«Սանիթեք»-ը եւս մեկ անգամ տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար

«Սանիթեք» ընկերությունը եւս մեկ անգամ տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար:

Այս առնչությամբ, քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Երեւանի քաղաքապետարանի եւ «Սանիթեք» ընկերության միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. օգոստոսին իրականացված հսկողության արդյունքում պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» եւ սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում եւ սահմանված կարգով օգոստոս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.967.739 դրամի չափով:

«Սանիթեք» կազմակերպությունը ներկայացրել է իր առարկությունները թողարկված ծանուցագրերի վերաբերյալ, առ այն, որ ձախողումները պայմանավորված են նաեւ օբյեկտիվ հանգամանքներով. տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է աղբավայրի անհրաժեշտ պայմանների բացակայությամբ պայմանավորված աղբատար մեքենաների վնասմանը, աղբամանների մեծ քանակով այրմանը եւ վնասմանը եւ այլն:

Անկախ վերը նշված խնդիրների օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելու հանգամանքից, գիտակցելով նման ծառայությունների օրական անխափան մատուցման կարեւորությունը, Երեւանի քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցներ՝ աջակցելու «Սանիթեք» ընկերությանը՝ ծառայությունների ընթացքը բնականոն հուն վերադարձնելու համար, բանակցում է «Սանիթեք» ընկերության հետ վնասված մեքենամեխանիզմների եւ աղբամանների փոխարինման նպատակով լրացուցիչ ներդրումներ անելու վերաբերյալ, իսկ իրավիճակը հնարավորին սեղմ ժամկետում չշտկելու դեպքում Երեւանի քաղաքապետարանը կձեռնարկի պայմանագրով նախատեսված առավելագույն պատասխանատվության միջոցները, որը, սակայն, կպահանջի որոշակի ժամանակ եւ ընթացակարգ` ծառայությունների առանձնահատկություններով պայմանավորված աղբահանության անընդհատությունն ապահովելու համար:

Մեկնաբանություն
X