Այսօր անհնար է պատկերացնել Երևանն առանց Իտալական փողոցի

Սեպտեմբերի 13-ի համարում տեղ գտած «ԱԱԾ-ն նոր բացահայտում է խոստանում» վերնագիրը կրող հոդվածում այսպիսի տողեր կային՝ «...նաեւ առաջին «էլիտարն» Անգլիական այգում: Այդ շենքի, ինչպես նաեւ «Կոնգրես» հյուրանոցի կառուցման համար ահռելի տարածք «կտրեցին» այգուց: Ապօրինի այս որոշումն իր ստորագրությամբ եւ Քոչարյանի հրահանգով վավերացրել էր Նարեկ Սարգսյանը, որն այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետն էր»: Այս հատվածին արձագանքել է Նարեկ Սարգսյանը։ Պարզաբանումը տպագրում ենք ամբողջությամբ․

««Ռենկո» ընկերության կողմից Երեւանի Սպանդարյանի գործկոմի (նախկին քաղաքային դումայի) շենքի, էլիտար բնակելի շենքի տարածքի եւ «Երեւան» հյուրանոցի առքուվաճառքի գործընթացները տեղի են ունեցել, հավանաբար, 1998 թվականին: Ես նշանակվել եմ Երեւանի գլխավոր ճարտարապետ 1999թ. նոյեմբերի վերջին եւ որեւէ առնչություն չեմ ունեցել այդ պայմանագրերին:

Մինչ այդ՝ 1998-1999թթ., Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքաշինական խորհրդին է ներկայացվել վերը նշված շենքի վերակառուցման նախագիծը, որի համաձայն՝ Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված փողոց (ներկայիս՝ Իտալական) պետք է կառուցվեր, եւ շենքը պետք է վերակառուցվեր երկու կցակառույցի ավելացումով, նույն տարածքում, Շահումյան հրապարակի ետնամասի այգու հաշվին, իսկ փողոցը պետք է անցներ շենքի տակի կամարանցումով:

Հիշյալ նախագիծը հավանության չէր արժանացել: Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո իմ կողմից մոտեցումները փոխվել-վերանայվել են:

Երեւանի քաղաքաշինական խորհրդի համաձայնությամբ ես առաջարկել եմ պահպանել շենքի զբաղեցրած հատվածի հողամասի միայն այն հատվածը, որը չի խոչընդոտում ապագա Իտալական փողոցի բացման հնարավորությանը՝ Մյասնիկյան-Շահումյան հրապարակի զբոսայգին անխզելի շարունակելով նաեւ շենքի զբաղեցրած մյուս տարածքի հաշվին: Արդյունքում այգու տարածքի կորուստ տեղի չի ունեցել: «Կոնգրես» հյուրանոցի շենքը կառուցվել է փողոցի աջ կողմում, իսկ զբոսայգին բացվել է մինչեւ Շահումյան հրապարակ:

Այս տարբերակով «Ռենկո» ընկերությունը մեր բանակցությունների արդյունքում պարտադրված իր վրա է վերցրել Իտալական փողոցի կառուցման ամբողջական ֆինանսավորումը: Միաժամանակ, նրանց թույլատրվել է փողոցի իրականացման ընթացքում կառուցել Իտալական դեսպանատունը՝ տեղում գտնվող կիսակառույց շինության տարածքում: Դումայի շենքը հետագայում՝ 2015թ․, իմ նախաձեռնությամբ եւ նախագծով (համահեղինակ՝ Ա. Ադամյան, Ֆրանսիա) վերակառուցվել է Մելիք-Ադամյան փողոցում՝ որպես Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակի շենք:

Այդ նույն օրերին (1999թ. դեկտեմբեր) «Երեւան» հյուրանոցի արտաքին հատվածում նախկինում հաստատված նախագծով կառուցվում էր կցակառույց, որը փակում էր շենքի ֆասադի կամարները՝ առաջ բերելով հանրային եւ մասնագիտական դժգոհություն: Ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի հետ, նրա անմիջական ցանկությամբ այցելելով տվյալ շինարարություն՝ ես դադարեցրել եմ ընթացող աշխատանքները: Մեր պնդմամբ փոխվել է նախագիծն ամբողջությամբ՝ դառնալով մեկ հարկանի ապակեպատ ռեստորան՝ ապակու եւ կանաչի համադրությամբ: Բացի այդ, բացվել են արտաքին կամարները, եւ ծածկն իրականացվել է փայտով:

Այսօր անհնար է պատկերացնել Երեւանն առանց Իտալական փողոցի, որը գոյություն չուներ մինչեւ 2002 թվականը: Բացվել է նաեւ Շահումյան հրապարակից Մյասնիկյանի արձան տանող զբոսայգին, որը ներկայումս վերակառուցվում է»:

Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Մեկնաբանություն
X