ՊՈԱԿ-ների և հիմնադրամների դեմ հերթական պատերազմն են սկսում

Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՊՈԱԿ-ների, հիմնադրամների եւ ԾԻԳ-երի կրճատման մասին: Թեման բարձրացրել է գործարար Ռուբեն Վարդանյանը: Նա դժգոհել է, որ Փաշինյանը որոշել է դադարեցնել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը: Վարդանյանն այս հիմնադրամի հինադիրներից է: Այն ստեղծվել է 2016 թ․ դեկտեմբերին եւ կոչված էր տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ներդրումային ծրագրեր, բարեփոխումների փաթեթներ մշակելուն: «Դա այն հարթակն է, որտեղ ձեւավորվելու են մեր տեսլականը, մեր հորիզոնները, թե ոնց ենք պատկերացնում մեր երկրի տնտեսության զարգացումն ըստ ոլորտների, մակրոցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ներդրումների եւ այլն»,- ասում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կենտրոնի մասին: Բայց վարչապետ Փաշինյանը գտնում է, որ այս կենտրոնը 2 տարի հայտնի չէ, թե ինչով է զբաղված: «Ես վարչապետ եմ դարձել ու տեսել, որ ՀՀ-ում նախարարություններին զուգահեռ կան այլընտրանքային պետական համակարգեր՝ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, եւ իրականացնում են այն գործառույթները, որոնք պետք է իրականացնեն նախարարությունները: Եվ այդ մարդիկ ստանում են վարչապետից, նախագահից բարձր աշխատավարձեր, բայց երբ կանչում հարցնում ենք՝ ի՞նչ եք արել, պարզվում է՝ ոչինչ: Մեր պետական համակարգն ունի էլիտար եւ ոչ էլիտար մաս, եւ այդ երկուսին միավորում է մեկ բան՝ երկուսն էլ ոչինչ չեն անում: Պարզապես մի մասը ոչինչ չանելու համար բարձր աշխատավարձ է ստանում, մյուս մասը՝ ցածր: Ես ասում եմ՝ դադարեցնում ենք սա»,- ասել է Փաշինյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, ԾԻԳ-երը, հիմնադրամներն ու ՊՈԱԿ-ները չի կարելի նույն կոնտեքստում դիտարկել, քանզի ՊՈԱԿ-ներ են նաեւ բոլոր դպրոցները․ դրանք պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են։

Վարչապետի խոսնակ Արման Եղոյանին խնդրեցինք պարզաբանել՝ արդյոք բոլոր ԾԻԳ-երը, հիմնադրամներն ու ՊՈԱԿ-նե՞րն են փակվելու: «Ոչ թե փակվելու, այլ կրճատվելու են: Պետական կառավարման մարմինների հաստիքացուցակները գերծանրաբեռնված են: Կան հաստիքներ, ստորաբաժանումներ, որոնք կրկնում են այլ մարմինների գործառույթները: Այդ մարմինները կրճատվելու են: Սա վերաբերում է ԾԻԳ-երին, ՊՈԱԿ-ներին, հիմնադրամներին: Սակայն խոսքը դրանք վերացնելու մասին չէ: Օրինակ, Ազգային պատկերասրահն էլ է ՊՈԱԿ, հո չե՞նք փակելու պատկերասրահը»: Ըստ վարչապետի խոսնակի, «ոչինչ չանող» կառույցները վերացնելու վերաբերյալ իրավական ակտ չկա, եւ բուն գործընթացը դեռ չի սկսվել: «Սա առայժմ քաղաքական որոշում է: Պետք է հասկանալ, թե պետական հիմնարկներից ով ինչով է զբաղվում, ինչ ֆունկցիաներ է կատարում, ու եթե կան նույնանման գործառույթներ ունեցող մարմիններ, դրանք պետք է կա՛մ միավորել, կա՛մ փակել, որ այնպես չլինի, թե, ասենք, երեք պետական կազմակերպություններ կատարեն նույն դերը եւ աշխատավարձ ստանան բյուջեից»,- ասաց Եղոյանը: ՊՈԱԿ-ների ղեկավարները հնարավոր կրճատումների մասին ընդամենը լսել են: Սոցապահովության համակարգում գործող «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ տնօրեն Արման Սարգսյանն ասաց, որ կրճատման հարց օրակարգում չունեն: «Եթե կարծիք եք հարցնում, ապա կարող եմ ասել, որ դա բազմապրոֆիլ խնդիր է: ՊՈԱԿ-ն ընդամենը իրավակարգավիճակ է: Կան տարբեր ՊՈԱԿ-ներ՝ այնպիսիք, որ արդյունավետ են աշխատում, ու նաեւ այնպիսիք, որտեղ կա արդյունավետության բարձրացման խնդիր»: Այս ՊՈԱԿ-ը, ըստ տնօրենի, 2 գործառույթ է իրականացնում՝ հետազոտություններ եւ վերապատրաստում: «Հետազոտությունների նպատակն է՝ բացահայտել խնդիրներն ու քաղաքականություն մշակող մարմնին հուշել հնարավոր լուծումները»: Այդ հետազոտությունները նախարարությունը չի՞ կարող անել: «Հետազոտություններ կարող են անել նաեւ անհատ հետազոտողները, խնդիրն այն է, որ կա հասկանալի ընթացակարգ: Որպես ազգային ինստիտուտ՝ մենք խնդիրները հետազոտում ենք եւ ներկայացնում ենք հաջորդ տարվա պլանավորման մասով: Օրինակ, այս տարի հետազոտություն ենք անում կրթության եւ աշխատաշուկայի կապի վերաբերյալ: Մինչեւ սեպտեմբերի վերջ պետք է ավարտենք: Բացահայտել ենք, որ շատ աշխատատեղեր կան միջին մասնագիտական օղակում: Հաջորդ տարվա մասնագիտությունների գծով տեղեր իջեցնելուց մեր հետազոտության արդյունքները հաշվի կառնեն»:

