Ինչո՞ւ են կենդանիներին զննելու համար սահմանել 1000 դրամ

«Հրապարակ»-ի խմբագրություն էր զանգահարել Արարատի մարզի Նորամարգ համայնքի բնակիչ Ռոմանը (ազգանունը չցանկացավ նշել) եւ ներկայացրեց սպանդանոցների հետ կապված հետեւյալ խնդիրը։ «Երկու տարի է, ինչ Հայաստանում գործում են սպանդանոցները, մենք մեր կենդանիներին սպանդանոց հանձնելու համար գյուղապետարանից վերցնում էինք տեղեկանք, անասնաբույժը զննում էր կենդանիներին՝ պարզելու՝ առո՞ղջ են, թե՞ ոչ։ Մենք այդ փաստաթղթերը տանում, հանձնում էինք սպանդանոցին, եւ դա անվճար էր։

Այսինքն՝ անասնաբույժը զննումն իրականացնում էր անվճար հիմունքներով։ Այսօր ես նույն տեղեկանքը տանում եմ գյուղապետարան, ինձ ասում են, որ դրա համար սահմանել են հատուկ վճար, մանր եղջյուրավոր կենդանու համար սահմանել են 1000 դրամ, խոշոր եղջյուրավորների համար՝ 2000 դրամ։ Պատկերացրեք, դա 8-10 հոգանոց ընտանիքի տարվա եկամուտն է, 300 խոշոր եւ մանր եղջյուրավոր կենդանին այդ ընտանիքի եկամուտն է։ Հիմա այդ 300-ի համար գյուղապետարանն ուզում է գումար գանձել, որպեսզի անասնաբուժական ծառայություն մատուցի, հետո այդ սերտիֆիկատը տրամադրի, որ այդ կենդանիներն առողջ են, ենթակա են սպանդանոցային մորթի։ Ես նայել եմ ավագանու որոշումը, իրենք հղում են արել «Տեղական տուրքեր սահմանելու մասին» ՀՀ օրենքին։

Նախկինում անասնաբույժի ինստիտուտը չէր ենթարկվում գյուղապետարաններին, ենթարկվում էր մարզպետարաններին։ Այս տարվա հուլիսից, նոր օրենքով, կառավարության որոշմամբ, անասնաբույժի ինստիտուտը հանձնվել է գյուղապետարանի ենթակայությանը։ Ծախսերի մասը ապահովում է գյուղապետարանը։ Հիմա գյուղապետարանն էլ փնտրել է, գտել աղբյուր, թե որտեղից կարող է տալ աշխատավարձը։ Արդյունքում սահմանել են մի անտրամաբանական վճար՝ 1000 դրամ»,- նշում է քաղաքացին։ Նա մեր թերթի միջոցով ցանկանում է պարզաբանում ստանալ, թե ինչու են սահմանել այդ վճարը։

Մեկնաբանություն
X