«Հաշմանդամությունն» ու «դժբախտությունը» չպետք է լինեն հոմանիշներ․ Արտակ Զեյնալյան

«Լույս» դաշինքը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպել էր «Դեպի ներառական Երեւան» հանրային քննարկումը, որին ներկա էին հաշմանդամության ունեցող անձինք եւ նրանց հարազատները։ «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ պատասխանեցին քննարկման մասնակիցների տարաբնույթ հարցերին։

Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ հանրային տրանսպորտի աշխատանքներին, որոնք բարդություններ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նա հիշեցրեց, որ բերել էին մեծ ավտոբուսներ, որոնց վրա տեղադրված էին վերելակներ, եւ ակնհայտ էր, որ նրանք չեն կարող շահագործվել, որովհետեւ մեծ մասը շարքից դուրս եկած են։ Նա նշեց, որ հեքիաթի ժանրից է գնել այնպիսի ավտոբուսներ եւ սայլակներ, որոնք նախատեսված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար եւ դրանք հարմարեցնել նրանց համար։ Դավիթ Խաժակյանն ասաց, որ նոր կառուցվող շենքերը պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց, առաջին հերթին՝ վարչական շենքերը։

Մինչդեռ, ըստ նրա, միայն շենքերի առաջին հարկերն են մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար, միշտ չէ, որ պատշաճ նորմերը պահպանվում են։ Նա նշեց, որ շենքերի մուտքերը պետք է լայնացվեն, որպեսզի մատչելի դառնան հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ըստ նրա՝ նոր վերելակային տնտեսության դեպքում լուծվելու են նաեւ այդ խնդիրները։ Մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե տրանսպորտը, վերելակները հարմա՞ր են լինելու նաեւ լսողության ու տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար։ Դավիթ Խաժակյանն ասաց, որ վերելակների դեպքում իրականացնելու են փուլային ծրագիր, եւ հնարավորություն տան վերելակի ներսում կողմնորոշվելու։ Մանե Թանդիլյանը նշեց, որ նման քննարկումների ժամանակ ինքը դահլիճում փնտրում է տարբեր գերատեսչությունների՝ տրանսպորտի, մշակույթի, սպորտի ոլորտների ներկայացուցիչների, որոնք կարող են պատասխանել մասնակիցների հարցերին։ Նա նկատեց, որ հաճախ հաշմանդամություն ունեցող անձինք չեն ցանկանում ներառվել հասարակությանը, քանի որ ունենում են տարբեր խնդիրներ։ Մանե Թանդիլյանն օրինակ բերեց եվրոպական երկրների փորձից, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեքորեն ինտեգրված են հասարակությանը։

Արտակ Զեյնալյանն ասաց, որ չպետք է «հաշմանդամություն» եւ «դժբախտություն» բառերը դրվեն կողք-կողքի, չպետք է լինեն հոմանիշ, եւ մարդիկ չպետք է բարդույթավորվեն։ Արդարադատության նախարարը վստահեցրեց, որ իրենք ստեղծելու են եւ՛ գումար, եւ՛ հնարավորություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Նա ուշադրություն դարձրեց անվտանգ երթեւեկությունն ապահովելու խնդրի վրա։ Արտակ Զեյնալյանն ասաց, որ թեեւ ինքն ունի հաշմանդամություն, բայց երբեք չի նվնվացել, առաջ է գնացել եւ լուծել հանրային խնդիրներ, որովհետեւ իրեն լիարժեք պատասխանատու է զգացել հասարակության առջեւ։

Մեկնաբանություն
X