Ավագ բիձու, վարչապետի ստվերի ու մի քիչ էլ քարոզարշավի մասին

-Ինչ է, Ռեւազը փողն ուզում է՞… Չի կարող համբերե՞լ, աշնանը մեղրից, կարագից կտանք՝ էրեխեքը կուտեն:

-Է՛, Ավագ բիձի, էս ինչի՞ հետեւից ես… Հայաստանում բան է փոխվել, բան: Ընտրությունների ենք գնում: Հիմա բոլորին փող է պետք եւ` շատ: Օրինակ դուք, որ Ռեւազի ոչխարներն ուտում էիք, գիտեի՞ք, որ քաղաքից լեյտենանտը գալու է ու ձեզ մի լավ հարցաքննի: Գիտե՞ք, գոնե, թե նոր Հայաստանում ինչպես է կոչվում դա… Հակակոռուպցիոն պայքար: Ու էլ կապ չունի, որ դա ձեր Ռեւազն է, որ դուք կերել եք ձեր Ռեւազի ոչխարները, որ, իբր, պատրաստվում եք բնամթերքով «փակվել»: Դե թող նոր Հայաստանում Ռեւազն իրեն ճղի, թե ոչխար չի ունեցել: Փիե՛ե՛ե՛: Բա ԱԱԾ-ն քնա՞ծ է: Գիտե՞ք ինչքան նախադեպեր կան: Օրինակ, մարդ ու կնիկ ապրել են 20 տարի, հասկանալի է՝ երեխա են ունեցել, բան-ման… Շարունակե՞մ…

-Հա, հա…

-Ուրեմն էդ մարդը քաղաքականության հետ սեր է ունենում, բայց փող չի ունենում, որ քաղաքապետ դառնա: Ժողովուրդն էլ հավաքված է լինում, թե կաս` դու ես, չկաս` դու ես մեր քաղաքապետը: Հա, էն էլ ասեմ, որ էդ մարդը ժողովրդի պաշտելի վարչապետի ստվերն է լինում քաղաքի վրա (կներես, քաղաքի անունը չեմ կարող տալ): Բոլորը հիշում էին նրա քայլը, թե ինչպես մի անգամ բարձրացավ հրապարակում իրար վրա շարված «պադոնների» վրա ու 15 վայրկյանանոց մի կրակոտ ելույթ ունեցավ…

Ավագ բիձի ջան, կներես, հիմա անցնելու եմ ձեր ժամանակների մեկ այլ ֆիլմի: Օստապ Բենդերին ճանաչում ես, չէ՞: Ուրեմն ի՞նչ արեց Օստապ Իբրահիմովիչը: Նա իր խելքի եւ հնարամտության շնորհիվ կարողացավ ժամանակի կոռումպացված մի հաշվետարից` Կորեյկոյից, մեկ միլիոն շորթել: Եվ երբ միլիոնով ճամպրուկն արդեն իր առջեւ էր, խորհրդավոր հայացքով նայեց հանդիսատեսին եւ կեսժպիտ շշնջաց` կատարվեց ապուշիս երազանքը, ես հիմա միլիոնատեր եմ…

-Այ, դա իսկական կոռուպցիա է, թե չէ մեր արածն ի՞նչ էր, որ ԱԱԾ խառնվի: Երկու ոչխար…

-Հարցը ոչխարը չէ, Ավագ բիձի, հարցը երեւույթն է` կոռուպցիան: ՀՀ քաղաքացի Ռեւազը ոչխարը պահել է, մեծացրել, որ դուք թաքուն, առանց իրեն տեղյակ պահելու մորթե՞ք:

-Որ իմանայինք ում ոչխարն է, տեղյակ կպահեինք:

-Էլ դեմագոգիա մի արա, Ավագ բիձի:

-Ինչ չանե՞մ:

-Դեմագոգիա, դա էլ կոռուպցիայի կամ ավելի ճիշտ` կոռուպցիան թաքցնելու մի տեսակ է, եթե մեր օրերի բառապաշարով արտահայտվենք:

-Բա էն մարդն ի՞նչ եղավ, որ շատ էր ուզում քաղաքապետ դառնալ:

-Դեռ պարզ չէ, Ավագ բիձի: Դեռ ընտրություն պետք է տեղի ունենա, վարչապետն էլ ասել է` արդար ընտրություններ չանեք` գլուխներդ կպոկեմ:

-Յա՛ա՛ա՛…

-Հա, ասել է՝ ոչ մի կեղծիք, օրենքի ոչ մի խախտում, այլապես դա կհամարվի կոռուպցիա, եւ ես ձեզ կուղարկեմ սիբիրները, որտեղ, ի դեպ, կորավ նաեւ միլիոնատեր Օստապ Բենդերը` չհասնելով էն քաղաքը, անունը ո՞նց էր, թուու, լեզվիս ծայրին է…

