Միգուցե Ադրբեջա՞նն է գաղտնալսել

Նախկին ԱԱԾ-ական Գուրգեն Եղիազարյանն ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը, մեկ բառով ասած՝ համարում է խայտառակություն։ Եվ խայտառակություն է բոլոր մասերով՝ ե՛ւ բովանդակության, ե՛ւ այն մասով, որ ԱԱԾ տնօրենին կարողացել են գաղտնալսել եւ հրապարակել։ Բացի այդ, Եղիազարյանն ուղղակի սարսափ է համարում այս խոսակցության այն հատվածը, երբ ԱԱԾ տնօրենն ասում է՝ դատավորի հետ խոսել է, նա խոստացել է, որ կկալանավորի։

- Պարոն Եղիազարյան, սրա թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատականն ինչպիսի՞ն պետք է լինի։

-Դա իրենց գործն է, ես չեմ կարող ասել՝ ինչպիսին պետք է լինի, համենայնդեպս, մենք փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, գիտենք, թե մեր հարեւաններն ինչպես են էս ամենին նայում, եւ շատ վատ է, որ ԱԱԾ-ի պետին գաղտնալսում են՝ իր ընդհանուր հետեւանքներով։

- Իսկ ո՞վ կարող էր անել, ո՞վ ուներ նման հնարավորություն՝ գաղտնալսելու ի պաշտոնե երկրի թիվ մեկ գաղտնալսողին։

-Առաջինը պետք է փնտրել հենց ԱԱԾ-ում գաղտնալսողներին։ Երկրորդը․ պետք է նայել, թե վերջին 5-6 տարվա ընթացքում ինչ սարքավորումներ են ներկրվել, եւ ով է ձեռք բերել, որովհետեւ այդ գաղտնալսումը պետք է լինի հատուկ սարքավորումներով։ Ես չեմ կարծում, որ բացարձակ բաց կապով են խոսել։ Եթե բաց կապով են խոսել իրար հետ, ապա բացահայտումն անհնարին կլինի, որովհետեւ հատուկ կոդեր կան, որ հավաքելուց հետո կարող ես միանալ հեռախոսին։

- Իսկ եթե ինտերնետի միջոցով են խոսել, որեւէ ծրագրով՝ Viber, WatsApp:

-Viber-ը եւ մյուսներն ապահովված կապեր են, դրանց համար հատուկ սարքավորումներ են հարկավոր, ինչի մասին արդեն ասացի։

- Այսինքն՝ ավելի հավանակա՞ն է, որ բջջային օպերատորի միջոցով են խոսել։

-Այո, հավանականությունը մեծ է, որ սովորական կապով են խոսել։

- Անմիջապես կարծիքներ շրջանառվեցին, որ հնարավոր է Մոսկվայի կողմից է այս գաղտնալսումն իրականացվել, ռուսական հատուկ ծառայությունների միջոցով։ Դա հնարավո՞ր տարբերակ է, թե՞ ավելի հավանական է, որ մեր ԱԱԾ-ից են դա արել։

-Ի՞նչ կապ ունի Մոսկվան այդ գաղտնալսման հետ։ Ոչ, Մոսկվան ստեղ կապ չունի։ Միգուցե Ադրբեջա՞նն է գաղտնալսել։ Չէ՞ որ էդ խոսակցություններն այդքան էլ հարիր չեն բարձրաստիճան պաշտոնյաներին։ Փաստորեն, խոսում են միջամտության եւ իրենց անելիքների մասին, դա շատ վատ է։

- Սա դատական համակարգի անկախության մասով արդյոք խարխլո՞ւմ է նոր իշխանությունների հիմքերը։ Հասարակության վերաբերմունքը կարո՞ղ է փոխվել։

-Հասարակության վերաբերմունքը մեկից էդպես չի փոխվի։ Բայց շատ վատ է, որ մենք, լինելով պատերազմող երկիր, փաստորեն, գտնվելով մեր հակառակորդների բացարձակ ճնշման տակ, հնարավոր է ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսել։ Սա, մեկ բառով ասած՝ խայտառակություն է։

- ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի մեկնաբանություններն ասուլիսում Ձեզ մոտ ի՞նչ տպավորություն թողեցին, եւ Դուք ի՞նչ հասկացաք դրանից։

-Ես հույս ունեի, որ իրենք կհրաժարվեին, կասեին, որ իրենք չեն խոսացողները։ Մենք չունենք էդ հնարավորությունները՝ իդենտիֆիկացիայի։ Էսպես, թե էնպես, միգուցե պետք էր հրաժարվել։ Ամենալավ տարբերակը մեզ համար այն էր, որ հրաժարվեին։ Բայց չհրաժարվեցին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X