Թալանն ու խաբոցին՝ պետական կենցաղ

Թալան ու բռնոցի։ Ահա ՀՀ-ի ձեռքբերումներն իր անցած ճանապարհին։ Արցախյան հերոսամարտում տարած հաղթանակները մեր ժողովրդի քրտինքով են ձեռք բերվել՝ դրանք ՀՀ-ի հետ կապ չունեն։ ՀՀ-ն էլ մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումն է եղել, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նույնպես։ Երբ ժողովուրդն իր գլխին դրեց իր պետությունը, պետության գլխին էլ դրեց նախագահներ, սկսվեց ժողովրդի տունը քանդվել, պետությանն էլ՝ հետը։ Մի խոսքով՝ ՀՀ իշխանությունը ձեռնամուխ եղավ իր ժողովրդի սպիտակ եղեռնին՝ նրան ստիպելով դիմել զանգվածային արտագաղթի։ Հետո եկան Նիկոլի ժամանակները։ Ժողովուրդը ոտքի ելավ։ Քանի որ արդեն ո՛չ պետություն էր մնացել, ո՛չ էլ գցելու եւ խլելու բան, Սերժն իշխանությունը թողեց Նիկոլին, մտքում ասելով՝ գնա, տեսնեմ ի՞նչ ես անելու «там, где Мамай хан прошел»։ Խեղճ ժողովուրդն էլ շունչը պահած սպասում է, թե իշխանությունը երբ է մեշոկներով փող ծննդաբերելու։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մենք պետականության գաղափարակիրներ չենք ունեցել։ Բոլոր այն երկրներում, որտեղ պետականության գաղափարակիրներ չեն եղել, իշխանությունը ձեռքից ձեռք է անցել, մինչեւ փլուզվել է տվյալ պետությունը։ Հիշենք մեր չուգունե դարը՝ սոցիալիստական անցյալը։ Քանի դեռ Ստալինը կար՝ իր մի զույգ սապոգով ու քսան տարվա շինելով, իշխանությունը բռի մեջ էր պահում․ տրեխավոր Ռուսաստանը, ունենալով ԽՍՀՄ-ի պես իմպերիա, համաշխարհային պատերազմում հաղթանակ տարավ ու միջուկային տերություն դարձավ։ Երբ Բրեժնեւի մոտ ծերունական մտավոր տկարություն սկսվեց, ԽՍՀՄ իշխանությունը վերածվեց տարբեր մաֆիաների։ Անդրոպովը բռնոցին սկսեց, բայց ԽՍՀՄ պոլիտբյուրոն ստավրոպոլյան մաֆիայի ղեկավար Գորբաչովին բերեց իշխանության գլուխ ու փլուզելով ԽՍՀՄ-ը՝ փրկեց իր մաֆիաներին՝ օտարադասելով պետականությունը։ Ռուս պետականության միակ «կրող» Ելցինը քիչ անց Ամերիկայի նախագահի առջեւ ուրախությունից թվիստ էր պարում։ Իսկ այդ ժամանակ հայոց նոր պետականության կրողները, պառկելով երկաթգծերի վրա, ՀՀ-ում պետական տնտեսությունն էին ոչնչացնում։

Եկան սեփական տնտեսության օրերը։ Ռուսաստանում իշխանավորները տնտեսությունն էին կիսում միմյանց միջեւ։ Նրանց կողմից իրենց պետականությունն արհամարհված էր։ Ռուսաստանի իշխանության թուլությունից օգտվելով՝ չեչեններն ուզում էին ազատվել Ռուսաստանից՝ լինելով նրա կազմում։ Իսկ հայերը, արցախյան հարցի լուծումը դայաղ անելով Ռուսաստանին, ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը տվեցին Ռուսաստանին՝ լինելով անկախ երկրի տերերը։ Տվեցին, որ զբաղվեն թալանով, քցոցիով ու խլոցիով։ Պուտինյան Ռուսաստանում կոռուպցիան միակ ուժն է, որի հաշվին նրա պետականությունը հարաբերականորեն կանգուն է մնում։ Հենց իշխանավորներին հետաքրքիր չեղավ իրենց աշխատանքը, միայն հայրենասիրությունն ու աշխատավարձը բավական չէ, որ նրանք պետություն ունենալու մեջ հետաքրքրված լինեն։ Իսկ դա նրանից է գալիս, որ Ռուսաստանում ռուսներ գրեթե չկան։ Ցարի կողմից երբ դեպի Եվրոպա «ֆորթուշկա» բացվեց, Ռուսաստանում ամեն ինչ սկսվեց փոխվել։ Դե տեսանք, թե ովքեր էին ռուս ազգային գաղափարաբանությունը ձեւավորողները։ Պուշկի՞նն էր ռուս, թե՞ Տոլստոյը։ Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող պետությունները երբ փորձում են, ընդօրինակելով ուրիշ երկրներին, իրենց մոտ ժողովրդավարություն հաստատել ու գնալ բաց հասարակություն ձեւավորելու ճանապարհով, նրանք Ռուսաստանի կողմից խիստ պատժվում են։ Ուկրաինան ու Վրաստանը՝ ձեզ օրինակ։ Այնպես որ, հայոց թագավոր Ռոբերտ Քոչարյանին նրա ծննդյան 6400-ամյակի կապակցությամբ շնորհավորանքի հրովարտակի էությունը պետք է ճիշտ հասկանալ՝ նրան Քոչարյանը չի հետաքրքրում, նա ամեն ինչ կանի հայերի պետականության առողջացումը կասեցնելու համար։ Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Պուտինը շատ լավ բարեկամություն կխաղա Նիկոլի հետ, ու հետո էլ կտեսնենք, որ նրա բարեկամությունը պատերազմից բեթար է։

