Քաղաքական ուժերի հոլովակները․ «Ժառանգության» ժպիտը, Ռեֆորմիստների ժամանակը եւ ոչ միայն

Սեպտեմբերի 10-ից մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որին մասնակցում է 12 քաղաքական ուժ։ Նույնքան՝ 12 օր էլ կտեւի քարոզարշավը, իսկ բուն ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասն ընտրապայքարի մեջ է մտել նախընտրական հոլովակներով՝ տարբեր ճաշակի եւ բովանդակության։

Քայլ արա, Երեվան

Դետեկտիվ ֆիլմի հնչյուններով եւ աղբի կույտերի պատկերներով է սկսվում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հոլովակը, որը կառուցված է կինեմատոգրաֆիկ տրամաբանության մեջ․ պատմությունը սկսվում է կեսից, այսինքն, քայլ 2-ից՝ քաղաքը մաքրելուց, որին հաջորդում են 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ քայլերը՝ խաղահրապարակների, պոլիկլինիկաների, վերելակների, կանաչապատման, տրանսպորտի հարցերը։ 7 քայլ, որը ճշտորեն համապատասխանում է ավագանու ցուցակում «Իմ քայլի» զբաղեցրած համարին՝ 7-ին։ Ընտրողների մոտ 7 քայլը եւ 7 համարը հոգեբանական ամրապնդում են տալիս։ «Հաղթելու ենք ձեզ հետ միասին»․ սա արդեն առաջին քայլն է, որը Հայկ Մարությանը բացահայտում է ֆիլմ-հոլովակի վերջում, եթե չլինի առաջին քայլը, չեն լինի նաեւ մյուս քայլերը։ Ընդհանուր առմամբ, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հոլովակում հմտորեն դրսեւորում է իր դերասանական ձիրքը՝ նա ինքնավստահ է, գործունյա եւ վճռական, ինչպես վայել է քաղաքապետին։

Անուշս, սիրունս, արեւս

ԲՀԿ ավագանու նախընտրական հոլովակն արված է էստրադային տեսահոլովակի ոճով, երգի հեղինակը երգահան Ռիչարդ Մադլենյանն է, գործիքավորումն արել է Մուրզիկը, երգը կատարում է Արմեն անունով մի տղա։ «Ուրիշինը լինեն շքեղ քաղաքներն ու կանայք, եղիր իմը՝ իմ գունեղ, վարդագույն մայրաքաղաք»․ այս բառերով է սկսվում ԲՀԿ նախընտրական հոլովակը, որտեղ երգիչը շարունակում է նույնացնել Երեւանը սիրած աղջկա հետ՝ ծոր տալով ու հոգոցներ հանելով․ «Ախ, իմ Երեւան ջան՝ անուշս, սիրունս, քաղաքների քաղաք ջան, արեւս, գարունս, սրտիս մայրաքաղաք ջան»։ Տեսահոլովակում ներկայացված են առաջին տասնյակի առաջատարները՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, ովքեր Երեւանով մեկ հեծանիվ են քշում ու շրթունքների շարժումներով թվացյալ ձայնակցում երգչին։ Հոլովակում չկան խոստումներ, չկա նեգատիվ ֆոն՝ աղբի կույտեր կամ վթարված վերելակներ, ավագանու թեկնածուները կարծես արդեն ապրում են իրենց երազանքի քաղաքում եւ ժպտերես, գործն արած մարդու կեցվածքով հաղթական զբոսնում են, հեծանիվ քշում գեղեցիկ Երեւանով։ Այդքան գումար ծախսել, հեղինակային երգ գրել եւ չթիրախավորել խնդիրները՝ թվում է անիմաստ, մյուս կողմից՝ մոտեցումը պարզ է․ ո՞վ չգիտի, որ ԲՀԿ-ն ունի համապատասխան նյութական ռեսուրսներ՝ քաղաքը կարգի բերելու համար, ուստի, ի տարբերություն մյուս կուսակցությունների, մնում է միայն երգել․ «Ախ, Երեւան ջան…»։

Գալիս է ծառայելու

«Զառա» վանկարկումներով եւ տարբեր ակցիաներից մեջբերված պատառիկներով է սկսվում «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական հոլովակը, որն իրենից ներկայացնում է 15 րոպեանոց ֆիլմ՝ Զարուհի Փոստանջյանի անցած ճանապարհի մասին։ 15 րոպեն ոչ միայն շատ է նախընտրական հոլովակի համար, այլ նաեւ ոչ արդյունավետ, եթե ուզում ես ասելիքդ, ծրագիրդ հստակ ներկայացնել քո ընտրողին, ով իր ձայնը հենց քեզ պետք է տա։ Բայց Զարուհի Փոստանջյանը միայնակ է ամենուր՝ կամրջակի վրա, ճանապարհին, Էրեբունու ավերակների վրա․ ըստ էության՝ այդպես էլ կա, նա մարդ-կուսակցություն է։