-Հալեպը՞…

-Չէ, ի՞նչ Հալեպ… Հա, հիշեցի` Ռիո դե Ժանեյրո… Հիմա էդ քաղաքապետի թեկնածուն, որ, ինչպես ասացի, վարչապետի ստվերն է քաղաքի վրա, առաջ է ընկել քարոզարշավից ու տանն ինչքան նկար ունի, փակցրել է քաղաքում: Դու Ֆեյսբուք մտնում ե՞ս, Ավագ բիձի: Ամոթ էլ է ասելը` ֆիլմ են հանել, թե ինչպես են շները մոտենում, հոտոտում, չիշիկ անում նկարի կողքին ու շարունակում իրենց ճանապարհը:

-Էդ մարդը խայտառա՞կ է, ումնո՞նցից է:

-Ավագ բիձի, մի ժամ է` ասում եմ՝ նոր Հայաստան: Նորերից է, էլի, նորերից…

-Հա՛ա՛ա՛…

-Է՛, չեղավ, Ավագ բիձի, քնում ես…

-Ա չեմ քնում, է, ասա… Որեմն շունը եկաաավ, չիշիկ արեեեց…

Ավագը քնեց…

Բայց ես ասեմ` մամուլի ասուլիս եղավ այս շտապողականության առիթով, լրագրողները մի լավ նեղը դրին թեկնածուին, ասացին` ժամանակից առաջ ընկնելն ու քարոզչություն անելն օրենքի խախտում է: Սա հակառակվեց, թե` չէ, իմ դեպքում խախտում չէ, դա նախկինների դեպքում էր խախտում, որովհետեւ նրանք շատ փող ու լծակներ ունեին, իսկ ես չունեմ: Իմ դեպքում սա ընդամենը տեխնիկական հարց է: Բայց լրագրողներն էլ հո ապուշ չե՞ն: Սկսեցին տնտղել, ու դեռ մի լավ հուպ չտված` թեկնածուն «ծակվեց». «Քանի որ մենք պետք է հասցնեինք բոլոր պաստառները փակցնել, այդ ընկերությունը, որը սպասարկում է այս ամենը, սկսել է մեկ-երկու օր առաջ: Պաստառներ կան, որ ամսի 14-ին են փակցվել»: Ու այստեղ թագավորի տղեն մատը կծեց` բա ասում եք` փող չունեք: Այդ ընկերությունը, ինչ է, հոր խերի՞ է փակցնում ձեր հազարավոր պաստառները: Ու լրագրողները հիշեցին «կապույտ եզրաշերտով ափսեն», այն է` քաղաքի կենտրոնի բնակարան, բիզնեսներ, սերիալներ, գովազդներ... Բայց վերջը եկան այն եզրակացության, որ նույնիսկ բարեգործությունն ընտրակաշառք չէ, քանի դեռ քարոզարշավը չի սկսվել:

Ու պարզվեց, որ օրենքը հասկանում է միայն այդ թեկնածուն, իսկ մյուսները գլխի չեն ընկել, որ կարելի է քարոզարշավից մի քանի օր առաջ քաղաքը «զարդարել» իրենց նկարներով` ուշադրություն չդարձնելով մրցակիցների բողոքներին:

-Խիստ են բողոքո՞ւմ:

-Իյա, Ավագ բիձի՞, դու քնած չե՞ս…

-Չէ…

-Հա, բողոքում են մյուս թեկնածուները, բայց ի՞նչ: Ո՞վ կարող է վարչապետի ստվերի վրա կոռուպցիա բռնել: Կատակի են տալիս ամեն ինչ, տեղը եկած տեղը բողոքողին սպառնում, հայհոյում` մենք սպիտակ ենք, դուք` սեւ: Էդ թեկնածուն էլ քաղաքապետի գործից մի հասկացող լինի, կասեմ հա: Կոպիտ խախտումով իրականացրած նախընտրական մի հանդիպման ժամանակ հայտարարել է, թե թաղային խնդիրները թաղային հանրաքվեներով է լուծելու: Ինչպես ասում են` վարչապետի ստվերը վարչապետից հեռու չի ընկնում: Վարչապետը չասա՞ց, որ երկրի կառավարումն իրականացնելու է հրապարակով: Նույն բանն է: Այդպես է միշտ: Եթե խելքդ մի բանից չի հասնում, մնում է դիմես պոպուլիզմի:

-Ինչի՞…

-Պոպուլիզմի, Ավագ բիձի, պոպուլիզմի:

-Դա է՞լ է կոռուպցիա:

-Դժվար է ասել: Դա ավելի շուտ կոռուպցիայի թեթեւ տեսակ է, մանր խուլիգանություն:

-Ռեւազի գործի պե՞ս:

-Տո չէ, հա, Ռեւազի գործն ի՞նչ է որ: Ձեզ կարող է նույնիսկ չդատեն էլ: Ոչխար եք պահում, չէ՞:

-Հա:

-Ըհըըը, իսկը մեր վարչապետի ուզած մարդիկ եք, ձեզնից ի՞նչ պոպուլիստ: Պոպուլիստները քոքված, սուտասան մարդիկ են: Լսած կլինես, էն որ ասում են` Արաաամ, քեզ համար ամեն ինչ կարաաամ…

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X