Սերգեյ Սկրիպալի զարմուհին ներկայացնում է, թե ովքեր են «հայտնի թունավորողները»

Նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի զարմուհին՝ Վիկտորյա Սկրիպալը, պարզաբանել է, թե ովքեր են այն երկու անձինք, որոնք Լոնդոնի վարկածի համաձայն, հանդիսանում են հայր եւ դուստր Սկրիպալների թունավորողները։

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն,Վիկտորյա Սկրիպալը ասել է, որ նրանք նորմալ, սովորական, հասարակ մարդիկ են, ոչնչով աչքի չընկնող եւ պետական հատուկ ծառայությունների հետ որեւէ կապ չունեցող։

Նշենք, որ Լոնդոնը մեկ շաբաթ առաջ, մոտավորապես, մեղադրանք էր առաջադրել Ալեքսանդր Պետրովի եւ Ռուսլան Բոշիրովի հանդեպ՝ նրանց կասկածելով Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալներին նյարդակաթվածային նյութով թունավորելու մեջ։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր Պետրովը հանդսանում է Տոմսկում գործող դեղագործական ընկերության աշխատակից, ով հայտարարել էր, որ Սկրիպալների գործի հետ որեւէ կապ չունի։

«Սովորական մարդիկ են, ոչ մի հատուկ բան չկա։ Ես դա գիտեմ այն մարդկանցից, ովքեր նրանց որոնումներով են զբաղվել։ Թե ինչու նրանք դեռ մամուլում հանդես չեն եկել, տեղյակ չեմ, գուցե ցանկանում են ասուլիսի կազմակերպել կամ էլ որեւէ ալիքի հետ են պայմանավորվել»,- մասնավորապես ասել է Վիկտորյա Սկրիպալը։

Նա նաեւ հաստատել է, որ երկուսն էլ ապրում են Կենտրոնական Ռուսաստանում։

«Ես կարծում եմ, որ բրիտանական կողմը պարզապես պատահական մարդկանց է ընտրել սոցկայքերից , այսպես ասած, սոսնձել է ամեն ինչ, եւ ահա ամեն բան պատրաստ է»,- ասել է Սերգեյ Սկրիպալի զարմուհին։

Մեկնաբանություն
X