Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Այդ գաղտնալսումը հարված էր ոչ թե իշխանությանը, այլ պետությանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ իշխանությունները զբաղված էին «Շանթ-2018» զորավարժություններով` պետական ապարատը բերելով «պատերազմական վիճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին մարտի 1-ի գործի մասին:

Ու այլեւս մեծ կարեւորություն չունի երկու պետական պաշտոնյաների հեռախոսազրույցի բովանդակությունը: Ինքնին փաստը, որ գաղտնալսվել են ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը, այդ գաղտնալսման ձայնագրությունը հայտնվել համացանցում, պարզապես խայտառակություն է:

Տեղի ունեցածը լրջագույն հարված էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, թիրախում հայտնվել են ՀՀ անվտանգության ապահովման հարցում ամենաառանցքային դեր ունեցող պաշտոնյաները:

Եվ հետո, հայտնի չէ, թե հրապարակող անանուն կողմը էլ ինչ ձայնագրություններ ունի, ինչեր կարող է հրապարակել: ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Եվ հիմա գաղտնալսում իրականացրած անձանց օր առաջ բացահայտելը պարզապես հրամայական է, այլապես կարելի է բավական հեռուն գնացող, տխուր հետեւություններ անել:

Մանավանդ, երբ այս ձայնագրությունը համացանցում տեղադրված էր դեռ սեպտեմբերի 5-ից, բայց այդ մասին իմացվեց, երբ լրատվամիջոցները հանկարծ պարզեցին ու գրեցին: Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, թե հակված չէ հավատալ, որ իրենց համակարգում դավաճաններ կան:

Բայց չմոռանանք, որ Մանվել Գրիգորյանի բանտային լուսանկարը հենց ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հայտնվեց լրատվամիջոցներում: Ուստի ամենեւին բացառված չէ, որ համակարգում էլի գտնվեն այդպիսի մարդիկ, որոնք աշխատում են դեռ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից եւ մարդկային փոխհարաբերություններ կարող են ունենալ նրանց կամ նրանց թիմի հետ:

Բացի այդ, տարիներ առաջ խոսվեց, որ պաշտոնյաներից եւ մեծահարուստ գործարարներից ոմանք ձեռք են բերել գաղտնալսող սարքավորումներ, ինչպիսիք կան իրավապահ համակարգում, եւ փորձում են միմյանց նկատմամբ այդպես վերահսկողություն իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X