Չի կարելի

Կարելի է քննադատել ավանդույթներն ու աշխատաոճը, բայց չի կարելի ոչնչացնել ինստիտուտները։ Կարելի է պատժել մարդուն, բայց չի կարելի նվաստացնել։ Կարելի է արժանապատիվ կեցվածք ունենալ այլ երկրների հետ հարաբերություններում, բայց պոռոտախոսել, սեփական երկրիդ խնդիրներն անտեսել ու հնարավորությունները գերագնահատել չի կարելի։ Կարելի է բարեփոխումներ անել եւ կառավարման համակարգն օպտիմալացնել ու թարմացնել, բայց կադրային ջարդ անել՝ հին ու փորձառու կադրերին ազատել, իսկ դեղնակտուց, անտեղյակ ու անգրագետ ջահելներին բերել չի կարելի։

Կարելի է ժողովրդի կարծիքը հաշվի առնել, բայց պոպուլիստական մեթոդներով, էժան դեմագոգիայով նրա սերը գրավել եւ նրա հետ մանիպուլյացիաներ անել չի կարելի։ Կարելի է անգամ անհաջող թեկնածու առաջադրել ամենապատասխանատու պաշտոնին, օրինակ՝ Երեւանի քաղաքապետի համար, ապա սերն ու սպառնալիքներն իրար խառնելով՝ նրան անցկացնել, բայց ընտրական համակարգը չի կարելի վերածել խեղկատակության, չի կարելի վարչապետի վարկանիշը շահարկելով՝ անցկացնել ցանկացած մեկին, չլսելով հանրային կարծիքն ու խելացի մարդկանց առարկությունները։

Կարելի է հանցագործություններ բացահայտել եւ կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղել, բայց չի կարելի իրավապահներին դարձնել դահիճներ, քրեական հետապնդումը՝ մսաղաց, այնտեղ հայտնվողներին՝ մսացու, որ հասարակությունն արյան հոտից խենթանա ու ավելի շատ արյուն պահանջի։ Առհասարակ՝ իշխանության խնդիրը հասարակությանը բարձրացնելն է, նրան բարության, ազնվության, մեծահոգության արժեքներ ներարկելը, երկրում ստեղծագործական եւ կառուցողական մթնոլորտ ձեւավորելը, այլ ոչ թե հաթաթաների, սպառնալիքների, վախի ու անհանդուրժողականության ձեւաչափը։ Մենք դեռ հույս ունենք, որ այս ամենը կհասկացվի։

Մեկնաբանություն
X