Արեն Մկրտչյանից մինչև Արսեն Թորոսյան․ՀՖՖ նոր գործկոմը ուրվագծվում է

Հայտնի է, թե ովքեր են առաջադրվել որպես ՀՖՖ գործկոմի թեկնածուներ։ Նշենք, որ ՀՖՖ նախագահն ու առաջին փոխնախագահը ընտրվում են հենց գործկոմի անդամներից և գործկոմի կողմից։ Եվ այսպես՝ ցուցակը գլխավորում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով ամիսներ առաջ էր հայտարարել, որ առաջադրվելու է ՀՖՖ նախագահի ընտրություններում, իսկ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ, որ նախկինում վստահաբար հայտարարում էր, որ այդ պաշտոնը ոչ մեկի չի զիջի, հանկարծակի որոշեց աջակցել Վանեցյանի թեկնածությանը։

Վանեցյհանին հաջորդում է սպորտային լրագրող, ներկայում Ռուբեն Հայրապետյանի խորհրդական Արմեն Նիկողոսյանը, ով նախկինում աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում որպես սպորտային մեկնաբան, մենք գրել էինք, որ հենց նրա անունն է շրջանառվում՝ որպես առաջին փոխնախագահի հավանական թեկնածուի։ Ցուցակում է ֆուտբոլային մեկնաբան Արմեն Մելիքբեկյանը, ով նախկին իշխանությունների ժամանակ մշտապես աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով, իսկ ժողովրդական շարժման օրերին պարբերաբար մասնակցում էր բողոքի ակցիաներին ու հանրահավաքներին։

Ցուցակում է «Առաջին հայկական ճակատ» «FAF» երկրպագուների շարժման համահիմնադիր և անդամ Կարեն Շաբոյանը, ով 2016 թվականից մինչ օրս «Յուքոմ» ընկերության վաճառքի տնօրեն է։ ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուների ցուցակում են նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և արտգործ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ցուցակը շարունակում է վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը, ով 2011-2016 թվականներին աշխատել է որպես սպորտային լրագրող։

Գործկոմում ընդգրկվելու հայտ են ներկայացրել սոցիոլոգ Ժանա Անդրեասյանը, «Առաջին հայկական ճակատ» շարժման անդամ Խաչատուր Ադումյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արթուր Օհանյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀՖՖ նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ , «Արարարտ» ակումբի նախագահ Հիրաչ Յագանը, «Լոռի» ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը, ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի նախագահ Մարինա Թաշչյանը։ Ցուցակը եզրափակում է «ՔՊ» վարչության անդամ Հակոբ Սիմիդյանը, ում տանը և հանգրվանել էր Նիկոլ Փաշինյանը, երբ գտնվում էր ընդհատակում։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X