Վերջին անգամ Փաշինյանի հետ եղել եմ ռեստորանում երեկ երեկոյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Նիկոլ Փաինյանի երեկվա հայտարարությւոնը, թե ուժեր կան, որոնք «ձև են անում, թե հեղափոխության առաջամարտիկ են, բայց ՀՀԿ-ի հետ քուչեքում, ռեստորաններում բանակցում են» իրենց չի վերաբերում։ Փաշինյանի այդ ակնարկը, ըստ Մարուքյանի, ուրիշին էր ուղղված, բայց չասաց, թե ում։

«Որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել, որովհետև կոնկրետ մեզ հետ կապ չունի հայտարարությունը, չի էլ կարող ունենալ, վերջին անգամ Փաշինյանի հետ եղել եմ ռեստորանում երեկ երեկոյան, երբ Վրաստանի վարչապետի պատվին ճաշ էր տրվում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Hraparak.am-ի հարցին՝ իսկ հանրապետականների՞ հետ երբ է եղել ռեստորանում, Մարուքյանն ասաց․ «Էլի ինչ-որ պաշտոնական ճաշի ժամանակ՝ ավելի շուտ»։ Հարցին՝ հակահեղափոխական ուժեր տեսնո՞ւմ է Հայաստանում, Մարուքյանն ասաց, որ հակահեղափոխական ուժեր ասելով ինքը միշտ հասկացել է այն ուժերը, որոնք նախկին ռեժիմի մաս են կազմել, այսինքն՝ ՀՀԿ-ն, որին այսօր միացել է նաև Ռոբերտ Քոչարյանը։

Մարուքյանն այնուհետև հիշեցրեց, որ իրենք միակ ուժն են եղել, որ պետք է դեմ քվեարկեն Սերժ Սարգսյանի վարչապետությանը՝ հազար ու մի բարիկադ անցնելով, և մինչև հիմա անմնացորդ աջակցում են Փաշինյանին ու նրա կառավարությանը։ Իսկ ո՞ւմ էր ուղղված վարչապետի այդ ելույթը, այդ դեպքում։ «Դա քարոզչական ելույթ էր, և կարող էր ուղղված լինել՝ ում որ ինքը նկատի ունի։ Հիմա ում որ նկատի ունի, բնականաբար, իրենք էլ գիտեն՝ ում նկատի ունի»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X