«Հայկական ժամանակը» դարձել է իշխանության գործի՞քը

«Հայկական ժամանակ» օրաթերթը հեղափոխությունից հետո հավանաբար այնքան է ոգեւորվել իր նախկին խմբագրի՝ վարչապետ դառնալու փաստից, որ դարձել է մամուլի «դատախազությունն ու ԱԱԾ-ն»։ Համանուն թերթում եւ կայքում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որտեղ զբաղված են ոչ թե հանրությանը հետաքրքրող թեմաների լուսաբանմամբ, այլ մյուս ԶԼՄ-ների հրապարակումների, ֆինանսների, ստացած դրամաշնորհների, վարք ու բարքի քննարկմամբ։ Սա այն դեպքն է, երբ, ինչպես ասում են՝ սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում․ այդ մենք կարող էինք բազում հրապարակումներ անել, թե ինչ դրամաշնորհներ եւ լրատվական քաղաքականություն է իրականացնում կառավարության ղեկավարի հետ անմիջական կապ ունեցող լրատվամիջոցը, սակայն մենք, հարգելով գործընկերային կանոնները, ձեռնպահ ենք մնում դատավորի կեցվածք ընդունելուց եւ այլ ԶԼՄ-ներին ու նրանց հրապարակումներին գնահատականներ տալուց։

Իսկ երեկ, երբ ողջ լրատվական դաշտը զբաղված էր ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի խոսակցության գաղտնալսման նյութի հրապարակմամբ, քանզի դա էր օրվա թոփ-թեման եւ իրեն հարգող ցանկացած լրատվամիջոց չէր կարող բաց թողնել նման առիթը ու չտեղեկացնել հանրությանը նման ուշագրավ իրադարձության մասին, «Հայկական ժամանակը», պարզվում է, զբաղվել է լրատվադաշտի մոնիտորինգով, թե՝ ով որ ժամին է տեղադրել այդ նյութը։ Այսինքն, փոխանակ մենք գրենք ու ցույց տանք, որ կան լրատվամիջոցներ, որոնք ոչ թե հանրությանն իրազեկմամբ են զբաղված, այլ իշխանություններին ծառայություններ մատուցելով, մեզ են մեղադրում՝ մեր պարտականությունները կատարելու մեջ։

Ավելին՝ չգիտեմ ում մտքի հանճարեղ փայլատակմամբ որոշել են, որ «Հրապարակը» նշված նյութը կայքում տեղադրել է ոչ թե երեկ, այլ 5 օր շուտ․ «Շուրջ հինգ օր առաջ, այն է՝ սեպտեմբերի 7-ին, ըստ Google որոնողական համակարգի տվյալների, այդ ձայնագրությունը հրապարակել է նաեւ hraparak.am-ը: Googlе որոնողական համակարգում պահպանվել է հրապարակման փրուֆ լինքը»:

Մեր գործընկերներին ուզում ենք հիշեցնել, Googlе համակարգը «Աստծո խոսքը» չէ, այն տեխնիկական թերություններ է ունենում եւ երբեմն նաեւ սխալվում է, ուստի չարժեր «դավադրությունների տեսությամբ» առաջնորդվել եւ մեզ վերագրել բաներ, որոնք առնվազն ծիծաղելի են։ Նման հիմարությունը գրելուց առաջ, եթե ձեզ համար այդքան կարեւոր էր, թե մենք որ ժամին ենք տեղադրել նշված նյութը, կարող էիք զանգահարել խմբագրություն՝ մենք սիրով կտրամադրեինք բոլոր լինքերը, մեր ադմինի սքրինշոթը եւ այլ ապացույցներ ձեր հիվանդագին կասկածները ցրելու համար։ Իսկ մեզ մոտ այն տեղադրվել է սեպտեմբերի 11-ին, ժամը 13։35՝ համացանցում հայտնվելուց անմիջապես հետո, բայց ցավոք՝ առաջինը չենք եղել, ապա մեկ անգամ էլ նյութը թարմացրել ենք 15։05, որ գլխավոր լրահոսից չբացակայի։ Գուցե այս գործողությունը շփոթության մեջ է գցել Գուգլ-ին։ Ի դեպ, եթե ավելի վաղ ունենայինք նման տեսանյութ, ավելի վաղ կտեղադրեինք։

Առհասարակ բարի խորհուրդ․զբաղվեք ձեր գործով եւ մի համալրեք իշխանության օգտին եւ ընդդեմ մամուլի աշխատող ֆեյքերի ճամբարը՝ լրատվամիջոցին դա սազական չէ։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X