Փաշինյանը չի հավատում ոչ Էրիկ, ոչ էլ Արթուր Գրիգորյանին

Ամուլսարի ոսկու հանքով միաժամանակ մի քանի մարմին է զբաղվում՝ բնապահպանության նախարարությունը, տեսչական մարմինը, տարբեր մասնագետներից կազմված աշխատանքային խումբը, առանձին գիտնականներ եւ իրավաբաններ, նույնիսկ՝ Գլխավոր դատախազությունը, որը քննում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստը, որի մասին ավելի վաղ ահազանգել էր բնապահպանական տեսչությունը: Բոլոր ուսումնասիրություններն ու քննությունները տեղի են ունենում բնապահպանների կոշտ ճնշման ներքո: Նրանք երկու ամսից ավելի փակ են պահում դեպի հանք տանող 4 ճանապարհները եւ կդադարեցնեն սարի պաշտպանությունը միայն այն դեպքում, եթե կառավարությունը վերջնականապես դադարեցնի ծրագիրը եւ օֆշորային «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությունը: Ընկերությունն այս իր հերթին դիմադրում է, սպառնում է դատի տալ ՀՀ կառավարությանը եւ իր կատարած 300 մլն դոլարի ներդրումը պահանջել երկրից, իրավապահներին է դիմում հանքավայրի տարածքից ոչ հեռու գտնվող Ջերմուկ քաղաքի եւ Գնդեվազ գյուղի բնակիչների դեմ՝ քաղաքացիներից պահանջելով փակ ճանապարհների արդյունքում իր կրած վնասների փոխհատուցում: Այսպես, «Լիդիան Արմենիա» ընկերությունը հուլիսին պահանջել էր քրեական գործ հարուցել Ջերմուկի բնակիչ, «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանի նկատմամբ:

Վազգեն Գալստյանը հայրենի բնության ամենաաննկուն «մարտիկներից» է: Ի՞նչ փուլում է «Լիդիանի» բողոքի քննությունը: Մեր հարցին Վազգենը պատասխանեց. «Ընթացքի մեջ է: Մենք շարունակում ենք պայքարել: Մեր համար կանգնած ենք: Բոլոր իրադարձությունները մեր շուրջ պտտվում են: Իրավիճակը սա է: Այս պահին ընդերքի պետական տեսչությունն իր աշխատանքն Ամուլսարում ավարտել է, եզրակացությունները ներկայացրել է կառավարությանը: Ենթադրում եմ, որ այդ եզրակացությունը Նիկոլ Փաշինյանը կարդացել է, հասկացել է, որից հետո նախարարին հանձնարարել է միջազգային փորձագետներ կանչել, նախարարն էլ կանչել է»: Ի՞նչ սպասելիքներ ունեք փորձագետներից, կա՞ն նրանց թվում գիտնականներ, որոնց ճանաչում եք: «Ոչ, չենք ճանաչում: Ամեն դեպքում մենք ո՛չ ակնկալիք ունենք, ո՛չ սպասելիք: Կլսենք լավ նորություն՝ կուրախանանք, չենք լսի՝ այստեղ կանգնած ենք»,- նշեց Վազգեն Գալստյանը:

Հիշեցնենք, որ բնապահպանական տեսչական մարմինը, որի ղեկավարն է բնության վաղեմի պաշտպան Արթուր Գրիգորյանը, օգոստոսի վերջին ավարտել էր Ամուլսարում ուսումնասիրությունները: Ընդերքօգտագործման տեղամասերում տեսչական մարմինը հայտնաբերել էր էկոլոգիական նոր գործոններ՝ կարմիրգրքային «Ապոլոն» անունով թիթեռ ու ոզնաթուփ մեխակ, եւ առաջարկել էր բնապահպանության նախարարությանը՝ ուժը կորցրած ճանաչել «Լիդիան Արմենիա»-ին տրված փորձաքննական եզրակացությունը՝ դադարեցնելով ընկերության գործողությունները: Սեպտեմբերի 9-ին, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նախարարությունն ուսումնասիրություն է կատարել, որը հերքում է այդ հատվածում նման թիթեռի եւ մեխակի առկայությունը, ինչով բնապահպանների դժգոհությունն է առաջացրել: Միջազգային փորձագետների խումբ հրավիրելու փաստը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չի հավատում ո՛չ Էրիկ Գրիգորյանին, որը նախարար է դարձել ԲՀԿ քվոտայով, եւ որին բնապահպանները մեղադրում են «Լիդիան Արմենիայի» հետ մերձ կապերի մեջ, ո՛չ էլ նախկինում ռադիկալ ակտիվիստ Արթուր Գրիգորյանին: Կառավարության հրավիրած միջազգային փորձագետների խումբը Հայաստան է ժամանելու սեպտեմբերի 17-ին: Այդ խմբում ներգրավվել են նաեւ տեղական փորձագետներ, որոնք արտասահմանյան մասնագետների հետ միասին կաշխատեն եւ նոր եզրակացություն կտան: Հիշեցնենք, որ Ամուլսարում ուսումնասիրություններ է կատարել նաեւ սփյուռքահայ քիմիկոս Հարրի Բրոնոզյանը: Նա եւ հայաստանյան գիտնականները պնդում են, որ հանքի շահագործման արդյունքում թթվային դրենաժ տեղի կունենա, որը կտեւի առնվազն 100 տարի, եւ Հայաստանի ջրային ռեսուրսները՝ Որոտանից ու Արփա գետից մինչեւ Սեւան, կապականվեն: «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս պահին դադարեցրել է աշխատանքը: «Ճանապարհները փակ են: Դուք տեսաք, որ նախարարը, փաստորեն, հերքեց, որ կան նոր էկոլոգիական գործոններ: Դրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել»,- հայտնեց ընկերության մամուլի պատասխանատու Աննա Սաղաբալյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X