Ինչպես են գաղտնալսել

Երեկ փորձեցինք ՀՀԿ-ականներից մեկնաբանություն ստանալ սկանդալային ձայնագրության մասին, սակայն նրանք ձեռնպահ մնացին՝ այդ ծանր գործը թողնելով կուսակցության ռմբարկուների՝ Արմեն Աշոտյանի եւ Էդուարդ Շարմազանովի վրա։ ԲՀԿ-ական պատգամավորները նույնպես գլուխները չդրեցին ցավի տակ, Գեւորգ Պետրոսյանը, Վարդեւան Գրիգորյանը ձայնագրությունը հրապարակվելուց 2 ժամ անց ասում էին, թե ծանոթ չեն։

Ավելի ուշ Պետրոսյանը հայտնեց, թե ձայնագրությունից միանշանակ տպավորություն չի ստացել դատարանների եւ իրավապահ կառույցների ղեկավարների վրա ճնշումների վերաբերյալ. «Ես չեմ կարող ասել, որ միջամտություն եղել է, դա լիարժեք ուսումնասիրություն է պահանջում»։ Էդմոն Մարուքյանն էլ խուսափեց գնահատականներից, չնայած նա Ալեն Սիմոնյանի հետ հետեւում էր Փաշինյանի «լայվին» եւ հընթացս քայլում դեպի «Ելք» խմբակցություն, սակայն մեզ պատասխանեց, որ հանդիպման է եւ ծանոթ չէ ձայնագրությանը։ ԱԺ հայտարարությունների ժամին Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե հաստատվեցին օդում կախված լուրերը, որ վարչապետն անձամբ ուղղորդում եւ համակարգում է քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերը: Աշոտյանը նշեց, որ իր համար զարմանալի է Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի՝ համատեղ ասուլիսում արված այն հայտարարությանը, որ իրենց խոսակցությունը մասնավոր զրույց է եղել:

«Այն, որ դատավորներին զանգում ու ասում են՝ սրան-նրան ձերբակալեք, սրան-նրանը իմ խոսքերը չեն, ու դա ասվում է՝ մասնավոր զրույց է: Այստեղ ՀԱԿ-ի ասած՝ ռեժիմը խուճապի մեջ է: Փորձում են սենսացիաներ բարձրաձայնել, բայց անգամ եթե Քենեդու սպանողի անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել։ Այլ հարց է նաեւ, թե որքանով է նախաքննության գաղտնիքը խախտվել»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ վարչապետը դարձել է կոռուպցիայի դրոշակակիրն ու քավորը: ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանն էլ, քննադատելով Փաշինյանի կադրային քաղաքականությունը եւ «մեր դեմ խաղ չկա» թեզը, պատասխան պահանջեց ԱԱԾ պետից․ «Այդ ինչպե՞ս է ստացվել, որ գաղտնալսվել է․․․ Եթե իմ երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ հեռախոսազրույցը գաղտնալսելուց, ապա էլ ի՞նչ կարելի է ասել մեր՝ քաղաքացիներիս մասին: Նման կադրերով կարո՞ղ ենք հասնել հեղափոխության խնդիրների լուծմանը»:

Մեկնաբանություն
X