Հանրապետականների պահվածքը Մարտի 1-ի զոհերի փոխհատուցման հարցում բարոյական չէ

ԱԺ «Ելք» խմբակցությունը դեռեւս փետրվարին էր ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր փոխհատուցում տալ 2008 թ. մարտի 1-2-ի զոհերի հարազատներին: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, որի առաջարկը պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն չտվեց: Հեղափոխությունից հետո հանրապետականների դիրքորոշումը հանկարծ փոխվեց: «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանի հեղինակած նախագիծը նույն թեմայով, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկեց անցած շաբաթ, ընդհանուր առմամբ դրական արձագանքներ ստացավ: Սակայն հանրապետականները դեմ են, որ Մարտի 1-ի զոհերն առանձնահատուկ կարգավիճակ ստանան, առանձնացվեն մյուս բռնությունների զոհերից: «Մենք կողմ ենք, որ ընդլայնված կոնցեպտ դնենք, բռնությամբ կատարվող հանցագործությունների, այդ թվում նաեւ Հոկտեմբերի 27-ի կամ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերում օրենքով եւս տրամադրել փոխհատուցումներ»,- սեպտեմբերի 5-ի նիստին հայտարարեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։ ՀԱԿ-ը եւս 2014 թ․ սեպտեմբերին Մարտի 1-ի զոհերի փոխհատուցմանն առնչվող օրինագիծ է ներկայացրել: Այդ օրինագծի հիմքում հենց Գեւորգ Կոստանյանի ասած «ընդլայնված կոնցեպտն» էր: Այն վերաբերում էր բռնությունների զոհերի իրավահաջորդների փոխհատուցմանը: Փաստաթուղթը հեղինակել էին այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը: Եվ այն ժամանակ հանրապետականներն այսօրվա դիրքորոշմանը 180 աստիճան հակառակ կարծիք ունեին: ՀԱԿ իրավական հարցերի խորհրդատու Արմեն Խաչատրյանը Հանրապետականի պահվածքն «անբարոյական» է համարում:

- Ինչո՞ւ, լավ չէ՞, որ նման «անակնկալ» են մատուցել «Ելք»-ին:

-2014 թվականին ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացվեց օրենքի նախագիծ, որը կոչվում էր «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենք: Այն ժամանակ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ԱԺ համապատասխան հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեցին մեզ: Որպեսզի ԱԺ լիագումար նիստում այդ օրինագիծը չտորպեդահարեն, իսկ ՀԱԿ խմբակցությունն ուներ հնարավորություն այդ օրենքն արտահերթ կարգով մտցնելու լիագումար նիստ, մեր ֆրակցիայի կողմից հետաձգվեց օրենքի քննարկումը մեկ տարի ժամանակով: Բոլոր այն դեպքերում, երբ խախտվել էր կյանքի իրավունքը, նաեւ երբ ծանր մարմնական վնասվածքներ էին հասցվել, պետությունը փոխհատուցում էր տալիս տուժածին, եթե հանցագործություն կատարած անձը չէր բացահայտվում կամ եթե չէր կարողանում ինքը փոխհատուցել: Այն ժամանակ մեզ առարկեցին, որ այդ օրենքը բյուջեի վրա մեծ բեռ է դնելու: Մյուս կողմից՝ արդեն կուլիսներում, մեզ ասում էին՝ դուք ուզում եք Մարտի 1-ի զոհերի հարցն այս օրենքի միջոցով լուծեք: Հիմա որ «Ելք»-ի պատգամավորները բերել են կոնկրետ Մարտի 1-ի զոհերին փոխհատուցում տալու օրենքի նախագիծ, ստացվում է, որ հանրապետական պատգամավորները «կողմ» են «ընդլայնված կոնցեպտին»: Ես լսեցի Գեւորգ Կոստանյանին, որն այն ժամանակ գլխավոր դատախազ էր, Արփինե Հովհաննիսյանին, որոնք ասում էին՝ ինչո՞ւ միայն Մարտի 1, եթե կա էս տեսակի օրենք կամ Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին կոնվենցիա:

- Ի դեպ, ինչո՞ւ Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիային Հայաստանը չմիացավ:

-Այդ կոնվենցիային միանալու հարցը հասավ մինչեւ ԱԺ, նախագծի տեսք ստացավ, բայց այդպես էլ չքվեարկվեց, ու երբ որ մենք այդ հարցը բարձրացրինք, Սերժ Սարգսյանը հետ կանչեց այդ կոնվենցիան ԱԺ-ից: Հիմա իրենք հարց են բարձրացնում, թե ինչու միայն Մարտի 1, անհրաժեշտ է բոլոր բռնությունների զոհերի հարազատներին փոխհատուցել, պետք է օրենքը դարձնել ամբողջական, որ բոլորին վերաբերվի եւ այլն: Համարում եմ, որ սա ՀՀԿ-ի կողմից բարոյական չէ, որովհետեւ ընդամենը երկու-երեք տարի առաջ այդ նույն ՀՀԿ-ն ուղղակի տորպեդահարեց այդ օրենքի նախագիծը՝ չբերելով ոչ մի հիմնավոր փաստարկ: Միակ հիմնավորումը՝ որ դա բյուջեի վրա մեծ բեռ է լինելու:

- Ինչո՞ւ էր ՀՀԿ-ն խուսափում փոխհատուցում տալ Մարտի 1-ի դեպքերից տուժածների հարազատներին: Ի վերջո, սա բացահայտման հետ կապ չունի:

-Խուսափում էին, որովհետեւ Մարտի 1-ի տուժածների հարազատները եթե ստանային փոխհատուցում, ապա պաշտոնապես կարձանագրվեր, որ նրանց հարազատների կյանքի իրավունքը խախտվել է: Անհրաժեշտ է, որ Հայաստանը վավերացնի բռնությունների զոհերին փոխհատուցում տրամադրելու կոնվենցիան եւ ընդունի համապատասխան օրենք: Բայց գտնում եմ, որ Մարտի 1-ի զոհերի փոխհատուցման հարցն ԱԺ-ն պետք է առանձին օրենքով կարգավորի, մանավանդ՝ վերջին բացահայտումների ֆոնին: Սա այն հարցն էր, որը շատ վաղուց պետք է լուծված լիներ, դեռ 2008 թվականին: Եթե հիշում ենք, 2008 թվականին այն ժամանակվա իշխանությունները փոխհատուցեցին մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով նյութական վնաս կրած անձանց՝ վառված մեքենաների, թալանված խանութների եւ այլնի համար: Համաչափության մասին չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ չի հետաքրքրել, բայց ենթադրվում է, որ ողջամիտ փոխհատուցումներ այն ժամանակ տրամադրվեցին: Դրանից առաջ իշխանությունները պարտավոր էին փոխհատուցում տալ զոհվածներին: Բայց իշխանությունները զոհերին հակառակորդ «կողմ» էին համարում ու այդ պատճառով էլ փոխհատուցում տրամադրելու հարցն իշխանության օրակարգում այդպես էլ չհայտնվեց, մինչեւ հեղափոխության արդյունքում կազմավորվեց նոր իշխանություն, որն էլ իր օրակարգային առաջնահերթությունների մեջ դրել է Մարտի 1-ի բացահայտումը, այդ թվում՝ վնասի փոխհատուցման տրամադրման հարցը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X