Հիմա դառնանք այսօրվա մեր տնտեսաքաղաքական դարդուցավերին։ Հայաստանում անկախությունից հետո քցել, խաբել, թալանել է ով ում պատահի։ Պետբյուջեի կողմից ֆինանսավորվել են հարյուրավոր կեղծ գիտական ծրագրեր, պետական իշխանությունների աջակցությամբ տարբեր ձեռնարկատերերի կողմից խաբվել են հարյուրավոր արտասահմանյան ներդրողներ, արդարադատություն ընդհանրապես չի իրագործվել։ Այս ամենը, ինչ կազմակերպել են մեր իշխանությունները, համահունչ է եղել Ռուսաստանի տնտեսությանը։ Բոլորը մտածում են, որ Չինաստանի տնտեսական առաջընթացը պայմանավորված է չինացիների գիտատեխնիկական հնարամտությամբ։ Եկեք լավ նայենք աշխարհին։ Չինաստանը նախ մարդ է արտադրում՝ միլիարդներով, դեղին գույնի։ Այդ մարդիկ են չինականության կրողները։ Իշխանությունն ինչքա՞ն փալաս պետք է լինի, որ պետությունն իր ժողովրդին ստիպի արտագաղթել, երեխա ունենալու համար ծնողին վճարի ընդամենը մի տոպրակ փամփերսի փող, իսկ ծնողն այդ երեխային կերակրելու եւ մեծացնելու համար պետք է խոպանի ճամփեքը բռնի։ Ծովից ծով Հայաստանի հայկականության կրողները Մանվելի արջե՞րն են լինելու, թե՞ «Բարգավաճ Հայաստանի» արաբական ձիերը։ Հրազդանի ձորի ռեստորան-հասարակաց տներո՞ւմ, թե՞ «Նաիրիտ» գործարանի պատերի տակ են հայկականության կրողները ծնվելու։ Ամայացել են մեր լեռնային գյուղերը՝ եզդիների ոչխարների աչքը լույս։

Մենք Հայաստանի մտավորականությանը ոտքի ենք հանելու իշխանությունների կողմից ժողովրդի ամբոխացման դեմ։ Ամբոխավարությունը մերը չէ։ Ամեն անգամ ընտրարշավներով իշխանության եկած քաղաքական ուժերը թող այսօր ժողովրդին ցույց տան իրենց արածը, բացի խաբեությունից։ Նրանք իրենց խոստացած ոսկե սարերը թող կոխեն իրենց քամակները։ Դուք՝ այսօրվա իշխանաբաղձներդ, ձեր գրկում տասնյակ տարիներով պահել ու փայփայել եք ազգակործան իշխանություններին ու նրանց մասն եք կազմել։ Ձեր քաղաքական հայրենիքը Քոչարյանի ու Սերժի քամակն է եղել։ Եթե դպրոցի ուսուցիչը պետք է ստանա 40-50 հազար դրամ աշխատավարձ, թոշակառուն՝ 20-25 հազար դրամ, այսինքն՝ զուգարանի թղթի փող։ Այ փերեզակներ, ո՞ւր եք գալիս՝ ձեզ սպասողներ չկան, դուք նորից տրորելու եք ժողովրդին։ Մեր երկրի տնտեսությունը ձեր ձեռքով է կործանվել։

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, խիստ մտահոգիչ է։ Միայն բռնոցին տնտեսական ծրագիր չի կարող լինել։ Այս իշխանական հավանոցից խելքի ու պետականախոհեմության հոտ չի գալիս։ Ինչ-որ մեկը պատրաստվում է Հայաստանը նորից ինչ-որ մեկի զոհասեղանին դնել՝ ժողովրդին լոլո կարդալով։

Մեկ տարի է, ինչ ուսումնասիրում ենք Հայաստանի կենդանի մնացած ձեռնարկությունները՝ մեր եւ արտասահմանի գիտաարտադրական ձեռնարկությունների կողմից համագործակցության ծրագրեր առաջարկելու համար՝ տնտեսական գերեզմանոց, որտեղ քցող ու խաբող չարքերն են վխտում միայն։ Լրատվամիջոցները ծայրից ծայր լցված են «տարավ-բերեց»-ով։ Չկան հրապարակախոսական վերլուծություններ՝ մեր երկրի ու ժողովրդի արդի վիճակի մասին։ Մտածողները հոգնել ու հուսալքվել են, հասարակական կյանքը դարձել է անշուք ու տարտամ։ Կուսակցություն կոչվածը պետք է իր երկրի ժողովրդի սերուցքից իշխանություն ձեւավորի, ոչ թե լավ լեզվագործներից։

Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Գրավիտոն» գիտական կենտրոն

Մեկնաբանություն
X