Բալասանյանի հորդորով որդին փակել է պարտքերը. «Գյումրի Գարեջուր»-ի աշխատակիցները մտահոգված են

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող բիզնեսները վտանգված են: Իշխանափոխությունից հետո անգամ խոսակցություններ պտտվեցին, թե նրանք փորձում են ազատվել ունեցվածքից եւ աճուրդի են հանել գործարանները: Թեև քաղաքապետն այս խոսակցություններն անհեթեթություն համարեց, սակայն Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրի խոսքերով, այս օրերին քաղաքապետի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանը, որին պատկանում է գարեջրի գործարանը, ջանք չի խնայել գումար հայթայթելու եւ պետությանը տարիներով չվճարված հարկը մուծելու համար. «Հայրը բոլորից լավ գիտեր՝ որդին հարկերը վճարել է, թե ոչ, պարզապես նախորդ իշխանությունների հետ լեզու էին գտել, չհաշված որոշ միջամտություններ, որ եղան: Այստեղից տղային անընդհատ հորդորում էր, խնդրում, որ ամեն գնով հարցերը կարգավորի»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ նախորդ իշխանության օրոք էր, երբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում խախտումներ հայտնաբերեց. «Բայց այն ժամանակ քաղաքական ենթատեքստ կար, դա տարբերակ էր Բալասանյանի որդուն չեզոքացնելու, որպեսզի պատգամավոր չառաջադրվեր, հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, այլ տարբերակ չէր կարող լինել»: Ի դեպ, գործարանի աշխատակիցները նույնպես անհանգստացած են:

«Հեռվից խոսակցություններ են գալիս՝ նոր կրճատումներ են հնարավոր, ասեցին՝ գործարանը կարող է փակեն, բայց 8 տարի է արդեն այստեղ եմ, արտադրանքի ծավալը չի պակասում, արտահանումն էլ վատ չէ, մեր ապրուստի միջոցն է, ի՞նչ ասեմ», -նեղսրտած ասաց աշխատակիցներից մեկը: Այս բոլոր խոսակցություններից Սամվել Բալասանյանը փորձեց ձեռնպահ մնալ: Անգամ հայտարարեց, թե շուրջ 4 տարի է՝ ոտք չի դրել գործարան: «Ի՞նչ կապ ունի իմ որդին է, ի՞նչ է, ես իմ որդուն ասել եմ՝ հարկը չմուծե՞ս: Որեւէ մեկի մտքով չանցնի էդպիսի բան, մենք ազնիվ բիզնես աշխատող ենք եղել, մենք կույտերի միջից ենք հառնեցրել այդ գործարանը, եւ ոչ միայն դա: Երբ հետաքննությունն ավարտվի, ամեն ինչ պարզ կդառնա, բայց ես վստահ եմ, որ դա 2016 թվականի թվերի մասին է խոսքը»,-հարցազրույցներից մեկում նշել էր նա: Գյումրու քաղաքապետը գարեջրի գործարանը ձեռք է բերել ԱԺ պատգամավոր եղած ժամանակ՝ Գյումրու քաղաքապետարանի կողմից հողհատկացման գործընթացից հետո: Գործարանի նախագահությունը հանձնեց որդուն, երբ նա վերադարձավ Չինաստանից, որտեղ ուսանում էր: Որդու նախագահությունից հետո գարեջուր սկսեցին արտադրել նոր տեխնոլոգիաներով, փոխվեցին աշխատողներն ու աշխատաոճը:

Գործարանի տնօրենը ընտանիքի բարեկամներից է՝ Արշալույս Սանոյանը: Հիշեցնենք, որ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում պակաս է հաշվարկվել ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների հիման վրա ընկերությունում իրականացվող հարկային համալիր ստուգման ընթացքում «Գյումրի Գարեջուր»-ը հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X