Շատ կարեւոր է հեղափոխական ուժերի ջախջախիչ հաղթանակը. «Սասնա ծռերի» կոչը

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը մնում է այն համոզմունքին, որ շատ ավելի ճիշտ եւ արդյունավետ կլիներ որեւէ ընտրություն, այդ թվում՝ Երեւանի ավագանու ընտրությունները, անցկացնել դրանց համար անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուց հետո:

Նրանց տարածած հայտարարությունում,ասվում է.

«Այդպիսիք են, առաջին հերթին՝ անկախ դատարանը, բարեփոխված իրավապահ մարմինները, քաղբանտարկյալների եւ ռազմագերիների բացակայությունը, իրական ընտրողների ցուցակները, նախկին ռեժիմին մաս կազմած կուսակցությունների մասնակցության բացառումը:

Ուստի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ այդ բացը պետք է լրացվի:

Այդուհանդերձ, նկատի ենք առնում, որ Երեւանի ավագանու ընտրությունները ոչ միայն իրողություն են, այլեւ թեժ պայքարի ասպարեզ են դարձել հեղափոխական ուժերի եւ նախկինում ռեժիմին մաս կազմած կամ այսօր նրա մնացորդների հետ միավորված ուժերի միջեւ:

Պայքար, որի արդյունքից զգալի չափով պայմանավորված է հեղափոխության վերջնական հաջողությունը:

Այդ պատճառով շատ կարեւոր է հեղափոխական ուժերի ջախջախիչ հաղթանակը:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում ակտիվ կերպով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին եւ քվեարկել հեղափոխական ուժերի օգտին»։

Մեկնաբանություն
X