Նախկին պաշտոնյաները Գերմանիայում դատվում են նույն կերպ, ինչ մյուս քաղաքացիները

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի եւ ՀՀ արդարադատության նախարարության՝ այսօր համատեղ կազմակերպած քննարկման ժամանակ, որին մասնակցում էին Քառլսռուհեի ՔԿՀ ղեկավար Թոմաս Մյուլլերը եւ Բադեն-Վյուրթեմբուգի քրեակատարողական կրթական կենտրոնի ղեկավար Հայնց Բրյուխեն, Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե Գերմանիայում ինչպես է լուծվում այն կալանավորների հարցը, որոնք պնդում են, թե իրենց անարդարացի են դատել եւ պետք է արդարացվեն։

«Հետեւյալ սկզբունքն է գործում՝ եթե օրինական վճռով է դատապարտվել անձը, ապա շատ քիչ գործերի դեպքում է վարույթը վերսկսվում, պետք է ի հայտ գան նոր ապացույցներ։ Բավական չէ, որ դատապարտյալը պնդի, որ վկաների ցուցմունքները ճիշտ չեն, դա բավարար պայման չէ իրավական ուժի մեջ մտած վճիռը չեղարկելու համար։ Եթե ես միջնորդեմ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, ապա պետք է հանդես գամ հիմնավորված փաստարկներով»,- ասաց Մյուլլերը։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե Գերմանիայում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելու, կալանավորելու ընթացակարգերը եւ ՔԿՀ-ում պահման պայմանները տարբերվո՞ւմ են շարքային քաղաքացիների պայման պայմաններից։

«Ոչ, տարբերություն չկա, ի՞նչ հիմքեր կան, որ տարբերություններ լինեն, բոլորն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ։ Միայն երբ ՔԿՀ-ում հայտնվում է նախկին բանտապահը, նրան տեղափոխում են այլ դաշնային հանրապետության ՔԿՀ, որպեսզի չառաջանան խնդիրներ»,- ասաց Թոմաս Մյուլլերը։

Մեկնաբանություն
X