ՀՀԿ-ի աջակցությունը կդիտվի սեւ քարոզչություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ եթե ՀՀԿ-ն այս ընտրություններում սատարի իրենց ձեւավորած «Լույս» դաշինքին, դա կլինի սեւ PR իրենց դեմ։ Իսկ մամուլում, նկատենք, նման տեղեկություններ են արդեն շրջանառվում, որ ՀՀԿ-ն հնարավոր է սատարի «Լույս» դաշինքին ու Արտակ Զեյնալյանին։ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ այդ տեղեկատվությունը մեր դեմ սանձազերծված սեւ PR-ի արդյունք է»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Մարուքյանը։

- Ինչո՞ւ է սեւ PR, վա՞տ կլինի, որ ՀՀԿ-ն աջակցի ձեզ։

-Նայեք, Հանրապետականը կուսակցություն է, որ ունի անդամներ կամ հեղափոխությունից հետո կարող ա չունի էլ էդ անդամներին։ Էդ անդամները մարդիկ են, քաղաքացիներ։ Հիմա հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց։ Պարզ ա, չէ՞, որ էդ փողոց դուրս եկածների մեջ եղել են մարդիկ, ովքեր նախկին ընտրությունների ժամանակ ձայն չեն տվել ընդդիմությանը, ասենք՝ կոնկրետ «Ելք» դաշինքին չեն տվել։ Եվ էդ մարդիկ բոլորը փոխվել են։ Հիմա մարդիկ կլինեն, որ բոլոր ուժերին էլ կգնան կընտրեն։ Հիմա հարց եմ Ձեզ տալիս, ինչպես որ Փաշինյանն էր նշում, 70 տոկոս ձայն տանեին իրենք, էդ ձայների մեջ կարա՞ն լինեն նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին քվեարկած։

- Խոսքը ՀՀԿ-ի վերնախավի կողմից ձեզ աջակցելու քաղաքական որոշման մասին է։

-Չի կարող լինել։

- Ձեզ կվնասի՞ դա, եթե ՀՀԿ-ն ձեզ պաշտպանի։ Ի վերջո, նրանք էլ ունեն, չէ՞, ընտրության իրավունք։

-Ուրեմն, պաշտոնապես եթե հայտարարեն, որ պաշտպանում են որեւէ մի ուժի, դա կլինի այդ ուժի դեմ սեւ PR, դավադրություն կլինի։ Հետեւաբար, որեւէ ուժ չի ակնկալում, որ ՀՀԿ-ն իրենց պաշտպանի։ Եվ ավելին ասեմ՝ մենք մեր ընտրողներն ունենք, մենք շատ հանգիստ քարոզարշավ ենք իրականացնում, մենք մեր սեգմենտն ունենք, մենք մեր սեգմենտի վրա ենք աշխատում։

- Բայց ՀՀԿ-ի ձայները փաստացի պարապ են այս պահին, նրանց էլեկտորատն ազատ է, կարող են, չէ՞, որեւէ տեղ գեներացվել։

ՀՀԿ-ի ձայները դրանք քաղաքացիներն են։ Հիմա կարող ա դու նախորդ ընտրություններին ձայն ես տվել ՀՀԿ-ին, էս ընտրություններին կարող ա ձայն տաս ԲՀԿ-ին, կարող ա ձայն տաս, ասենք, «ՔՊ»-ին, կարող ա ձայն տաս «Լույս» դաշինքին, կարող ա ձայն տաս մյուս ութ ուժերին, դա նշանակում ա, որ Սերժ Սարգսյանը քեզ զանգել ասել ա՝ գնաս ընտրե՞ս մեկին։ Մենք ակնկալիք չունենք, մենք չենք սպասում, եւ որեւէ ձեւով մեզ հետ դա կապ չունի։ Դա մեր դեմ իրականացվող սեւ PR է, եւ գնացեք բոլոր շտաբներում նայեք տարբեր ուժերի եւ կգտնեք հանրապետականների, բայց մեր շտաբներում չեք գտնի։

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ նախ հայտարարեց, որ ՀՀԿ-ն որոշում չունի, թե ում է սատարելու այս ընտրություններում, ապա խոստովանեց, որ իրենց կողմից աջակցությունը կվնասի ցանկացած ուժի։

«Եվ դժվար էլ ունենա (քաղաքական որոշում` հեղ․) կենտրոնացած քաղաքական որոշում՝ հաշվի առնելով, որ մենք չենք մասնակցում այս ընտրություններին»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտյանը։

- Ստացվում է՝ ձեր էլեկտորատը պարա՞պ է մնալու այս ընտրություններին։

-Մեր էլեկտորատը, բնականաբար, մոբիլիզացման կարիք կունենա, եւ թող մնացած թեկնածուները փորձեն գործնական ծրագրերով, Երեւանի զարգացման տեսլականներով ապացուցեն, որ իրենք կարող են ղեկավարել քաղաքը, որն այս տարի նշելու է Երեւանի 2800-ամյակը։ Մեր էլեկտորատը սովոր չի ձայն տալ պոպուլիզմին, մեր էլեկտորատը սովոր չի ձայն տալ հրապարակային հռետորներին, մեր էլեկտորատը սովորել է ձայն տալ կոնկրետ ծրագրերին, կոնկրետ լավ կառավարիչներին։

- Իսկ Դուք՝ որպես Արմեն Աշոտյան, մասնակցելո՞ւ եք ընտրություններին։

-Անպայման, իհարկե։

- Ունե՞ք կողմնորոշում՝ ո՞ւմ պետք է ձայն տաք։

-Եթե հիմա ասեմ՝ ում եմ ընտրելու, էդ մարդուն ավելի շատ հարված կհասցնեմ, որովհետեւ սեւ քարոզչությունն իշխանական դաշտից՝ անկախ նրանից, թե ես հիմա ում անունը կտամ՝ Արտակ Զեյնալյանի, Արարատ Զուրաբյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ այլն, կթիրախավորվի որպես՝ ահա, տեսեք, հանրապետականները տակից պահում են սրան, նրան կամ մյուսին։

- Ինչո՞ւ պետք է դա սեւ քարոզչություն համարվի, եթե ՀՀԿ-ն սատարի որեւէ ուժի։ Պատվաբե՞ր չէ ՀՀԿ-ի աջակցությունը։

-Գիտե՞ք, հասարակության մթնոլորտում կա դեռեւս անհանդուրժողականության եւ ատելության որոշակի էներգիա, որը չի պարպվել։ Եվ իշխանական քարոզչամեքենան այն պահերին, երբ որ չի հասնում հաջողությունների, նորից սկսում է պայքարել նախորդ իշխանությունների ուրվականների դեմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X