Հայաստանը Սինգապուր չի դառնա

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նոր է վերադարձել Սինգապուրից, որտեղ փորձել է հասկանալ՝ հնարավո՞ր է սինգապուրյան հրաշք Հայաստանում։ «Հիմա եթե որեւէ մեկն ինձ հարց տա՝ արդյոք սինգապուրյան հրաշքը հարկային համակարգի առումով հնարավո՞ր է կիրառել Հայաստանում, ես միանշանակ կպատասխանեմ, որ ոչ»,- երեկ տխուր լուր հաղորդեց Անանյանը։ Ապա բացատրեց․ 2 շատ կարեւոր բան մեզանում ձեւավորված չէ։ «Առաջինը՝ պատերին փակցված այցեքարտերի վրա, օրենսդրության մեջ մի շատ կարեւոր նշանաբան ունի սինգապուրյան հարկային մարմինը, որը դարձել է համազգային նշանաբան՝ «մեր ազգը, մեր հարկերը»։ Այսինքն՝ հարկեր վճարելու պատրաստակամությունը թե՛ ազգային անվտանգության տեսանկյունից, թե՛ հայրենասիրության առումով համարվում է շատ կարեւոր մի իրադարձություն»։ Իսկ երկրորդը․ «Նրանց պրեզենտացիաների առաջին նախադասությունն սկսվում էր այսպես՝ մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները ճշգրիտ կերպով կատարում են իրենց հարկային պարտավորությունները։ Իսկ մեզ մոտ, ցավոք սրտի, ուրիշ նշանաբան ունենք․․․ որ բոլոր հարկ վճարողները որեւէ ձեւով ցանկություն ունեն խուսափել հարկերից։ Այդպիսի իրականություն այսօր ձեւակերպելը ցավալի է, բայց դա գալիս է ընդհանուր մշակույթի բացակայությունից»։ Անանյանին հիշեցրինք սինգապուրյան հրաշքի ամենակարեւոր գրավականը՝ քաղաքական կամքը՝ կտրել անգամ ամենամերձավորի ձեռքը, ով կփորձի գողանալ պետությունից։ Այդպես վարվեց հենց ինքը՝ «սինգապուրյան հրաշքի» հեղինակ Լի Կուան Յուն, ով անողոք պայքարեց կոռուպցիայի դեմ, որի առաջին զոհերը եղան իր մերձավորները։ Ակնկալվում էր, որ Հայաստանում էլ պետք է «հայկական հրաշք» տեղի ունենա՝ շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, բայց կարծես թե «նոր Հայաստանում» շարունակվում են հին ավանդույթները, երբ, օրինակ, մաքսազերծում են իրականացնում բարձրաստիճան պաշտոնյաների զանգերով։

Անանյանին հարցրինք՝ «հայկական հրաշքը» ե՞րբ է տեղի ունենալու։ «Այն ժամանակ, երբ մեր ներսում հաղթահարենք այդ մեր, այսպես ասած, բարդույթները։ Մենք ինքներս մեր ներսում մինչեւ հեղափոխություն չանենք, մինչեւ որ չիմանանք, որ հարկեր վճարելը, կոռուպցիոն մեխանիզմների մեջ չթաթախվելը կամ կաշառակերությամբ չզբաղվելը ոչ թե հերոսություն է, այլ պետք է դառնա սովորական վարքագիծ, մինչեւ դրան մենք չհասնենք, հեղափոխության մասին հնարավոր չէ խոսել»,- նորից հուսահատեցրեց Անանյանը։ Ինչ վերաբերում է զանգերին, ասաց, որ ինքը նման բան չգիտի, եւ խնդրեց, որ իրեն ներկայացնենք հստակ օրինակներ։ ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցինք «Նորֆոլկ քոնսալթինգի» լուծարումից հետո մաքսազերծումների ոլորտում առաջացած վիճակի մասին՝ արդեն դժգոհություններ կան, որ մաքսազերծման գներն ավելացել են։ Նախորդ շաբաթ էլ «Առինջ մոլի» առեւտրականներն էին բողոքի ցույց անում կառավարության դիմաց։ Անանյանն ասաց, որ «Նորֆոլկին» փոխարինող ընկերություն չի լինելու, մաքսազերծումներն արվելու են պետական մարմնի հետ ուղիղ կապի միջոցով։ Դրա համար ՊԵԿ-ում ձեւավորել են 2 նոր բաժին՝ ձեւակերպումների եւ հաշվառման, որտեղ կաշխատի 27 մարդ, եւ որոնք կօգնեն մաքսազերծում իրականացնել։ Բայց այդ 27 հոգին քիչ են, եւ արդեն հերթեր են գոյանում մաքսատներում։ Ինչ վերաբերում է գների աճին, Անանյանն ասաց, որ նրանք, ովքեր դժգոհում են, թե գներն ավելացել են, իրենք հաշվում են նաեւ բեռնափոխադրումների հետ կապված ծախսերը մաքսազերծման մեջ, մինչդեռ բեռնափոխադրումներն իրենց հետ կապ չունեն։ Հետո ավելի բաց ասաց, որ մաքսազերծման գների բարձրացում, այո, տեղի ունեցել է եւ դեռ սպասվում է։

«Մենք հայտարարել ենք, որ մաքսային ձեւակերպումները լինելու են օրենքի սահմաններում, այսինքն՝ ըստ տեսականու։ Մենք ասել ենք, որ ժամանակավորապես կարող է լինել կիլոգրամով գանձելու այլընտրանքային մեխանիզմ, որն անձն ինքն է ընտրում, եւ կիլոգրամի դիմաց գանձվող գումարի որոշակի բարձրացումներ ենք մենք նախատեսել։ Բայց մենք այնպիսի գումար ենք առաջարկել, որի պայմաններում կարողանալու ենք ապահովել ըստ տեսականու մաքսային ձեւակերպումները»։ Այսինքն՝ հարկերի փոքր ավելացմամբ ուզում են ապահովել թափանցիկ դաշտ։ Իսկ հնարավոր չէ՞ր այնպիսի մեծանիզմ մշակել, որ ապահովվեր ե՛ւ թափանցիկ դաշտը, ե՛ւ գները չբարձրանային։ Ի վերջո, կա մաքսազերծման գործընթացի պարզեցման խնդիր, իսկ ըստ տեսականու մաքսազերծումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը։ Նման փորձերը նախորդ իշխանությունների օրոք հանդիպեցին դիմադրության, կիլոգրամով մաքսազերծումը, ամեն դեպքում, շատ ավելի պարզ մեխանիզմ է։

Ի պատասխան՝ Անանյանն ասաց, որ համաձայն է, բայց․ «Եթե բոլորս սպասում էինք, որ «Նորֆոլկի» գործառույթները դադարեցնելու հենց հաջորդ օրը մենք կարողանալու էինք շատ ավելի լավ գործել, դա թյուր կարծիք է։ Չէ՞ որ մենք ինքներս էլ ենք սովորում»։ Դրա համար էլ հիմա առաջարկել են այլընտրանքային տարբերակ՝ կիլոգրամներով մաքսազերծում, որ անցումային փուլ ապահովեն։ «Հարկերի նվազեցում հնարավոր չէ, որովհետեւ զրոյից ներքեւ մենք չենք կարող նվազեցում կատարել, իսկ իրենց վճարած հարկերը մենք բնորոշում ենք որպես զրոյից ներքեւ վճարած հարկեր»,- եզրափակեց Անանյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X