Ես Հանրապետական չեմ եղել. Ներքին Գետաշենի համայնքապետ

Հոկտեմբերի 21-ին Գեղարքունքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում գյուղապետ կընտրեն: 15 տարին համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Կարո Գեւորգյանը չի պատրաստվում աթոռը զիջել, այս անգամ կրկին կառաջադնի իր թեկնածությունը: Մեզ հետ զրույցում Գեւորգյանը մատնաշեց իր կատարած աշխատանքները եւ կարեւորեց, որ իր պաշտոնավարման տարիներին գյուղի բնակչությունը ավելացել է 2000-ով. «2 նախակրթարան եւ 1 մանկապարտեզ է բացվել գյուղում: Խմելու ջուր ունի համայնքը, 14 թաղամաս ենք ասֆալտապատել, գյուղի 80% ունի գիշերային լուսավորություն: Իսկ ամենակարեւոր ձեռքբերումը այն է եղել, որ իմ աշխատած տարիներին բնակչության քանակը ավելացել է 7500-ից՝ դառնալով 9100»:

-Պարո՛ն Գեւորգյան, աշխատատեղեր եք բացե՞լ:

-Ո´չ, գազաֆիկացումը, խմելու ջուրը ժամանակին հասցնելու միջոցով կարողացել ենք երիտասարդ ընտանիքներին պահել գյուղում:

-Գյուղից արտագնա աշխատանքի գնո՞ւմ են, թե՞ բավարավում են միայն հողագործությամբ ու անասնապահությամբ:

-Իհարկե գնում են, մոտ 3000 գյուղացի սեզոնին գնում, աշխատում են:

-Որքա՞ն աշխատավարձ եք ստանում: Ի՞նչ բիզնեսներ ունեք:

-320 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, էդպիսի բիզնեսներ չունեմ, մի հատ խանութ ունենք, դա էլ եղել է, երբ ես գյուղապետ դեռ չէի:

-ՀՀԿ-ի անդամ եք, հրաժարվե՞լ եք ձեր կուսակացությունից:

-Ես Հանրապետական չեմ եղել, որ հրաժարվեն:

-Մարզպետարանի կայքում գրված է, որ դուք ՀՀԿ անդամ եք:

-Ինչ գրում են, դա իրենց խնդիրն է:

-ՀՀԿ-ի համար չեք աշխատե՞լ:

-Իհարկե աշխատել եմ, ուրիշ տարբերակ կա՞ր: Ով էլ որ լինի իշխանություն, իմ գյուղի շահը պահանջում է, որ ես իշխանության հետ քայլեմ:

-Մամուլում գրվեց, որ Դուք գյուղը դարձրել եք ձեր սեփական «դուքյանը», եւ «չալաղաջ» պաշտոններ եք տվել բարեկամներին: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ճիշտ չի, ինչ գրել էին, սուտ է: Մեր մանկապարտեզի տնօրենը ոչ թե իմ հարսն է, այլ մեր դպրոցի նախկին տնօրենն է: Որ գրել են հորս բարձր աշխատավարձով աշխատանքի եմ տեղավորվել, ասեմ, որ հայրս ազատամարտիկ է, 2-րդ կարգի հաշմանդամ, չի աշխատում, հիվանդ է:

-Դատական տեղակատվական համակարգում 100-ից ավելի դատական գործեր կան գյուղապետարանի դեմ, գյուղացիները ինչո՞ւ են դատի տվել գյուղապետարանին:

-Գյուղացիները հող են առել 2001թվ.-ին նախկին գյուղապետի օրոք: Իմ աշխատած ժամանակահատվածում, մոտ 900 ընտանիքի հողակտոր են տվել անհատույց եւ աճուրդով ու այդ հիմքերը նախկին գյուղապետարանի աշխատակիցները ոչնչացրել էին ամբողջությամբ: Դրանից հետո 600 բնակիչ դիմել է դատարան եւ իրավունք ձեռք բերել նշված հողակտորի նկատմամբ: Դա է, որ այդքան դատական գործեր կան:

-Առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը, ունե՞ք մրցակից:

-Ամեն ընտրություններին ունեցել եմ մրցակից, հիմա դեռ խոսակցություններ չկան այլ թեկնածուի մասին, իսկ ես թեկնածությունս կդնեմ:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում հեղափոխությունից հետո կրքերը չէին հանդարտվում։ Բնակիչները հեղափոխությունից հետո պահանջում էին ՀՀԿ-ական գյուղապետի հրաժարականը։ Վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարական տալ՝ հայտարարելով, որ ինքն ընտրված գյուղապետ է, և իրեն ոչ մեկ չի կարող գործից հանել։ Գևորգյանը հեղափոխության օրերին ամենաակտիվ ցույց ցրողն է եղել ու ճնշել գյուղում բողոքի ակցիաները։

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X