Վոինը հեչ էլ վոին չէ

Այն, ինչ վերջերս կատարվում է մեդիատիրույթում՝ կապված երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանի կալանավորման եւ կալանքից ազատման հետ, այլ կերպ չես անվանի, քան ուղեղների քլնգոց՝ կազմակերպված քոչարյանա-սարգսյանական տանդեմի կողմից, որի նպատակն է դիմացինի մեջ ձեւավորել եւ արմատավորել սեփական համոզմունքը կամ տեսակետն առ այն, որ «վոինը» բացարձակ անմեղ է, ավելին՝ նա ոչ ավել, ոչ պակաս զոհ է:

Զարմանալի չէ, որ Քոչարյանն իր «պաշտպանների» սեփական բանակն ունի: Դա ՀՀԿ-ի «մնացորդացն» է եւ ՀՀ-ում Ռուսաստանի շահերը սպասարկողների ստվար զանգվածը: Առաջինները, Սերժ Սարգսյանին կորցնելով որպես քաղաքական առաջնորդի, թխսին կորցրած ճտերի նման սկսել են համախմբվել Քոչարյանի շուրջը: Քոչարյանն էլ երեւի մտածել է, որ դեռեւս վերջնականապես չի խամրել իր աստղը, ինքն էլ նույն «վոինն» է, մենք էլ՝ նույն խոնարհ ու թերահավատ հասարակությունը, եւ իր «փառապանծ» անցյալի խճանկարին պակասում է մեկ շտրիխ՝ շինծու մեղադրանքով կալանավորումը եւ քավության նոխազի ճակատագրին արժանացնելը, որը մի մազ պակասով հավասար է քաղբանտարկյալի կարգավիճակին… եւ մերօրյա «հերոսը» կրկին պահանջարկ կունենա՝ մեծ խաղերին մասնակցելու համար: Մի նրբությամբ միայն՝ մեծ խաղ վերադառնալը պետք է հանրությանը մատուցվի ոչ թե որպես Քոչարյանի ցանկություն, այլ պահի խիստ անհրաժեշտություն:

Քոչարյանին սպիտակեցնելու գործընթացին լծվել են, կարելի է ասել, բոլոր տրամաչափի քաղաքական եւ հասարակական գործիչները, ովքեր որ դժգոհ են նոր իշխանություններից, նույնիսկ նրանք, ովքեր Սարգսյանի օրոք առիթը բաց չէին թողնում նրան կծոտելու կամ մի թթու խոսքով կպնելու։ Խոսքս վերաբերում է Շարմազանովին ու Աշոտյանին: Հազիվ թե Քոչարյանին դուր գա իր շուրջը դասավորվող ներկա ներքաղաքական փազլը, բայց մենք հո գիտենք՝ ով ով, բայց Քոչարյանը գիտի համբերության գինը: Նա գերազանց տիրապետում է քաղաքական ավանտյուրայի կանոններին, ավելին՝ շատ դեպքերում նորամուծությունների հեղինակ է: Եվ հիմա «վոինը» հույս ունի, որ ի վիճակի է իր շուրջը համախմբել, մեղմ ասած, «նեղացածների» հոծ բազմությունը, որոնք անելանելի դրության մեջ են. Սերժ Սարգսյանը պասիվ վիճակում է, Փաշինյանը վարում է անկանխատեսելի ներքին քաղաքականություն՝ կարող է ԱԱԾ-ն գործուղել ցանկացածի մոտ, ցանկացած պահի, տասնյակ հազարավոր դոլարների նախկին ներդրումները վտանգված են, ի վերջո՝ տասնամյակներով երկրից գողացված եւ յուրացված հարստությունն է վտանգված: Այնպես որ, Քոչարյանի հաշվարկները պարզ են՝ նա համոզված է, որ ինքն օդ ու ջրի նման պետք է բոլոր «լքվածներին»: Նա իր հարցազրույցներում միայն իրեն յուրահատուկ լկտիությամբ եւ ինքնավստահությամբ փորձում է համոզել, որ ինքը մնացել է նույն անկոտրում կամքի տեր, հզոր, անփոխարինելի առաջնորդը, ում օրոք Հայաստանի տնտեսությունն ունեցավ աներեւակայելի թռիչքային վերելք (իրականում գահավիժեց):

Բայց իրականությունն այն է, որ Քոչարյանը հեչ էլ «վոին» չի եղել ու հիմա էլ չէ: Ի՞նչ «վոինի» մասին է խոսքը: Քոչարյանը «վոին» չի կարող լինել թեկուզեւ այդ բառի տեսական իմաստով, քանի որ նրան ակնհայտորեն պակասում են այնպիսի արժանիքներ, ինչպիսին են համեստությունը, ազնվությունը, անձնազոհությունը: Իսկ պարոնը տառապում է իրեն գովերգելու մոլուցքով եւ իր նախկին համախոհներին ու ծնրադրած հավատարմության երդում տված վասալներին փուռը տալու ցանկությամբ։

Կարեն ՄԵԼՅԱՆ

Մեկնաբանություն
X