Որ խառնաշփոթը մի քիչ նահանջի

Ընդհանրապես ժամանակակից աշխարհում ընդունված է, որ ազգը պետականություն կրող հանրույթն է, այսինքն այն բոլոր մարդիկ, որոնք ունեն նույն քաղաքացիությունը` մեկ ազգի ներկայացուցիչ են, անկախ իրենց էթնիկ ու այլևայլ տարբերություններից: Այսինքն եթե ես` լինելով հայ և ՀՀ քաղաքացի, ու ինչ որ եզդի կամ օրինակ ասորի, որը նույնպես ՀՀ քաղաքացի է, նույն ազգի ներկայացուցիչ ենք: Բայց այնուամենայնիվ մեզանում, ու ոչ միայն մեզանում, ընդունված է ազգ հասկացության ավանդական ընկալումը, որը նույնանում է էթնոս հասկացողության հետ:

Այդ առումով ուզում եմ բացատրել թե ինչ բան է ազգ-էթնոսը, որպեսզի մեր ժողովրդի որոշ ներկայացուցիչների գլուխներում այդ հարցի հետ կապված խառնաշփոթը գոնե մի քիչ նահանջի: Սկսեմ այնտեղից, որ էթնիկ խումբը ունի հաստատուն և փոփոխական հատկանիշներ, հաստատուն հատկանիշները այն հատկանիշներն են, որոնց փոփոխման դեպքում էթնոոսը դադարում է գոյություն ունենալուց, իսկ փոփոխականները` կախված ժամանակներից ու այլ պատճառներից, մշտապես տրանսֆորմացիայի են ենթարկվում, բայց դրանից էթնոսը ոչ թե վերանում է, այլ` կրելով որակական փոփոխություններ, ադապտացվում է նոր իրողություններին: Հաստատուն հատկանիշներն են լեզուն, պատմական հիշողությունը և ծագումնաբանական որոշակի ընդհանրությունը, մնացած բոլոր հատկանիշները փոփոխական են, նույնիսկ առաջին հայացքից անփոփոխ թվացող այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են օրինակ ազգային երաժշտական ավանդույթները, կամ ճարտարապետական ավանդույթները, կամ կրոնական պատկանելիությունը և այլն:

Այսինքն գեղագիտական ու բարոյական բոլոր տիպի, նույնիսկ դարերով ձևավորված, ավանդույթները փոփոխության ենթակա են: Օրինակ հայկական ավանդական ընտանիք ասածը, որը իր մեջ դեռ որոշակի չափաբաժինով պահպանում է նահապետական ընտանիքի բարոյական նորմեր, պարտադիր կերպով ենթակա է փոփոխության, դա ժամանակի պահանջ է, մեր ազգը պիտի ադապտացվի նոր ժամանակների հետ: Կամ հիմա շատ մոդայիկ է դարձել օրինակ համասեռամոլների թեման շահարկելը. շահարկողների մեծամասնությունը պնդում է, որ դա մեր ազգին բնորոշ չի, որ դա օտարածին երևույթ է, թշնամիների կողմից ներմուծված է և այլն. և որ դրա դեմը առնել է հարկավոր: Ասեմ որ դրա դեմը առնել հնարավոր չի, այդ երևույթը միշտ եղել է մարդկանց մեջ ու միշտ էլ կլինի, ու դա ազգային պատկանելիության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի. հայերի մեջ միշտ եղել են ու կլինեն համասեռամոլներ, դա ոչ ազգային որակ է, ոչ էլ ապազգային որակ է, դա ընդամենը մադկային որոշակի հոգեսեռական վիճակ է:

Իհարկե, տարբեր ժամանակներում ու տարբեր մշակույթներ տարբեր վերաբերմունք են ունեցել համասեռամոլության նկատմամբ, եթե նախաքրիստոնեական կամ նախաիսլամական աշխարհում դրան հանդուրժողաբար էին վերաբերվում, ապա քրիստոնեությունն ու իսլամը այդ երևույթին սկսեցին թշնամաբար վերաբերվել, ժամանակակից լիբերալ աշխարհը նույնպես հանդուրժողաբար է վերաբերվում, և եթե կան մարդիկ, որոնք դրա մեջ վատ բան են տեսնում և ուզում են ինչ որ կերպ պայքարել դրա դեմ, ապա մի խնդրանք ունեմ, ի սեր աստծո, գոնե դա ազգի որակների կամ հակաորակների հետ մի կապեք, դրանք բոլորովին ուրիշ հարթություններում են գտնվում:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X