Պուտինի նվերն Ալիեւին

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ՌԴ պետդումայի աղբյուրը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ին Բաքու կայցելի Ռուսաստանի նախագահ Պուտինը: Ըստ այդմ, նա Ադրբեջանի նախագահի հետ «կհղկի այն հարցերը, որոնք չեն համաձայնեցվել Սոչիի հանդիպմանը»: Ըստ երեւույթին, Ռուսաստանում մեծ կարեւորություն են տալիս Ադրբեջան Պուտինի առաջիկա այցին:

Դա է վկայում տեղեկատվությունը, որ սեպտեմբերի 9-ին մերձմոսկովյան Լյուբերեցկի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է թալիշական շարժման առաջնորդներից մեկին՝Ֆահրեդին Աբասզադեին: Վերջինս Ադրբեջանից Ռուսաստան է վտարանդել 1994թվականին եւ այդ պահից գտնվում էր հետախուզման մեջ: Լյուբերեցկի քաղաքային դատարանն Աբասզադեի հանդեպ խափանման միջոց է ընտրել մեկամսյա կալանքը, որի ընթացքում պետք է որոշվի նրան Ադրբեջանին արտահանձնելու հարցը: Հայտնի չէ՝ Աբասզադեն Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի կամ այլ երկրի քաղաքացի է:

Եթե նա ՌԴ քաղաքացի է եւ այդ կարգավիճակով է արտահանձնվելու Ադրբեջանին, ապա չի՞ խախտվում Ռուսաստանի օրենքը, որն արգելում է քաղաքացուն արտահանձնել: Հավանական է, որ Աբասզադեի ձերբակալությունը Պուտինի ժեստն է Ալիեւին, իսկ հարցի լուծումը պայմանավորված կլինի Ալիեւ-Պուտին բանակցությունների արդյունքներով:

Մեկնաբանություն
X