Ֆիլմի հեղինակը հարցադրում է անում՝ ինչո՞ւ է նա այդպես կոչել իր կուսակցությունը, ապա պատասխանում է՝ որովհետեւ անչափ սիրում է իր հայրենիքը։ Բարձրակրունկներն ընդգծում են Զարուհու կանացիությունը, ում պատկերը նույնանում է Մայր Հայաստանի հետ։ Հաջորդ կադրում խորհրդարանական ընտրություններն են՝ ոստիկանները ձեռք են բարձրացնում նրա վրա եւ մտցնում մեքենա։ Այստեղ ռեժիսորը մի այլ «կրեատիվ» լուծում է գտել եւ այդ պատկերը համադրել է Ցեղասպանության հուշահամալիրի պատկերի հետ․ չէ՞ որ թուրքերն էլ էին նույնձեւ վարվում մեր կանանց հետ։ Թշնամու հետ զուգահեռն ավելի է սրում պաթոսն ու կոնտրաստը։ Դաշնամուրի ակորդներով սկսվում, ջութակի ելեւէջներով էլ ավարտվում է ֆիլմը։

Ճարտարապետական փազլ

Ի տարբերություն «Երկիր ծիրանիի» 15 րոպեանոց ֆիլմի, «Երեւանի հանրություն» դաշինքի հոլովակը շատ կարճ է՝ 22 վայրկյան։ Հոլովակում փազլի նման հավաքվում են Երեւանի պատմամշակութային հուշարձանների շենքերը՝ Համալիր, Երիտասարդական պալատ, Փակ շուկա, «Զվարթնոց», Օպերա, Հանրապետության հրապարակ։ Փազլը հետո մարդկային կերպարանք է ստանում, մենք տեսնում ենք Հասմիկ Պապյանի, Թամար Հովհաննիսյանի, Կոմանդոսի լուսանկարները, ովքեր թեեւ չկան ցուցակում, բայց աջակցում են Անահիտ Թարխանյանին։ Վերջում պատկերն ամբողջանում է ավագանու ընտրություններին մասնակից անդամների լուսանկարներով։ Հոլովակն արված է դինամիկ, պատկերավոր եւ կրեատիվ լուծումներով։ Միայն վերջում է հնչում դաշինքի կարգախոսը՝ «Ի շահ հարազատ քաղաքի, քվեարկիր 2-րդ համարին՝ Երեւանի հանրություն դաշինք»։

Ժպտա քո ընտրողին

«Ժառանգության» նախընտրական տեսահոլովակը կարծես նախատեսված լինի մանկապատանեկան մրցույթի համար՝ դեղին, սրտիկ-աչուկներով սմայլիկներն ամենուր են՝ հոլովակի մեջ, անգամ պաշտոնական պաստառի վրա։ «Ժպտա, եթե ուրախ ես, եթե սիրում ես, ժպտա թաքուն կամ Ֆեյսբուքում»․ այսպիսի հանգերով է սկսվում նախընտրական քարոզչահոլովակի տեքստը՝ «Ժպտա, եթե հաղթել ես»։ Այստեղ արդեն տեսնում ենք թավշյա հեղափոխության, մեծ հանրահավաքների կադրերը, որին հաջորդում են Րաֆֆի Հովհաննիսյանի ժպտուն մանկական լուսանկարները։ «Ժպտա, քանի որ քո ժպիտն է կապում քո անցյալն ու ապագան, քո ամենամեծ ժառանգությունը ժպիտն է»,-ամփոփում է իր խոսքը հեղինակը։ Մի խոսքով, տեսահոլովակի հիմքում ընկած է Րաֆֆի Հովհաննիսյանի ամերիկյան ժպիտի պատմությունը, որը նրա ամենամեծ ժառանգությունն է, իսկ թե ինչ ծրագիր է առաջարկում՝ ոչ մի խոսք։ Հոլովակում «Ժառանգությունն» իր ընտրողին առաջարկում է սեպտեմբերի 23-ին նույնպես ժպտալ, հերթով ժպիտով նույն հորդորն են հղում ցուցակում ընդգրկվածները։ Չգիտեմ՝ քվեաթերթիկում «Ժառանգության» 5-րդ համարի դիմաց դեղին սմայլիկ կլինի, թե ոչ, բայց հոլովակում այն առկա է։

Եկել է Ռեֆորմիստների ժամանակը

Ավագանու ցուցակում 11-րդ համարի տակ ընդգրկված Ռեֆորմիստների կուսակցությունն իր կարճ հոլովակում 2 շեշտադրում է արել՝ կառուցում եւ արվեստ։ «Եկել է մեր ժամանակը»․ այս կարգախոսն է որդեգրել կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը։

Հեղափոխական շեփոր

Հեղափոխական շեփորի, Արարատի եւ Երեւանի համայնապատկերի ներքո կարճ ներկայացվում է Հայ հեղափոխական դաշնակցության համարը քվեաթերթիկում եւ կարգախոսն ավագանու ընտրություններում․ «Միասին՝ հանուն Երեւանի»։ Սա նույնիսկ նախընտրական հոլովակ չես համարի։

Արեւն ու Հայկազունները

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության նախընտրական հոլովակում քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանն է խոսում։ Նա ասում է՝ տեսել է այդ գերհզոր ուժը, որ կանգնած է եղել թավշյա հեղափոխության թիկունքում, դա ասֆալտի վրա արեւ նկարող աղջնակն է, եւ բոլորս պետք է պատասխանատու լինենք այդ արեւի եւ աղջնակի համար։ Նպատակն ազնիվ է ու կարճ ձեւակերպված։ Միայն թե կադրում մանկական աշխարհի իդիլիան խախտվում է, երբ աղջնակն արեւի տակ «մերժիր» բառն է գրում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X