ՊՆ նախկին նախարարի՝ այլ պետության քաղաքացի լինելու վերաբերյալ դեռ չունեն փաստական տվյալներ

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներկայացած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն առ այսօր չի ներկայացել իրավապահ մարմիններին։ Միաժամանակ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը բացահայտեց, որ պաշտպանության նախկին նախարարը ոչ թե ՀՀ քաղաքացի է, այլ՝ ՌԴ-ի։ Այս փաստը հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու նոր անհրաժեշտության առջեւ է կանգնեցնում մեր իշխանություններին եւ հասարակությանը։ ՀՀ դատախազությանը ուղղել էինք մի քանի հարցեր՝ պարզելու, թե ինչ քայլեր են պատրաստվում անել մեր իրավապահ մարմինները Միքայել Հարությունյանի նկատմամբ։

«Ըստ ռուսական «Ինտեֆաքս» գործակալության՝ ՌԴ իրավապահ մարմինները Միքայել Հարությունյանին արտահանձնելու ՝ Հայաստանի իրավապահ մարմինների դիմումը մերժել են հիմնավորելով , որ Հարությունյանը 2002 թվականից ՌԴ քաղաքացի է։ Արդյո՞ք դա միայն տվյալ գործակալության հաղորդագրությունն է, թե՞ պաշտոնապես են ՌԴ իրավապահ մարմինները մերժել Հայաստանի իրավապահ մարմիններին» մեր հարցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից արձագանքել են․ «2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում նույն գործով մեղադրյալ, հետախուզվող Միքայել Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել, վերջինիս վերաբերյալ հանձման գործընթաց չի սկսվել, ինչպես նաև հիշյալ քրեական գործով չեն ստացվել փաստական տվյալներ Միքայել Հարությունյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ: Նշված հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ»:

Հարցին, թե շարունակվելո՞ւ է նրա նկատմամբ միջպետական հետախուզումը, մեզ պատասխանել են»։ Հիշյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից Միքայել Հարությունի Հարությունյանը 2018թ. հուլիսի 3-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում, որի դադարեցման վերաբերյալ որոշում չի կայացվել»։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե Ըստ ՀՀ-ՌԴ փոխգործակցության պայմանագրի՝ իրավական ի՞նչ լուծումներ կարելի է գտնել Միքայել Հարությունյանին Հայաստանի իրավապահ մարմիններին ներկայացնելու համար։ "Ինչ վերաբերվում է Միքայել Հարությունյանին ՀՀ իրավապահ մարմիններին ներկայացնելու համար համապատասխան իրավական լուծումների մասին հարցին, ապա վերջինիս հանձման գործընթացը, ՀՀ օրենսդրությանը և ՀՀ միջպետական պայմանագրերին համապատասխան, կնախաձեռնվի Միքայել Հարությունյանի հայտնաբերման դեպքում»,-մեր հարցին արձագանքել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ինչ վերաբերում է այն հարցին, որ ՌԴ-ն իր տարածքում դադարեցրել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը, ապա ՀՀ դատախազությունից հրաժարվեցին մեկնաբանել։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X