ուղղությամբ կատարելիք քայլերից: Մանավանդ որ ադրբեջանցի պաշտոնյան Իսրայելի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական «տարածքների օկուպացիայի» վրա՝ դա համարելով «սահմանային սպառնալիք»: Խոսքն ակնհայտորեն Իրանի հետ Արցախի սահմանի մասին է:

Մեկնաբանություն
X