Բայց նմանատիպ խնդիրներով միայն դո՞ւք եք զբաղվում: «Այո, մենք տարեկան 8-9 հետազոտական թեմա ունենք, 700 մարդ վերապատրաստում ենք: Նաեւ ծրագրեր ունենք սոցիալական պաշտպանության ոլորտում, ուսումնասիրում ենք, թե ինչ նոր ծրագրեր կարող ենք իրականացնել։ Օրինակ, սննդի, պարենի ծրագիրը, որը ներառված է նախարարության ծրագրերում: Այս ձեւով ու սկզբունքներով մենք ենք միայն աշխատում»:

Պարզ է, որ ոչ մի կառույցի տնօրեն չի ընդունի, որ իր կառույցն ավելորդ է: Դրա համար պետք են թվեր, փաստեր, միջոցների անարդյունավետ ծախսի ապացույցներ, որպիսիք վարչապետներից ոչ մեկը չի ներկայացրել: Ինչպես հիշում ենք, ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, ավելորդ կառույցների դեմ պայքարում էր նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ապրիլյան պատերազմից հետո նա հայտարարեց անցում խնայողության խիստ ռեժիմի․ կրճատվում էին գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն: Սակայն կոսմետիկ բնույթի էին: Դուրս էր գրվում հնամաշ ավտոպարկը, որից այսպես՝ թե այնպես պետք էր ազատվել: Կարեն Կարապետյանը նույնպես հայտարարում էր օպտիմալացման մասին: ՊՈԱԿ-ներ էր փակում՝ դրանք անվանելով «բալաստ», ինչպեսեւ դպրոցներ: Փոխարենը ստեղծում էր հիմնադրամներ՝ ոչ պակաս ուռճացված աշխատակազմով, որոնք ահռելի գումարներ էին տանում պետբյուջեից եւ ունեին զրո ՕԳԳ: Այժմ Նիկոլ Փաշինյանն է օպտիմալացում նախաձեռնել: Այս հարցում որոշ թերահավատությունը կարող էր չլինել, եթե նա սկսեր կառավարության խորհրդականների եւ օգնականների հաստիքները կրճատելուց, այլ ոչ թե ամեն օր մի նոր օգնական ընդունելուց։ Իսկ եթե որոշեր, որ այսինչ մարմինը պետք է փակել, ապա այդ որոշումը լիներ պատճառաբանված եւ հասկանալի, ինչը չեղավ Ռուբեն Վարդանյանի կառույցը փակելու դեպքում:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X