Ով էլ ակտիվիստ ա, խոսում ա՝ աշխատանքից հանում են կամ տեռորի ենթարկում

Այսօր առավոտից «ԳեոՊրոՄայնինգԳոլդ» ընկերության աշխատակիցները ցույց են իրականացնում ընկերությունում՝ կանգնեցնելով աշխատանքը։ Մենք կապ հաստատեցինք ընկերության Ավտոմատիկայի բաժնի պետ Դարբինյան Վաչագանի հետ, ով նշեց․ «Կանգնած ա գործարանը, կանգնացրել ենք գործարանը։ Երկու անգամ դիմում-բողոք ենք ներկայացրել՝ օգոստոսի 8-ին և 29-ին տեղի ունեցող անօրինությունների համար, որոնք արվում են գործարանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»։

Մենք փորձեցինք ճշտել, թե ի՞նչ անօրինականությունների մասին է խոսքը, պարոն Դարբինյանը պատասխանեց․«Ջուր են կտրում, աշխատավարձ են կրճատում, պրեմիաներն են կտրում, շինծու գործեր են հարուցում՝ անհիմն, անհասցե»։

Դարբինյանի խոսքով, իրենց երկու դիմում-բողոքները մնացել են անպատասխան, զգուշացրել են, որ կդադարեցնեն աշխատանքը, բայց ոչ մի արձագանք։

Վաչագան Դարբինյանի խոսքով, նրանց հիմնական պահանջը անվտանգության ծառայության պետին հեռացնելն է, մինչև նրա նշանակվելը այդպես չի եղել։

«Մարդկանց տեռորի են ենթարկել։ Ով էլ ակտիվիստ ա, խոսում ա՝ աշխատանքից հանում են կամ տեռորի են ենթարկում։ Իրանք մեզ ասում են՝ չեք ուզում, կանգնացրեք գործարանը,սաղիդ ազատում ենք գործից»։ Մենք հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են իրենց այդպիսի պատասխան տվել, պարոն Դարբինյանը պատասխանեց ընկերության տնօրեն Աշոտ Ասլանյանն ու գլխավոր տնօրենի տեղեկալ Ցվետկովսկ Անդրեյը։

Մեր այն հարցին, թե ի՞նչ են շարունակելու անել, ինչպե՞ս են պատկերացնում իրենց հաջորդ գործողությունը, պարոն Դարբինյանն ասաց․

«Դե էսօր ամբողջ օրը չենք աշխատելու։ Եթե բան չփոխվի, ուրեմն բնապահպանների կկանչենք, քրեական գործերից էլ կկանչենք, թող գան, քննեն։ Շատ հարցեր կան։ Մենք ուզում ենք մարդիկ նորմալ աշխատավարձ ստանան, գնան իրենց տուն»։

Մեկնաբանություն
X