Ձեռ ենք տվել՝ չորը կանաչացրել ենք

Երեկ քաղաքական ուժերը եւ հատկապես ԲՀԿ-ն թափով մտել են Երեւանի ընտրությունների քարոզարշավի մեջ։ Նուբարաշենում քաղաքացիների հետ հանդիպման էր գնացել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա իր ելույթը սկսեց հավաստիացումներով, որ ծանոթ են Երեւանի խնդիրներին ու գիտեն դրանց լուծումները, հետո անդրադարձավ իր՝ մինչ այս կատարած գործերին, որ սպորտսրահ ու եկեղեցի է կառուցել․ «Հարգելի, սիրելի նուբարաշենցիներ, առաջին հերթին ուզում եմ ի սրտե ձեր բոլորին ողջունել։ Ես չեմ ուզում երկար-բարակ, գեղեցիկ խոսել, այլ գիտեք, որ ես գործի մարդ եմ։ Մենք այսօր Երեւան քաղաքի արտահերթ քաղաքապետի ընտրությանը մասնակցում ենք մեր թիմով, տեղյակ ենք, ծանոթացել ենք պրոբլեմներին եւ խնդիրներին եւ դրանց լուծումներին։ Ես չեմ ուզում կրկնվեմ, ժողովուրդն արեւի տակ կանգնած, նորից կետ առ կետ ասեմ, ամենակարեւորը հինգ կետերն են։ Դա, ասենք թե, աղբահանությունն է, երթեւեկությունն ա, լիֆտերն են, բնակելի շենքերի կառուցումն է, որ դա պետք է երեւանցիների համար կառուցվի, եւ վթարային շենքերն են։ Կա խնդիրները, կա լուծումները։ Ես նորից եմ ասում՝ մենք գործի մարդ ենք, մենք ոչ մեկից էլ չենք նեղանալու՝ ձայնը մեզ տաք, մեզ չտաք։ Ոչ թե մենք պաշտոնի կարիք ունենք, այլ հիմնական խնդիրը, որ մենք կարող ենք անել, դա կարող ենք կազմակերպել ոչ թե խոսքերով, այլ մեր ապրածով, մեր արածով, մեր ճանաչված, մեր հարգանքով։

Մեզ մոտ եկել էին 38 քաղաքապետներ տարբեր երկրներից, քաղաքապետ կար, որ 28 միլիոն այդ քաղաքում բնակիչ կար։ Նայելով, քննարկելով, լսելով, տեսնելով եւ մեր մոտեցումներն ու առաջարկները, որ նրանք ողջունել են։ Այո, պետք է միայն հույսը դնես քո վրա, քո բյուջեի վրա։ Ո՞նց կարելի ա կազմակերպել, մեկը 2 դարձնել, պետք է լինի, որ դա քո սեփականն է, ոչ թե 5 միլիոն ծախսես, որ 1 միլիոն տանես, այլ հակառակը՝ 5 միլիոն ծախսելու համար պետք է քո գրպանից էլ դնես, որ 5-ը դառնա 8-10, ողջ ժողովուրդը դա զգա։ Այսօր ես ձեզ նորից եմ ուզում ասել, որ դուք իմացեք՝ մենք գործի մարդ ենք, մենք անուն ունենք, ճանաչում ունենք, հարգանք ունենք, ձեռագիր ունենք, արած գործ ունենք, որ ոլորտին մասնակցել ենք, ձեռ ենք տվել, չորը կանաչացրել ենք, կառուցել ենք, զարգացրել ենք, մրցունակ ենք դարձել աշխարհով մեկ»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X