Չբացառենք, որ Ձեզ հետ ունեցած խոսակցությունը կարող է հայտնվել համացանցում․ Սարդարյանը՝ վարչապետին

ՀՀԿ-ական Շուշան Սարդարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց հնչեցրեց երեկվա հայտնի սկանդալային ձայնագրության մասով։ Սարդարյանը նախ մեջբերեց ձայնագրության այն հատվածը, որտեղ խոսվում է Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին, և ԱԱԾ տնօրենը, նշելով, որ նա ՀԱՊԿ ղեկավարն է, և որ բռնեն նրան, կլինեն խայտառակ, ՀՔԾ պետի հետ գալիս են այն որոշման, որ վարչապետի հետ կխոսի այս հարցով, հետո կորոշեն ինչ անել։

«Պարոն վարչապետ, հարցս կարճ կձևակերպեմ, Ձեզ հետ խոսե՞լ են այս թեմայով, եթե այո, ապա ի՞նչ եք ասել Դուք, և ո՞րն է եղել Ձեր պատասխանը»,-հարցրեց Շուան Սարդարյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեմայով ինքը պետք է խոսեր երեկվա հանրահավաքին, բայց չի խոսել, և լավ է, որ այս հարցը հնչեց այսօր։ Ապա տեղեկացրեց, որ երբ ինքն առաջադրել է ՀՔԾ պետի թեկնածու, նա այդ թկենածուի հետ ուենցել է հետևյալ պայմանավորվածությունը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, և եթե քննության օբյեկտիվ ընթացքը որևէ պարագայում հանգեցնում է որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտության հանուն քննության շահերի, ապա այն պետք է անել, անկախ նրանից, թե խոսքը ում մասին է։

«Որից հետո, ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում ավանդույթների համաձայն ինձ հետ ճշտել, թե ես լո՞ւրջ էի ասում, որ այո, կարելի է ՀՀ-ում օբյեկտիվ քննություն իրականացնել։ Եվ եթե մաքուր իրավաբանության տեսակետից որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտություն կա, ապա դա քննչական մարմինները պետք է իրականություն դարձնեն։ Եվ տվյալ դեպքում ես իմացել եմ դրա մասին ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ-ն այդպիսի որոշում է կայացնում, ես տեղեկացել եմ էդ իրավիճակի մասին ասել եմ, որ այդ պայմանը, ինչպես և պայմանավորվել ենք, որևէ քաղաքկան խոչընդոտ որևէ գործի համար չկա, և եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է կալանավորել, ապա դա պետք է տեղի ունենա»,-բացատրեց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ Սարդարյանը ևս մեկ հարց ուղղեց․ «Այդուհանդերձ չբացառենք, որ Ձեզ հետ ունեցած խոսակցությունը ևս կարող է հայտնվել համացանցում։ Այդ դեպքում որո՞նք կլինեն Ձեր գործողությունները»։ Սրան ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ինքը խնդիր չունի, և կարող է ցանկացած պահի ինքը հրապարակել իր ունեցած խոսակցությունները։ «Չի կարող լինել ձայնագրություն, որը դուրս է իմ նշած այս սկզբունքից և տրամաբանությունից»,-ասաց վարչապետը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X