Ջայլամի քաղաքականություն

Պարզվում է՝ ողջ հայ հանրությունը գիտի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի տեղը՝ գոնե թե որ պետության տարածքում է նա գտնվում, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը չգիտի։ Մենք մի քանի հարց էինք ուղղել դատախազությանը՝ պարզելու համար, թե ինչ են պատրաստվում անել մեղադրյալ Միքայել Հարությունյանին գտնելու եւ Հայաստան բերելու համար եւ ինչպես են վերաբերվում այն փաստին, որ նա ՌԴ քաղաքացի է, եւ Ռուսաստանը հրաժարվել է կատարել ՀՀ իրավապահների պահանջն ու արտահանձնել նրան։ Մենք հասկանում ենք, որ դատախազությունը հայտնվել է երկու քարի արանքում՝ քաղաքականության եւ իրավաբանության, բայց այդ փակուղին պատճառ չէ անհեթեթ պատասխաններ ուղարկելու համար։ Իսկ դատախազության պատասխանից հասկացանք, որ 2008թ. մարտի 1-2-ի գործով մեղադրյալ, հետախուզվող Միքայել Հարությունյանը «դեռեւս չի հայտնաբերվել, վերջինիս վերաբերյալ հանձնման գործընթաց չի սկսվել, ինչպես նաեւ հիշյալ քրեական գործով չեն ստացվել փաստական տվյալներ Միքայել Հարությունյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ»:

Վարույթն իրականացնող մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը, պարզվում է, այդ ամենը պարզելու համար ձեռնարկել է «համապատասխան միջոցներ»: Հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ իրավական լուծումներ կան Միքայել Հարությունյանին ՀՀ իրավապահ մարմիններին ներկայացնելու համար։ Այս հարցին էլ է դատախազությունը ցնցող պատասխան տվել․ «Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին ՀՀ իրավապահ մարմիններին ներկայացնելու համար համապատասխան իրավական լուծումների մասին հարցին, ապա վերջինիս հանձնման գործընթացը, ՀՀ օրենսդրությանը եւ ՀՀ միջպետական պայմանագրերին համապատասխան, կնախաձեռնվի Միքայել Հարությունյանի հայտնաբերման դեպքում»։

Մեկնաբանություն
X