«Գյումրու պատվավոր քաղաքացի»-ների շքերթ՝ ավագանու նիստին

>

Այսօր կայացավ Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգային բազմաթիվ հարցերից հետաքրքիր էին նաև Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելու որոշումները: Ավագանին այսօր միանգամից Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց 3 քաղաքացու: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ գյումրեցի ծանրամարտիկ Իսրայել Միլիտոսյանի հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը, նրա բացառիկ ձեռքբերումներն ու նվաճումները, վաստակած բարձր հեղինակությունն ու համբավը, ինչպես նաև իր ծննդավայր Գյումրու հանրահռչակումը սպորտի միջազգային մրցահարթակներում՝ Իսրայել Նիկոլայի Միլիտոսյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում: Իսրայել Միլիտոսյանը դարձել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն և մրցանակակիր, ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի և աշխարհի հաղթող և ռեկորդակիր, ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի և աշխարհի հաղթող և ռեկորդակիր:

Սեուլի 24-րդ ամառային օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր, Բարսելոնայի 25-րդ օլիմպիական խաղերի հաղթող, Ատլանտայի 26-րդ ամառային օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր:Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հիշեցնելով մարզիկի նվաճումները, նկատեց, որ նա չափազանց համեստ է եղել եւ երբեք չի պարծեցել ձեռքբերումներով ու առանձնահատուկ ուշադրության չի արժանացել: «Մենք դրա համար ներողություն չենք խնդրում, այլ տալիս ենք պատվավոր քաղաքացու կոչում »,-արդարացավ Սամվել Բալասանյանը: Ավագանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց նաև դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանին: Հաշվի առնելով Սերգեյ Նորայրի Նազարեթյանի՝ աղետի գոտում և մասնավորապես Գյումրու վերակառուցման ու զարգացման գործում ունեցած գիտագործնական ծանրակշիռ ներդրումը, վաստակած բարձր հեղինակությունն ու համբավը և նկատի ունենալով Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայից, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից, ինչպես նաև գիտության, մշակույթի, կրթության ոլորտների մի շարք գյումրեցի մտավորականներից ստացված գրությունները, ավագանին որոշմանը կողմ քվեարկեց՝ գնահատելով պրոֆեսորի՝ աղետի գոտում և մասնավորապես Գյումրու վերակառուցման ու զարգացման գործում ունեցած գիտագործնական ծանրակշիռ ներդրումը, վաստակած բարձր հեղինակությունն ու համբավը:

ԳԱԼԱ խմբակցությունն էլ հանդես եկավ իր նախագծով. առաջարկեցին հետմահու Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհել շվեյցարացի բարերար Լեոնարդո Գմյուրին, ով Գյումրիում բազմաթիվ շինարարական, մարդասիրական ծրագրեր է իրագործել: Նա Գյումրիում կառուցել է 3 դպրոց, մանկապարտեզներ, մանկատներ եւ հարյուրավոր բնակելի տներ: ԳԱԼԱ-ի առաջարկը ևս ընդունվեց, եւ դահլիճում ներկա, ազգությամբ հայուհի Գմյուրիի այրիին՝ Արմինե Գմյուր-Կարապետյանին, հրավիրեցին սեպտեմբերի 30-ին՝Գյումրու օրը, պատվավոր կերպով հանձնելու ամուսնու կոչումը նրան: Հիշեցնենք, որ Գյումրու ավագանին մոտ 2 ամիս առաջ արտահերթ նիստ հրավիրեց եւ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումներից զրկեց ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լևոն Սարգսյանին:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X