«Հրապարակ»․«Ելք»-ում կոմպրոմիսի են գնացել

«Ելք» խմբակցության ղեկավարի շուրջ վերջնական համաձայնությունը, ըստ մեր աղբյուրների, այնքան էլ հեշտ չի կայացել։ Էդմոն Մարուքյանը մի կերպ է զիջել, ընդ որում՝ նույն «Լուսավոր Հայաստանի» աղբյուրները դա բացատրում էին նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հակված չի եղել Արտակ Զեյնալյանին արձակուրդ տալ, խմբակցության ղեկավարի շուտափույթ ընտրության հարցն է դրել, իրենք էլ ստիպված համաձայնել են։ «Հանրապետություն» կուսակցությունից ասում են՝ ընդհանուր առմամբ, «ՔՊ»-ն չի ցանկացել, որ Արտակ Զեյնալյանն առաջադրվի, մենք ասացինք՝ եթե արձակուրդ չտաք, Արտակը դիմում կտա, դուրս կգա կառավարությունից, Փաշինյանն ասել է՝ ոլորտն էսօր ամենածանրաբեռնվածներից է, գործերը՝ մանավանդ ՄԻԵԴ-ի մասով, շատ-շատ են, ուշացնել չի կարելի, առաջարկել է՝ իր նման, աշխատանքից հետո, ժամը 6-ին քարոզարշավին Արտակը մասնակցի, չեն համաձայնել։

«Բայց դե Արտակն օրվա մեջ մի երկու ժամ զբաղվում է ՄԻԵԴ-ի գործերով, մնացած ժամանակը տրամադրում է քարոզչությանը»,- ասաց «Հանրապետության» մեր աղբյուրը։ Իսկ ո՞վ է ֆինանսավորում «Լույսի» քարոզարշավը, խոսակցություններ կան, որ ահագին լուրջ սպոնսորներ ունեք, այդ թվում դրսից՝ Ռուսաստանի հայտնի դեմքեր։ «Չկա նման բան, հակաքարոզչություն է, Արամ Սարգսյանն է հիմնական ֆինանսավորողը ու թիմի մնացյալ անդամները»։ Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ ձեր թեկնածուն է հաղթել, տեր կկանգնե՞ք ձեր հաղթանակին, թե՞, ինչպես Մանե Թանդիլյանի, ֆրակցիայի ղեկավարի դեպքում, «երգով կնահանջեք»։ «Երբե՛ք, չկասկածե՛ք, տեր ենք լինելու»։ Ի դեպ, Արտակին Երեւանի խնդիրների նրբություններում օգնում են ոչ միայն «Ելք»-ի Երեւանի ավագանու կարկառուն անդամները, նրանց թվում՝ Դավիթ Խաժակյանը, Անահիտ Բախշյանը, այլեւ Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը։

Մեկնաբանություն
X