Իրավունք

Աննախադեպ, կրկնակի, եռակի խայտառակություն․ փաստաբանը ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին գաղտնալսելու մասին

Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը, նրանց համատեղ մամուլի ասուլիսն ու պարզաբանումները դարձան օրվա ընթացքում ամենաքննարկվող թեման։ Գաղտնիք չէ, որ նրանց գործունեությունը հարվածում է տարիներ շարունակ կոռուպցիայի մեջ թաթախված եւ ամրապնդված որոշակի շերտերի շահերին, որոնք ապրիլյան հեղափոխությունից հետո հայտնվել են խիստ անբարենպաստ իրավիճակում։

Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ եթե որոշակի շրջանակներ ունեցել են հնարավորություն ոչ միայն գաղտնալսելու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին, այլեւ այդ ձայնագրությունը հրապարակելու, ապա դա լրջագույն սպառնալիք է՝ ուղղված ՀՀ ազգային անվտանգությանը։ Ըստ նրա՝ նրանք, ովքեր ունեն այդպիսի հասանելիություն, հնարավոր է, որ տիրապետեն նաեւ այլ տեղեկությունների, որոնք կարող են կաթվածահար անել Հայաստանի պետական համակարգը։ «Ես սա համարում եմ Քրեական օրենսգրքով արգելված արարք։ Ձայնագրվել թույլատրելի է միայն դատարանի թույլտվությամբ, խախտվել է այդ ընթացակարգը։ Իսկ գաղտանլսման շարժառիթն ու նպատակը պետական համակարգի, մասնավորապես՝ իրավապահ համակարգի գործունեությունը խաթարելուն է ուղղված եղել։ Այլ կերպ ասած՝ սա քրեական օրենքով արգելված արարք է՝ նախատեսված ՀՀ քր․ օր-ի 304 հոդվածով (վնասարարություն)։ Կարծում եմ, Գլխավոր դատախազությունը սա պետք է դարձնի քննության առարկա եւ հարուցի քրեական գործ»,- մեզ հետ զրույցում նշեց Նորայր Նորիկյանը։

Մեր դիտարկմանը, թե արդեն ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ 146-րդ հոդվածի 1-ին մասով (անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդագրությունների գաղտնիությունը խախտելը) եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով, Նորայր Նորիկյանն արձագանքեց, որ դա հասկանալի եւ բնական է։ Սակայն, ըստ նրա, խնդիրը խորքային է․ ի՞նչ նպատակով է իրականացվել գաղտնալսումը եւ ի՞նչ նպատակով է այն հրապարակվել։ «Ակնհայտ է, չէ՞, որ այն ուղղված է Մարտի 1-ի գործով վարույթն իրականացնող մարմինների աշխատանքի դեմ։ Դրա նպատակն է կասկածամտություն սերմանելը, պետական մարմիններին հեղինակազրկելը, արժեզրկելը Մարտի 1-ի գործով իրականացվող քրեական հետապնդումը եւ ցույց տալը, որ գործադիր իշխանությունը միջամտում է դատաիրավական համակարգի գործունեությանը։ Հետեւաբար սա ի՞նչ է, եթե ոչ վնասարարություն, պետական մարմինների գործունեության դեմ ուղղված քայլ»,- ասաց փաստաբանը։

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ ղեկավարի խոսակցությունը գաղտնալսելը Նորայր Նորիկյանը համարեց աննախադեպ Հայաստանի պատմության մեջ։ Փաստաբանը հիշեցնում է, որ այդ գաղտնալսումն իրականացվում է հատուկ գործիքակազմի միջոցով, իսկ այդ գործիքակազմն առկա է կա՛մ ԱԱԾ-ում, կա՛մ ոստիկանությունում, կա՛մ դրանց կարող են տիրապետել այլ պետությունների հատուկ ծառայությունները։ Միաժամանակ նա կարծում է, որ գաղտնալսման հնարավորություն կարող են ունենալ այն հեռախոսային օպերատորները, որոնց կապից օգտվել է Արթուր Վանեցյանը կամ Սասուն Խաչատրյանը։ Նորիկյանը կարծում է, որ եթե ԱԱԾ-ի կողմից է գաղտնալսվել իրենց տնօրենը, ապա դա կրկնակի խայտառակություն է, եթե օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից է գաղտնալսվել ՀՀ երկու կարեւորագույն պաշտոնյաների խոսակցությունը, ապա կրկնակի խայտառակություն է եւ նոր մարտահրվեր։ Իսկ եթե որեւէ հեռախոսային օպերատորի կողմից է այն գաղտնալսվել, ապա, ըստ մեր զրուցակցի, եռակի խայտառակություն է։

Մեկնաբանություն
X