Կադրային ջարդ՝ արագընթաց տեմպերով

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն մեկ ամիս աշխատում էր առանց ղեկավարի։ Նախկին նախագահը՝ Մարտին Սարգսյանը, պաշտոնանկ է արվել հուլիսի 8-ին, իսկ նոր ղեկավար Սարհատ Պետրոսյանը կոմիտեի նախագահ նշանակվեց օգոստոսի 8-ին։ Այս մեկ ամսում աշխատանքից ազատվողներ չեղան։ Անգամ Մարտին Սարգսյանի մամուլի քարտուղարը՝ Լուսինե Նազարյանը, դիմում չգրեց։ Նոր պետի գալով՝ համակարգում իսկական կադրային կոտորած սկսվեց։ Անգամ մի քանի ամսվա աշխատողներին է առաջարկվում դիմում գրել։

Պատճառաբանությունը մեկն է՝ մենք ձեզ հետ չենք կարող աշխատել։ «Ես ընդամենը վեց ամիս առաջ էի ընդունվել գործի, հազիվ էի այդ աշխատանքը գտել։ Կանչեցին ասեցին՝ պետք է դիմում գրես»,- գանգատվում էր երիտասարդ քաղծառայողներից մեկը։ Կադաստրի համակարգը Հայաստանում ամենակայացած պետական մարմիններից էր։ Ցանկացած փաստաթուղթ կարելի էր ստանալ մեկ-երկու ժամում, առանց ավելորդ քաշքշուկի։ 2012 թվականից կադաստրը վարվում է ավտոմատացված համակարգով, սպասարկման գրասենյակներն աշխատում են ժամացույցի ճշգրտությամբ։ Համակարգն այս շատ առաջ էր քաղաքացիներին սպասարկող այլ կառույցներից, օրինակ, ԴԱՀԿ-ից։

«Մենք միշտ օրինակ էինք մյուսների համար։ Այո, պետտուրքերը բարձր էին, բայց մենք ինքներս բարձրաձայնում էինք բարձր պետտուրքերի մասին»,- մեզ հետ կիսվեց նախկին աշխատողներից մեկը։ Նա չցանկացավ անունը հայտնել՝ ասելով․ «Չեմ ուզում մտածեն, թե նեղացածներից եմ։ Խոսում եմ, որովհետեւ մասնագետների հետ այսպես չի կարելի վարվել»։ Մենք հարցեր ուղարկեցինք Կադաստրի կոմիտեի ղեկավարին եւ կոմիտեի տեղեկատվության բաժնից ստացանք պատասխաններ։ Ի դեպ, այս բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Ռուզան Խաչատրյանը, որը նախկինում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսնակն էր։

Նա հայտնում է, որ Սարհատ Պետրոսյանի օրոք աշխատանքից ազատվել են 21 նախկին աշխատակիցներ, իսկ ընդունվել են 7-ը։ «Նույն ժամանակահատվածում եղել է եւս 8 նշանակում։ Այդ 8 պաշտոնները թափուր էին մինչեւ Սարհատ Պետրոսյանի նշանակումը»։

- Քանիսի՞ն է կոմիտեի նախագահն առաջարկել ազատման դիմում գրել եւ ինչո՞ւ։

-Կոմիտեի ղեկավարի հետ աշխատանքային քննարկումների ժամանակ փոխադարձ համաձայնությամբ մի քանի աշխատակից որոշել է ազատման կամ պայմանագրի դադարեցման դիմում գրել։

- Գիտենք, որ աշխատանքից ազատվելու առաջարկ է արվել անգամ ամենակրտսեր անձնակազմին: Այդպե՞ս է, թե՞ ոչ։ Եթե այդպես է, ապա ո՞րն է պատճառը։

-Սարհատ Պետրոսյանն աշխատակիցների հետ տարբեր հանդիպումներում բազմիցս ասել է, որ իր համար չկա տարանջատում «բարձր պաշտոնով», «անպաշտոն», թե որեւէ այլ կատեգորիայի աշխատակիցների միջեւ, եւ որ ինքը բոլորին գնահատում է միայն իրենց կատարած աշխատանքով։

- Ազատվածներից մի քանի անուն նշեք:

-Անունների ամբողջական ցանկից մի քանիսինը հանելը կարող է միտումնավոր ընտրության կասկած առաջացնել, ուստի ձեռնպահ կմնանք անուններ առանձնացնելուց։

ՀԳՀարցերին լիարժեք պատասխան չստացանք, ինչը հաստատում են մեր տեղեկությունները կադրային ջարդի մասին եւ համոզմունքը, որ կադրերը Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարն են։ Նրա օրոք ավելի է խորացել նախկին իշխանություններից ժառանգած ծանոթ-բարեկամ, քավոր-սանիկության հիմունքներով մարդկանց գործի ընդունելու սկզբունքը։ Փաստորեն, եթե Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման առաջին օրն ու շաբաթ-կիրակիները հանենք, ապա կստացվի, որ նա օրական մի մարդ է ազատել աշխատանքից։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X