«Հրապարակ». ՀՀԿ-ի էմիսարները գործի են անցել

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ամբողջ թափով եւ մեծ ֆրոնտով գործի է անցել, բայց առավելապես՝ արտաքին քաղաքական դաշտում։ Վերջին օրերին Բրյուսելում գտնվող Արմեն Աշոտյանն ինտենսիվ հանդիպումներ է ունենում եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ներկայացնելով նոր իշխանությունների բոլոր «այիբներն ու կիքսերը» եւ եվրոպական միտքը տրամադրելով Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հատկապես շեշտը դրել է երկրում սահմանադրական կարգի, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտում խախտումների վրա։ Այս զրույցների արդյունքում ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլն իր ՖԲ էջում գրել է. «Չնայած նրան, որ Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաեւ ուշադիր կերպով հետեւենք Արեւելյան հարեւանությունում տեղի ունեցող իրադարձություններին:

Այս առնչությամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին եւ լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը եւ օրենսդիր մարմնի անկախ լինելը: Քաղաքացիական դրսեւորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»: Հանդիպումների բնույթը չի թաքցրել նաեւ Աշոտյանը՝ իր էջում գրելով․ «Այսօր ԵԺԿ գլխակայանում հանդիպել եմ ԵԺԿ նախագահ Ժ․ Դոլի հետ: Նրան եմ ներկայացրել Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաեւ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին»:

Մեկնաբանություն
X