Մենք պետք է օգնենք Ռոբերտ Քոչարյանին

Որքան էլ զավեշտալի հնչի, բայց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող գործընթացներն առաջին հերթին բխում են հենց նրա շահերից։

Առաջին հայացքից միտքն այս չափազանց տարօրինակ է, նույնիսկ ձգտում է աբսուրդի, չէ՞ որ նախկին նախագահը, ամենայն հավանականությամբ, վերստին դատապարտվելու է ազատազրկման և այս փաստի հատկապես ո՞ր հատվածն է բխում նրա շահերից։ Կամ իրավական հետապնդման մեջ ի՞նչ շահ կարող է լինել։

Հայաստանի պատմության «Քոչարյանական» ժամանակաշրջանը չափազանց հետաքրքիր է ինձ, և ես տարբեր փաստերի համադրման միջոցով ամեն կերպ փորձում եմ իմաստավորել կամ այլ խոսքով ասած գոնե ինձ համար ուրվագծել ժամանակաշրջանի ու անհատի փիլիսոփայական միահյուսված խճանկարը։

Արժի նկատել, որ այն, ինչ գրվել ու գրվում է «Քոչարյանական» ժամանակաշրջանի մասին, չի գոհացնում ինձ։ Անշուշտ տասնամյակը վերաիմաստավորման անհրաժեշտություն ունի՝ հայհոյանքներից, անհասցե քննադատություններից ու ժողովրդական չափազանցություններից անդին։ Պետք է ի վերջո պատմագիտական տեսանկյունից և ըստ էության հասկանալ, թե որն է Քոչարյանի մեղքը, ինչ է նա արել կամ էլ ինչ չի արել, որ պետք է աներ։ Բայց հավակնոտ այս նախաձեռնությունը թողնենք մեկ այլ առիթի, հավատացնում եմ առիթներ դեռ շատ կլինեն։

Իսկ հիմա խոսենք այն մասին, թե իրավական գործընթացի հատկապես ո՞ր դրույթն է բխում ՀՀ երկրորդ նախագահի շահերից։

Խնդիրն առավել հստակեցնելու համար մի պահ հեռանանք ու նորից վերադառնանք հենց այդ նույն խնդրին։

Պարզ օրինչափություն է․ որևէ կամայական պետության կառավարումը պետք է ստանձնեն այդ պետության քաղաքացիները։ Քաղաքացի ոչ միայն անձնագրով, այլ՝ բառի փիլիսոփայական ու սոցիալական ողջ ընկալմամբ։ Քաղաքացին որպես այդպիսին քանակական արժեք չէ, այլ՝ որակական։ Այսինքն՝ տվյալ պետության քաղաքացին այն անհատն է, որը ճանաչում է այդ պետությունը, դրա արժեքային ու մշակութային միջավայրի արտադրանքն է, կրողն ու մարմնավորողը։ Քաղաքացին պետության նկատմամբ ունի իրավունքներ ու պարտավորություններ, նա մյուս քաղաքացիների հետ միասին կոմպրոմիսային դաշինք է կնքում ու ստեղծում պետություն։

Այսինքն շարադրանքից կարելի է ենթադրել, որ Հայաստանում բարձրագույն իշխանությունը պետք է մշտապես գտնվի հայաստանցիների ձեռքում։ Այլ խոսքով ասած՝ այն անհատների, որոնց կյանքն ու գործունեությունը փոխկապակցված է Հայաստանի մշակութային միջավայրի ու առօրյայի հետ։

Արդյոք Քոչարյանը 1998 թ․ համապատասխանել է վերոհիշյալ չափորոշիչներին։ Երիցս ո՛չ։ Ի դեպ ասվածի մեջ շովինիզմի տարրեր չկան։ Մենք հակված չենք նացիոնալիստական դեմագոգիայի՝ առաջնային պլան մղելով Հայաստանի ջուրը խմած, իսկ հողն էլ համբուրած լինելու քաղքենի դրսևորումները։

Ո՛չ, խոսքը զուտ մշակութային միջավայրի և այդ մեգահամակարգում Քոչարյանի լինելիության մասին է։ Որովհետև լինել այդ միջավայրում, նշանակում է ճանաչել Հայաստանը, ընկալել նրա խնդիրներն ու առանձնահատկությունները։ Եվ հենց այդ հարացույցում են ճյուղավորվում հոգևոր հայրենիքի բազմավեկտոր ճառագայթները՝ քաղաքացիությունը, անհատի իրավունքներն ու պարտավորությունները, առօրյան, մի խոսքով՝ այն ամենը, ինչ-որ մենք անվանում ենք Հայաստանի Հանրապետություն։

Վերլուծելով «Քոչարյանական» ժամանակաշրջանը՝ մենք տեսնում ենք, որ Քոչարյանն ի սկզբանե որևէ օրգանական կապ չի ունեցել Հայաստանի հետ, այդ մարդը չի ճանաչել Հայաստանը, ծանոթ չի եղել դրա առանձնահատկություններին ու միջավայրին։ Այլ խոսքով ասած՝ ՀՀ երկրորդ նախագահը դուրս է եղել Հայաստանյան մշակութային միջավայրի շրջանակից՝ չփորձելով դրա մեջ հաստատվել նույնիսկ նախագահության տարիներին։

Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է արձանագրենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, թեկուզ բացասական երանգավորմամբ, բայց այնուամենայնիվ, այդ միջավայրում կարողացել է ինտեգրվել, իսկ Քոչարյանը՝ ոչ։

Փաստորեն նա ՀՀ-ն ղեկավարել է վարձկանի հոգեբանությամբ՝ որպես խոպան մի տարածք։ Միջնադարյան ձևակերպմամբ՝ ուժով ու «ավատատիրական» իրավունքով, ավելին՝ գաղութարար կապիտալիստի փիլիսոփայությամբ։ Սա է խնդրի ողջ տրամաբանությունը։ Այսինքն՝ պետությունը կառավարել է Հայաստանի հետ կապ չունեցող ինչ-որ մեկը, որն իշխել է ուժով ու սպառնալիքով, այլ ոչ թե՝ հանրային վստահության մանդատով ու լեգիտիմությամբ։

Իսկ հիմա, կարծես թե, Քոչարյանն ի վերջո հայաստանցի, ՀՀ քաղաքացի դառնալու բացառիկ հնարավորություն է ստացել։ Եթե անցյալում նա օտար էր այս երկրին, ապա՝ ներկայումս կարող է դառնալ դրա մի մասնիկը։

Բանն այն է, որ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության հետ հայտնվել է իրավական փոխհարաբերությունների մեջ։ Իսկ եթե անհատը մի պետության հետ իրավական շփումների մեջ է գտնվում, ապա մեխանիկորեն դառնում է դրա անբաժանելի մասնիկը։ Նա երկրի ղեկավարն էր, բայց հայաստանցի չէր, ապրում էր Հայաստանում, բայց հայաստանցի չէր, իսկ հիմա կարող է դատվել որպես հայաստանցի։ Սա է ողջ տրամաբանությունը։

Մենք պետք է օգնենք, որ Ռոբերտ Քոչարյանը վերջապես հայաստանցի դառնա, ճանաչի այս պետությունն ու նրա մշակութային միջավայրը։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Մեկնաբանություն
X