Հայաստանի և Շվեյցարիայի գլխավոր դատախազները պայմանավորվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձման գործերով համագործակցությունն ակտիվացնելու շուրջ

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում շարունակվող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունենում մասնակից տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: Քննարկվում են իրավական փոխօգնության և այլ ոլորտներում դատախազական կառույցների միջև գործակցությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մասնավորապես՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը մեծապես կարևորել է Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ակտիվացման համատեքստում Շվեյցարիայի իրավապահ մարմինների հետ ամենաօպերատիվ և սերտ համագործակցությունը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի և Շեյցարիայի դատախազությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը: Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին: Հանդիպման արդյունքում երկու երկրների գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործնական և առարկայական պայմանավորվածություններ՝ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերադարձման հարցում համագործակցության շուրջ:

Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազության պատվիրակության ղեկավար Ալի Ալալեելիի հետ: Կողմերն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը խթանել է քաղաքացիների փոխայցելությունները, ինչով պայմանավորված՝ վերջին շրջանում նշանակալիորեն ինտենսիվացել է նաև Հայաստանի և ԱՄԷ դատախազությունների միջև փաստաթղթաշրջանառությունը: Գոհունակություն հայտնելով այս առումով ձևավորված գործակցության նախադրյալների կապակցությամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություներ են ձեռք բերել իրավական փոխօգնության շրջանակներում փոխադարձ շփումներն առավել դինամիկ, օպերատիվ, համակարգված և արդյունավետ դարձնելու շուրջ:

Մեկնաբանություն
X