Լյումպենիզացիան շարունակվում է, ու շատ կուսակցությունների հենարանն այսօր հենց լյումպենն է

Ավագանու ընտրություններին ընդառաջ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ որպես ընտրող, գերադասում է լսել եւ ոչ թե խոսել, իսկ վերջում եզրակացություն կանի քվեարկության տեսքով․ «Միակ խորհուրդը, որ կարող եմ տալ ինձ պես ընտրողներին՝ որ ընտրությունից առաջ անպայման մտածեն։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք շատ հաճախ ընտրությունը կատարում ենք առանց մտածելու՝ մեկին գումար են բաժանում, մյուսը սիրահարված է ինչ-որ մեկին։ Իրականում, ընտրության ամբողջ իմաստը նրա մեջ է, որ դու պատասխանատվություն ես կրում քո ընտրության համար եւ այլեւս իրավունք չունես ասելու՝ այ, ինձ մեկն ասեց՝ սրա օգտին քվեարկիր․ ամեն մեկն էլ մի բան կասի, բայց ընտրությունը քոնն է»։

Բաբայանը նախընտրական այս օրերին փորձում է համեմատել ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը, այլ նաեւ նրանց հնչեցրած մտքերը, որոնք բավական են որոշակի եզրակացություններ անելու համար․ «Կարծում եմ՝ երբ բոլորը լռում են, պետք է խոսել, եւ երբ բոլորը խոսում են, պետք է կարողանալ լռել ու լսել։ Ես ինձ համար այս դիրքորոշումն եմ որդեգրել եւ ի սկզբանե չունեմ նախընտրելի թեկնածու, ուզում եմ բոլորի հետ ծանոթանալ։ Շատ մեծ հույս ունեմ, որ տեղի կունենան հեռուստադեբատներ, որովհետեւ շատ կարեւոր է, որ բոլոր թեկնածուները նստեն մի սեղանի շուրջ, հնչեն կոնկրետ հարցեր, եւ մարդիկ տան կոնկրետ պատասխաններ, մտնեն բանավեճի մեջ։ Այստեղ ավելի շատ բան է բացվում, քան առանձին հանրահավաքներով եւ ծրագրերով հանդես գալու ժամանակ։ Կյանքն առաջ է շարժվում միայն երկխոսության պարագայում, եւ երբ տեղի է ունենում այդ երկխոսությունը, շատ բան ենք պարզում մեզ համար։ Իզուր չէ, որ բոլոր ժողովրդավարական երկրներում այդ դեբատները նախընտրական շրջանում համարվում են ամենակարեւոր փուլը։ Ընդունված ավանդույթներ կան, որ մեզ մոտ դրանք մի քիչ ձեւական բնույթ են կրում, նախավերջին օրը լինելու է լռության օր, որն արվում է նրա համար, որ ընտրողը կարողանա ամեն ինչ ամփոփել առանց որեւիցե ճնշման, եւ գալ ինքնուրույն որոշման։ Ես միշտ ասել եմ, որ երկիրը կդառնա երկիր այն ժամանակ, երբ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն երկրի տերը, իսկ երկրի տերը զգում են, երբ ինքնուրույն են որոշում կայացնում»։

Բեմադրիչը հույս ունի, որ այս ընտրությունները կլինեն ազատ, արդար եւ թափանցիկ․ «Այս պարագայում որեւէ մեկին հնարավոր չի լինի մեղադրել, որովհետեւ կոնկրետ դու ես քվեարկում եւ ընտրություն կատարում, ուրեմն բարի եղիր նախ մտածել։ Կոնֆուցիոսն ունի մի հրաշալի արտահայտություն, որը ես երկար տարիներ իմ լսարանի պատին գրել էի։ Նա ասում է՝ առանց որեւէ բան սովորելու, մտածելը վնասակար է։ Սա շատ կարեւոր է»։

Ռուբեն Բաբայանը, ինչպես նախկինում, հիմա էլ առաջարկներ է ստացել՝ ընդգրկվելու ավագանու այս կամ այն կուսակցության ցուցակում, բայց մերժել է։ Ինչո՞ւ։ «Եթե ընտրությունները չլինեին կուսակցականացված, այսինքն՝ դաշինքներով, կուսակցություններով, միգուցե ուզենայի լինել ավագանու անդամ, բայց, լինելով ազատ մարդ, միեւնույն է՝ կան բարոյական շրջանակներ՝ որպես զսպաշապիկ, որովհետեւ եթե քեզ առաջարկել է ընդգրկվել ավագանի այս կամ այն դաշինքը, կուսակցությունը, ուրեմն հետագայում դու չես կարող լինել ամբողջովին ազատ։ Դրա համար ես մերժել եմ բոլորին»,- ասում է նա ու հավելում, որ «Քաղաքացիական պայմանագրից» առաջարկ չի ստացել․ «Կարծում եմ՝ իրենք ինձ ավելի լավ գիտեն, եւ եթե ես, իմ խոսքը որեւէ արժեք ներկայացնում են, ապա ներկայացնում են որպես անհատ անձ։ Կարող եմ միայն ասել, որ բոլոր կուսակցությունների մեջ էլ կան ինձ համար դուրեկան եւ մտերիմ մարդիկ, բայց դա կարեւոր չէ, որովհետեւ մինչեւ վերջին պահը մտածելու եմ՝ իմ ձայնն ում տալ»։

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանին առաջարկ չի արվել որեւէ կուսակցությունից, բայց կարծում է՝ հիմա շատ կարեւոր պահ է մեզ համար, որը պետք է հասցնել տրամաբանական ավարտին, այն է՝ արձանագրել փոփոխություններ, որովհետեւ այսպես շարունակվել այլեւս չի կարող․ «Ես այդ հանգամանքից ելնելով պետք է քվեարկեմ։ Միանշանակ, փոփոխություններ պետք է լինեն, այստեղ 2 խոսք լինել չի կարող, իսկ վտանգներ շատ եմ տեսնում։ Եթե սա էլ կիսատ մնաց, մենք նոր մի շանս չենք ունենալու փոփոխություն անելու, իսկ հետադարձ ճանապարհ չի լինելու, ու դա նույնիսկ չեմ էլ ուզում քննարկել։ Ոչ ոք չէր մտածում, որ հեշտ է լինելու, կամ փափուկ խալի են փռելու ոտքներիս տակ, ի սկզբանե գիտեինք, որ դժվար է լինելու, դրա համար բոլորս պիտի օգնենք»։

Անդրադառնալով քաղաքական ուժերի նախընտրական տեսահոլովակներին՝ Բաղդասարյանն ասաց․ «Այդ տեսահոլովակները մեկը մեկից այլանդակ էին, ես չգիտեմ ով է դրանք նկարում, տեսահոլովակներ կան, որ ուղղակի զավեշտալի են, անճաշակ, եսիմինչ երգերի տակ արված, այսինքն՝ ո՞ւմ համար է արված այդ տեսահոլովակը։ Նորից վտանգ կա, ես տեսնում եմ՝ լյումպենիզացիան շարունակվում է, ու շատ կուսակցությունների հենարանը հենց լյումպենն է։ Եթե մենք չհասկանանք, որ ուշ թե շուտ պետք է էլիտա ձեւավորենք, ոչ այն էլիտան, որ կարող է գնալ «Ջազզվե» սրճարանի ՎԻՊ-ում նստել, այլ մտավորականների էլիտա՝ ամենաառողջ եւ ճիշտ իմաստով։ Եթե մենք այդ էլիտան չձեւավորենք, ու բոլոր ժամանակներում բոլորի հենարանը լինի լյումպենը, մենք ապագա չենք ունենա եւ կլինենք 3-րդ, 4-րդ սորտի երկրների ցանկում։ Դա պետք է հասկանանք, բայց երբ նայում եմ այդ տեսահոլովակները, թե ում վրա են դրանք հիմնականում ուղղված, չգիտեմ՝ լա՞մ, թե՞ խնդամ։ Անգամ մարդիկ, ովքեր իրենց մտավորական են համարում, միանգամից սկսում են հենվել լյումպենի վրա»։

Ռեժիսորի կարծիքով, չի կարող լինել 100 տոկոսանոց, իդեալական ընտրություն, բայց վստահ է՝ սա կլինի այն ընտրությունը, որ ցույց կտա իրական պատկերը․ «Անհամբեր սպասում եմ խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ առանց դրա անհնարին է ինչ-որ փոփոխություններ մտցնել, իսկ այս ներքաղաքական գզվռտոցը մեզ կարող է շատ վատ վիճակի հասցնել։ Ավագանու ընտրությունները քիչ են, մենք անհրաժեշտություն ունենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ եթե դա էլ նորմալ անցկացնենք, վերջապես կունենանք մի պատկեր, որտեղ բոլորը կիմանան, թե ինչքան արժեն, ինչքան վստահություն ունեն, եւ ոնց են իրենց վերաբերվում, երբ չես վճարում 5-15 հազար դրամ»։

Գնահատելով ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» եւ Հայկ Մարությանի շանսերը՝ Բաղդասարյանն ասաց․ «Բացարձակ, մի վայրկյան չեմ կասկածում, միանշանակ կհաղթեն, այստեղ 2 կարծիք լինել չի կարող, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ռեսուրսը եւ նրա հանդեպ վստահությունը շատ մեծ է։ Այստեղ Հայկ Մարությանի մեջ չէ խնդիրը, նրա տեղը Պողոս Պողոսյանին բերեր Նիկոլը, որին ոչ մեկ չի ճանաչում, միեւնույն է՝ նույն քանակի ձայն կտային։ Այստեղ շատ մեծ հեղինակության հարց կա, ու Նիկոլը՝ ժողովրդի վստահության տեսքով, շատ մեծ կապիտալ ունի հավաքած, եւ դա, բնականաբար, կոնվերտացիա պետք է արվեր։ Այստեղ խնդիրը սկզբունքային փոփոխության մասին է՝ կա՛մ անում ենք, կա՛մ սաբոտաժի է ենթարկվում եւ ամեն ինչ ձախողվում է, որը շատ վատ արդյունքների կբերի։ Եվ ես էլ կկոտրվեմ, որովհետեւ այսպես այլեւս հնարավոր չէ։ Ես գտնում եմ, որ մինչ այս մենք հատակում էինք, հիմա հատակից ինչքան բարձրանանք՝ լավ է»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X